“Beautified”-ի եւ “Antimatter”-ը համատեղ տեսահոլովակ են նկարել “The Beautified Project”-ի ու “Antimatter” խմբի երեւանյան համերգի մասին BRAVO.am-ը պատմել է: Համերգային ծրագրից մեկ օր անց հայկական եւ անգլիական ռոք-խմբերը տեսահոլովակ են նկարահանել: “Broken Smile” -ի ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է: Ստեղծագործական թիմի հավաստմամբ` երեւանյան կիսաքանդ շենքերից մեկում նկարահանված տեսահոլովակն իր որակով պետք է համապատասխանի միջազգային շուկայի չափանիշերին: “Շատ հին երգ է “Broken Smile”-ը, այն եղել է Անգլիայում թողարկված ալբոմի մեջ: Միշտ ուզում էի Արմենի ու Առլենի հետ դրա նոր տարբերակը ձայնագրել: Հիմա այն միանգամայն այլ տեսք ունի: “Antimatter”-ն ու մեր տղաները նոր շունչ են հաղորդել երգին: Տեսահոլովակն էլ պետք է թողարկվի անգլիական շուկայում: Շեշտը դրել ենք ոչ թե հստակ սյուժետային գծի, այլ հայկական ու անգլիական ռոք-խմբերի առաջին` նման մասշտաբով համագործակցության վրա”,- BRAVO.am-ին ասել է “The Beautified Project”-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը: Ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ, ով նկարահանել է “Beautified”-ի նաեւ “But I Can't” երգի տեսահոլովակը, նշել է, որ “Broken Smile”-ը հիմնված է լինելու էմոցիաների վրա. “Գիշերային ու սյուր նկարահանումներ են լինելու”: Ի դեպ, “Antimatter”-ի հիմնադիր Միկ Մոսը BRAVO.am-ին ասել է, որ “Broken Smile”-ի մասին իմացել է սոցիալական ցանցի միջոցով. “Անդրեն ինձ գրեց, առաջարկեց համագործակցել “The Beautified Project”-ի հետ ու “Broken Smile”-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Երգն ինձ դուր եկավ, խմբի աշխատանքին էլ ծանոթացա ու շատ հավանեցի: Կարծում եմ` միասին լավ գործ ենք ունենալու”: Իր հատվածը խմբի հիմնադիր Միկ Մոսը ձայնագրել է Անգլիայում: Աշխատանքի բերումով շատ երկրներում եղած երգիչը Հայաստանում առաջին անգամ էր. սիրել է Երեւանն ու երեւանյան արեւը: “Dark acoustic rock” ոճում հանդես եկող ու իր երգերով կյանքի մութ կողմերը ներկայացնող Միկ Մոսը նշել է, որ հայկական ռոքին մինչ այս ծանոթ է եղել միայն “System of a Down”-ի միջոցով, որի մեծ երկրպագուն է: “Broken Smile”-ի նոր տարբերակը նաեւ դասական երաժշտության տարրեր է պարունակում: Տեսահոլովակի համար թավջութակ է նվագում “Կոմիտաս” քառյակի թավջութակահար Հասմիկ Վարդանյանը. “Համաձայնեցի ռոք-խմբի հետ հանդես գալ, քանի որ այստեղ կա փիլիսոփայություն, գիտեն` ինչ են անում, ում համար են աշխատում, ասելիք ունեն”: Տեսահոլովակի նկարահանմանը ներկա էր նաեւ խմբի նախկին պրոդյուսեր Արվին Քոչարյանը, ով նշեց, որ երգի նոր տարբերակը միանգամայն այլ` բարձրակարգ ստանդարտների է համապատասխանում: “Broken Smile”-ի տեսահոլովակը պատրաստ կլինի մեկ ամսից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: