Հայկական Էստրադայի մայրերը նկարահանվեցին:)
Ինչի՞ համար կարող են մեկ հարկի տակ հավաքվել երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը եւ Անչոկը իրենց բալիկների հետ: Պատճառը հետեւյալն է` մայրության եւ գեղեցկության միամսյակի շրջանակներում “Face Control”-ը պատրաստել էր հերթական անակնկալը: Մարտի 30-ին “Մալխաս” ակումբում տեղի ունեցավ թվով երրորդ հաղորդման նկարահանումը, որը կրում է “Beauty” /“Գեղեցկություն”/ խորագիրը:
Երեկոյի համար հայկական էստրադայից ընտրվել էին մայրությունը խորհրդանշող երեք մայրեր` Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան եւ Անչոկ: Ի դեպ, Անչոկի փոխարեն երրորդ մայրիկին պետք է խորհրդանշեր Նունե Եսայանը, սակայն երգչուհու վատառողջ լինելու պատճառով մեկ օրում պլանները մի փոքր փոխվեցին:):
Երեկոն հատուկ “dress-code” ուներ. բոլորի զգեստները սեւ եւ կարմիր գույների համադրությամբ էին: Մասնակիցների զգեստների եւ ոճի հեղինակը “ElSi”-ն էր: Երեք փորձություն անցկացվեց, որոնք ընթացքում ստուգվեց երգչուհիների մայրական բնազդը եւ IQ-ն: Իսկ վերջում մայրիկները ցույց տվեցին իրենց ձայնը:): Պատահական չէ, որ միջոցառումը տեղի էր ունենում “Մալխաս” ջազ-ակումբում. երգչուհիները ջազային երգեր ներկայացրին: IQ-ի` ինտելեկտուալ փորձության հաղթող դարձավ Շուշան Պետրոսյանը:
Համերգային երեկոյի բացումը վստահված էր Էմմիին` իր “Boom-Boom” երգով: Հաղորդման նկարահանումներին ներկա էին նաեւ Արամոն, Արմինկան, DJ Vakcina-ն, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Գրիգորյանը, Մարիաննա Հովհաննիսյանը:
Անչոկ
“Բալիկիս ծննդից հետո կարիերաս մի փոքր կանգ առավ: Ես շատ օգնողներ ունեմ, բայց ինքս էլ հասցնում եմ: Ելույթ եմ ունենում հիմնականում երեկոյան, երբ բալիկս քնած է, դրա համար իր հետ շատ ժամանակ եմ անցկացնում”,- պատմեց Անչոկը:
Անչոկը դուստր էր ուզում, բայց հիմա չի պատկերացնում` ինչ կլիներ առանց որդու:): Երգչուհու 3-ամյա որդին մի քանի շաբաթ է, ինչ Մայքլ Ջեքսոն է սկսել լսել: Նա քաղցրակեր է: “Տատիկները խիստ են, իսկ ես երես եմ տալիս որդուս:)”- խոստովանեց Անչոկը: Ի դեպ, երգչուհին ցանկանում է, որ որդին լուրջ մասնագիտություն ընտրի` բժիշկ, իրավաբան, բիզնեսմեն:
Զարուհի Բաբայան
Զարուհի Բաբայանի խոսքերով, ուզես, թե չուզես կյանքը փոխվում է երեխայի ծննդից հետո: “Մայրանալուց հետո կյանքին այլ աչքերով ես նայում: Աշխատանքը երկրորդ պլան է մղվում: Ապրելով Հայաստանում` կարծում եմ` սա իդեալական տարբերակ է ինձ համար: Ես համատեղում եմ ընտանիքս եւ սիրելի աշխատանքս: Կարողացել եմ գտնել ոսկե միջինը:)”,-ասաց երգչուհին:
Զառան երկու բալիկների ` 7-ամյա որդու եւ 9-ամյա դստեր հետ էր եկել միջոցառմանը: Ի դեպ, ապրիլի 30-ին պարի միջազգային օրվա շրջանակներում Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ելույթ է ունենալու Սոֆի Դեւոյանի “Պարի եւ հոգու թատրոնը”, որի ընթացքում հանդիսատեսին են ներկայանալու երեք սերունդները` Սոֆի Դեւոյան ավագը, Զարուհի Բաբայանը եւ Սոֆի Դեւոյան կրտսերը:):
“Ես երջանիկ եմ ինձ զգում, որովհետեւ մայր եմ, կին եմ, երգչուհի եմ ու լավ ընկերներ ունեմ”,- ավելացրեց Զառան:
Շուշան Պետրոսյան
Երգչուհին ակումբ էր ժամանել երկու որդու հետ: Մինչ Շուշանը ելույթ էր ունենում, նրանք պաղպաղակ էին ուտում եւ ուշադրությամբ հետեւում էին մայրիկին:):
“Շնորհավորում եմ բոլորին միամսյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այն տեւի մի անվերջ տարի ու կյանք: Ես ինձ Եվայի երամից եմ համարում եւ բոլոր առումներով նրանց կողքին եմ կանգնած”,- ասաց Շուշան Պետրոսյանը:
“Միշտ մտածում էի նման ֆորմատով հաղորդումների շարք պատրաստել Երեւանի ակումբային կյանքը զարգացնելու համար: Հաջորդ “Face Control”-ի գաղափարն էլ կա արդեն. այն նվիրված է լինելու հունիսի 1-ին` երեխաների տոնին”,- նշեց “Երեւան” հեռուստաընկերության պրոդյուսեր, հաղորդավար Տիգրան Հարությունյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: