Քառյակի բազմաժանր սաքսաֆոնային արվեստը :)
“ArtaSax”-ը թանգարանային ելույթից հետո հոկտեմբերի 20-ին իր սաքսաֆոնների ձայնը հնչեցրեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում: Սաքսաֆոնային քառյակը վերջ է ասել դադարին. “Լռության պատճառը խմբի անդամների անհատական գործունեությունն է. զբաղվածություն այլ խմբերում եւ հյուրախաղեր: Նորից ամեն ինչ սկսվում է:)”:
Ջազային, դասական եւ ֆոլկ երաժշտություն ներկայացնող “ArtaSax”-ում հանդես գալու համար, խմբի անդամները նշում են, մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ է պետք: Քառյակը սոպրանո եւ ալտ-սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցի նախաձեռնությամբ է ստեղծվել, մյուս անդամներն են ալտ-սաքսաֆոնահար Դավիթ Նալչաջյանը, տենոր-սաքսաֆոնահար Վահագն Գրիգորյանն ու բարիտոն-սաքսաֆոնահար Արսեն Սահակյանը:
“Սկզբում որոշեցինք “SaxArt” կոչվել, ասել է թե` սաքսաֆոնային արվեստ ենք ներկայացնում, նման խորագրով համերգ տվեցինք, հետո տղաներով մտածեցինք, որ այդպես հասարակ է հնչում ու նույն միտքը պահպանելով` որոշեցինք մեր քառյակի անունը դնել “ArtaSax”. Art-ը արվեստն է, Sax-ը սաքսաֆոնը, “a”-ն էլ այն տառն է, որ բոլորը չեն հասկանան` ինչի համար է:)”,- Bravo.am-ին ասաց Դավիթ Նալչաջյանը: Ալտ-սաքսաֆոնահարը նշում է` սաքսոֆոնից իր սրտի ձայնն է դուրս գալիս:):
“Կասկադ”-ում “ArtaSax”-ը Բախի, Գերշվինի, Վաշինգտոնի, Պիացոլայի եւ շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցրեց: Արմեն Հյուսնունցը նշեց, որ չեն կարողացել գայթակղությանը դիմանալ ու ներկայացնելու են Կոմիտասի գործերի մի քանի փոխադրումներ: Հյուրերը վայելեցին սաքսոֆոնային “Քելե-Քելե”-ն, “Հաբրբան”-ը, “Հով արեք սարեր ջան”-ը, “Կաքավիկ”-ը:
Երեկոյի ընթացքում քառյակը նաեւ հատուկ “ArtaSax”-ի համար գրված ստեղծագործություններ ներկայացրեց: “Երկու գործ մեզ Կարեն Անանյանն է նվիրել, մեկն էլ Խաչիկ Սահակյանն է գրել: Եկել են մեր համերգներին, լսել մեր կատարումները, որոշել լավ նվեր մատուցել, մենք էլ հաճույքով կատարում ենք: Նոր ստեղծագործություններ էլի ենք ունենալու. կամաց-կամաց”,- ասացին խմբի անդամները:
Բարիտոն-սաքսաֆոնահար Արսեն Սահակյանն էլ “ArtaSax”-ի ունկնդիրներից խոսեց: “Մեր հասարակությունը այդքան էլ պատրաստ չի մեզ լսել: Մտածում էինք` անգամ այս սրահի կեսը չենք լցնի: Ընդհանրապես հետաքրքրված չեն դասական երաժշտությամբ. սերիալներով են տարված: Հայաստանում արվեստը փորձում է դիք բարձրանալ` վերեւ: Ուզում եմ մի քիչ ավելի արագ ռիթմի մեջ մտնենք, մեզ լսողներն էլ շատանան”:
“ArtaSax” սաքսաֆոնային քառյակին հաջորդ անգամ կարող եք ունկնդրել նոյեմբերի 7-ին “Ուլիխանյան” ակումբում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: