“Թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ճաշակի այն” Ամերիկաբնակ Ֆլորա Աղաբաբյանն իր “ամերիկյան երազանքի” հետքերով առաջ է շարժվում: Հրուշակագործ-դիզայները տորթերի միջոցով իր երեւակայությունն է արտահայտում, ինչն էլ գնահատվում է ամերիկացի հաճախորդների ու պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Ֆլորան հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում անցկացվող հարսանյաց տորթերի` “Grand National Wedding Cake” մրցույթում: BRAVO.am-ի հետ օնլայն զրույցում մեր հայրենակիցը նշել է՝ երբեւիցե չի պատկերացրել, որ Միացյալ Նահանգներում կհասնի այնպիսի հաջողության, որ հայկական լրատվամիջոցները կխոսեն իր մասին:): Հարսանյաց տորթերի ամենամյա մրցույթին, ինչպես ասել է Ֆլորան, երկու անգամ է մասնակցել եւ ոսկուց պատրաստված մրցանակներ ստացել. “2009-ին փոքրիկ բացթողման պատճառով 2-րդ տեղը գրավեցի, իսկ ահա 2010-ին կարողացա հաղթել:)”: “Ամեն տարի երկրի տարբեր մասերից մոտ 100 տորթ ձեւավորող գալիս են Օկլահոմա նահանգ՝ մասնակցելու այս մրցույթին: Նախօրոք թեման տալիս են, որ մասնակիցները կարողանան պատրաստվել: Տորթերը բերում են համարյա վերջացրած վիճակում. երկու օր ժամանակ են տալիս, որ վերջացնենք մեր աշխատանքը: 4-ից 5 դատավոր նայում, դատում են աշխատանքները եւ գնահատում յուրաքանչյուր մասնակցի տորթը”, - պատմել է տորթերի դիզայները: “Ամերիկացիների կարծիքով` Հայաստանը լի է տաղանդավոր մարդկանցով”. Ֆլորա Ֆլորա Աղաբաբյանը Հայաստանից մեկնել է 2000 թվականին, ընտանիքի հետ հաստատվել ԱՄՆ-ում: Սկզբում աշխատել է Հյուսիսային Հոլիվուդի “Black Jack” մարկետում, հետո 5 տարի աշխատել Լաս Վեգասի “Bellagio” հյուրանոցում, 2007-ից մինչ օրս աշխատում է “Wynn” հյուրանոցում: Այժմ նա ընտանիքի հետ բնակվում է Լաս Վեգասում. “Այստեղ շատ հայեր կան, բայց ես քչերին եմ ճանաչում: Ամերիկացիները տեղյակ են Հայաստանի մասին, նրանց կարծիքով՝ Հայաստանը լի է տաղանդավոր մարդկանցով:)”: Տորթեր ձեւավորելը մանրակրկիտ ու ժամանակատար է, ինչպես Ֆլորան է նշում, երեքհարկանի տորթ պատրաստելու համար հարկավոր է 5-ից 12 ժամ: Նա միայնակ չի աշխատում, ունի իր թիմը, միանգամից սպասարկում է երկու հյուրանոցի. “Ունեմ վեց պրոֆեսիոնալ աշխատող, որոնք վերջացնում են իմ պատրաստած նախագիծը: Ամեն շաբաթ մեր թիմը պատրաստում է ծննդյան 80-ից 100 տորթ, 5-ից 15 հարսանեկան տորթ, 4-ից 8 տորթ էլ՝ հատուկ առիթների համար: Տորթերը թխվում են խմորեղենի բաժանմունքում, հետո բերում են ձեւավորման բաժին, մենք միայն ձեւավորում ենք”: Բազմաթիվ տորթեր պատրաստած Ֆլորան չի առանձնացնում որեւէ աշխատանք. “Միաժամանակ բոլորն էլ կարեւոր են: Եթե ես իմ աշխատանքը չսիրեմ, թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ճաշակի այն: Եղել են դեպքեր, երբ պատվիրատուները չեն ցանկացել կտրել եւ ուտել, նախընտրել են պահել:)”: Հայուհու պատրաստած ամենաթանկարժեք տորթի համար էլ հաճախորդները վճարել են 20.000 դոլար. “Մի քանի անգամ այդ գնի տորթեր ձեւավորել եմ, որոնք եղել են հարսանեկան”: Հայաստանում պարարվեստով է զբաղվել Մինչ Միացյալ Նահանգներ մեկնելը Ֆլորա Աղաբաբյանը հրուշակեղենի արտադրությամբ չի զբաղվել: Տորթեր ձեւավորելու փոխարեն, Հայաստանում պարարվեստով է զբաղվել, “Բարեկամություն” անսամբլում Հովհաննես Շամամյանի մոտ ժողովրդական պարեր է պարել. “Հայաստանում միայն տանն եմ պատրաստել, ինքս ինձ սովորել եմ: Անընդհատ ձեւավորել եմ, տարբեր փորձարկումներ արել, ինքնուսուցմամբ բացահայտել եմ բոլոր նրբությունները”: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է հրուշակագործը, նախընտրելի խմորեղեն չունի. “Սիրում եմ ուտել այն թխվածքը, որը նոր է ինձ համար: Տանն էլ հաճախ չեմ պատրաստում, բայց, երբեմն, ընտանիքիս համար նոր ուտեստներ եմ պատրաստում”: Ֆլորա Աղաբաբյանի խոսքով՝ իր երեխաները եւս մեծ սեր ունեն դեպի հրուշակային արվեստը. “Աղջիկս՝ Էլենը, մեկ այլ հյուրանոցում աշխատում է որպես հրուշակագործ: Տղաս էլ՝ Էդգարը, աշխատում էր ինձ հետ նույն հյուրանոցում, բայց շոկոլադի բաժանմունքում: Վերջերս որոշեց ուրիշ մասնագիտություն ընտրել: Ի դեպ, տանը խոսում ենք միայն հայերեն:)”: “Փորձում եմ նորություն բերել ինդուստրիայի մեջ:)” Այս տարիների ընթացքում Ֆլորան միայն մեկ անգամ է վերադարձել Երեւան հանգստի նպատակով: Նշում է՝ այնքան էլ տեղյակ չէ Հայաստանի անցուդարձից, հայ հրուշակագործների աշխատանքից. “Հատուկ տեղեկություն չունեմ, թե ինչպիսի զարգացում է ապրում այս ոլորտը Հայաստանում, բայց հաճելի կլիներ լսել, որ առաջավոր ենք այս հարցում”: Տորթերի մասնագետը “քաղցր” արվեստում լավագույն արդյունքի համար կարեւորում է աշխատասիրությունը. “Պետք է շատ սիրով պատրաստես եւ աշխատասեր լինես, ինչն, անպայման, հաջողություն կբերի: Ինձ համար կարեւոր է կոկիկ եւ մաքուր աշխատանքը: Հատուկ ուշադրություն եմ դարձնում բոլոր դետալներին: Եթե ինչ-որ նոր գաղափար է ծագում, անմիջապես օգտագործում եմ ու տորթի տեսքով ստանում: Չնայած անունս ծաղկային է, բայց ծաղիկներ քիչ եմ պատրաստում, քանի որ ծաղիկը շատ տարածված դետալ է այս բնագավառում: Փորձում եմ նորություն բերել ինդուստրիայի մեջ”: Առաջարկում ենք գնահատել Ֆլորա Աղաբաբյանի պատրաստած տորթերը, բայց միայն լուսանկարների միջոցով ;): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ֆլորա Աղաբաբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: