Վենետիկի բիենալեում Հայաստանը “լուսավոր ազգերից” մեկն է “ILLUMInations”-ը ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի խորագիրն է, որ կանցկացվի հունիսի 4-ից նոյեմբերի 24-ը Վենետիկում: 1995 թվականից սկսած եւ այս տարի եւս միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանը: Վենետիկի բիենալեում մեր երկիրը կներկայացնեն երեք սերնդի ներկայացուցիչներ Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Աստղիկ Մելքոնյանը: Հայկական տաղավարը տեղադրվելու է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում, Վենետիկի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը համարվող Պալացո Զենեբիոյում: 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսարն է ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով կարծում է` միջոցառումը բեկումնային կլինի Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացման եւ ճիշտ ներկայացման համար: Տաղավարի հայեցակարգային նախագիծը մշակել է համադրողների խումբը, որի կազմում են Արմինե Անտիկյանը, Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանն ու Նազարեթ Կարոյանը, ով բիենալեի այս տարվա խորագրի ընտրությունը մեկնաբանեց այսպես. “Եթե “ILLUMInations”-ը թարգմանենք հայերեն, կստացվի լուսավորություններ, պայծառացումներ: “Nation” հատվածը հատուկ են կոտրել. խոսքը վերաբերում է ծագմանը, լույսի ակունքին: Լույսը ծագում է մի կողմից, ազգը` մի. լուսավոր ազգեր”: Հայաստանը հանդես է գալու “Նոր համընդհանրության ենթակաները” ձեռնարկով: “Կոնցեպտը բխեցվել է այն արվեստագետների կոնկրետ գործերից, որոնք ունեցել ենք աչքի առաջ: Բուն խնդիրը վերաբերում է նոր տիպի, ունիվերսալության, համընդհանրության հնարավորությանը, որը, մեր համոզմամբ, կարող է տրամադրել արվեստը: Ընտրված գործերը իրենց մեջ ներառում են որոշակի գործողություն եւ սոցիալական, տնտեսական, քաղաքական կոնկրետ խնդիրներ, որոնց լուծումը արվեստագետները փորձում են ընդհանրացնել եւ դարձնել հնարավորինս հասանելի բոլորին”,- ասաց հայկական տաղավարի հայեցակարգային նախագիծը մշակողներից Վարդան Ազատյանը: Համադրողներից Ռուբեն Արեւշատյանն էլ նշեց` շեշտ դրվելու է դիսկուրսի հատվածի վրա. “Փորձելու ենք անդրադառնալ արդիությունների ճգնաժամին, պատմական վերլուծությանը, դիտարկել այդ խնդիրները տարբեր տեսանկյուններից: Մի հատվածը վերաբերելու է 60-ականներին` ժամանակաշրջան, երբ արդիությունների եւ համընդհանրությունների ճգնաժամ է տեղի ունեցել: Այս դիսկուրսների հաշվին փորձ ենք անելու Վենետիկի բիենալեի ներսում մի նոր ենթակառույց ձեւավորել”: “Բուն նախագիծը բաղկացած է լինելու երկու մասից` վիզուալ ներկայացուցչական եւ դիսկուսիոն: Այսինքն` ներկայացվող գործերը նաեւ հիմք են ծառայելու որոշակի խնդիրների շուրջ բանավեճեր ծավալելու համար, որոնք տեղի կունենան կոնֆերանսների տեսքով”,- ասաց Ռուբեն Արեւշատյանը: Հայաստանը ներկայացնող արվեստագետներից էությամբ հավաքորդ Մհեր Ազատյանը իր ֆիքսած լուսանկարներին հաճախ ավելացնում է իր ականջով անցած խոսակցություններից կամ իր իսկ տրամադրությունն արտահայտող մտքերից արած նշումներ, որոնք լուսանկարներին կից մակագրությունների կամ առանձին տեքստային գրությունների տեսքով փոխադրվում են ցուցահանդեսի տարածք: Ազատյանի խոսքերով` իրար հետ ուղղակիորեն կապ չունեցող լուսանկարի եւ տեքստի հանդիպման հիմքում նյութական պակասությունն է ընկած: Աստղիկ Մելքոնյանը ներկայացնում է անկախ Հայաստանի ժամանակակից արվեստի երկրորդ` 2000-ականներին ստեղծագործական ասպարեզ իջած սերունդը: Արվեստագետի հետազոտական աշխատանքի արդյունքները նյութականանում են դրան բնորոշ արտահայտչամիջոցների` դիագրամների, սխեմաների տեսքով: Աստղիկի “ձեռնարկները” տարբեր ձեւաչափերի գծապատկեր-ուղեցույցներ են, որոնք արծարծում են ներկայիս Հայաստանում գոյատեւման, աշխատանքի եւ տնտեսական խնդիրները: Գրիգոր Խաչատրյանն էլ կոնցեպտուալ արվեստի տարատեսակ ձեւաչափերին` պերֆորմանս, տեքստ, լուսանկար, Հայաստանում առաջինը դիմողներից մեկն է: Նա իբրեւ ստեղծագործական նյութ օգտագործում է իր անձը, մարմինը, անունը, կարեւորում իշխանության թեման: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: