Էլյանորան ու Գեւորգը` թենիսի մրցույթի հաղթողներ:)
Թենիսային` “Orange Student Cup” նախագծի մրցութային փուլերի մեկնարկի մասին պատմել ենք: Հունիսի 30-ին գլխավոր փուլն էր. եզրափակչում մրցեցին երկու աղջիկ ու երկու տղա:): Խաղացողներին ոգեւորելու էին եկել նրանց ընտանիքների անդամները, ընկերները, թենիսի դաշտում էին նաեւ եզրափակիչ չանցած մասնակիցների մեծ մասը:
Առաջինն իրենց խաղը ցույց տվեցին աղջիկները:): Էլյանորա-Բելլա մրցախաղում հաղթեց Էլյանորա Սարգսյանը: 22-ամյա Էլյանորան, ով սովորում է Ագրարային համալսարանում, մինչ եզրափակիչը BRAVO.am-ին ասել էր, որ իր մարզիչը հաղթանակ է կանխատեսում:): “Մինչեւ վերջ չէի հավատում հաղթանակիս, որովհետեւ ուժեղ մրցակիցներ ունեի: Բելլան լավ էր խաղում, բայց մի քիչ շուտ էր դուրս գալիս ափերից:), ես ավելի հավասարակշռված էի: Շատ ուրախ եմ հաղթանակի համար, մտերիմներիս հետ անպայման նշելու եմ”,- ասաց Էլյանորան, ով երկար ժամանակ զբաղվել է լողով:
Գեւորգ-Արշակ թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Գեւորգը, ով 10-ը տարի զբաղվել է ֆուտբոլով, բայց թենիսն էլ սիրելի մարզաձեւերից է. պարբերաբար հաճախել է թենիսի սիրողական պարապմունքների: Տղաների եզրափակչի 20-ամյա հաղթողն ապագա իրավաբան է, բայց ինչպես նշեց` սպորտն անչափ շատ է սիրում. “Մարզիչս` Գեւորգը, ամեն ինչ անում էր, որ լավ խաղամ, եթե նա չլիներ, երեւի չէի հաղթի:): Թենիսով լրջորեն զբաղվելու ցանկություն կա, ուղղակի տարիքով, երեւի, արդեն մեծ եմ”:
Մինչ հաղթողներին մեդալներ հանձնելը, նրանց մարզիչները պարգեւատրվեցին գավաթներով` Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կազմակերպած կանանց առաջնությունում հաղթելու համար:
Ամենաակտիվ թենիսիստներից ու մարզիչներից մեկը` Աննա Մովսիսյանը, զուգախաղերում եւ մենախաղերում գրավելով առաջին տեղը, ստացավ ամենաշատ գավաթները: Նա նաեւ հաղթողներից մեկի` Էլյանորայի մարզիչն էր. “Եթե թենիսում ինչ-որ բան եմ անում, ապա հաղթանակի համար եմ անում, նույնն էլ պահանջեցի իմ խաղացողներից, ովքեր եկել էին սովորելու, մարզվելու, ոչ թե չեմպիոն դառնալու:): Աղջիկների խաղը հետաքրքիր էր, բայց տղաների խաղն ավելի դիտարժան էր, որովհետեւ տղաները ֆիզիկապես ուժեղ են ու պայքարն էլ ավելի լարված էր”:
“Orange Cup” ուսանողական խաղի հաղթողներին` Գեւորգին ու Էլյանորային տրվեցին քարտեր, որոնցով կարող են 2 ամիս թենիս պարապել, իսկ երկրորդ տեղը գրավողները` 1 ամիս: Թենիսային նախագիծն ավարտված է, հաղթողները հայտնի են, մասնակիցները մի փոքր տխրել են, բայց միասին հավաքվելու առիթներ դեռ կունենան:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: