×


“Power Poison”

“Power Poison”

Վահրամ Հակոբյանի ամերիկահայկական կրիմինալը:) “Ուժը թույն է”, հանցագործ աշխարհում էլ 8 տարուց մի քիչ ավել կամ պակաս կարող ես կենդանի մնալ ու աղջիկներով, թանկարժեք ավտոմեքենաներով, հարգանքով, հաճույքներով լի կյանք վայելել, հետո բանտը կամ Միշոյի երգած “Կատաֆալկ”-ը քեզ իր գիրկը կառնի: Կրիմինալ աշխարհի մասին կարող ես ֆիլմ նկարահանել ու ցույց տալ` “ինչումն է հարցը”: Բայց Հայաստանը Հոլիվուդ չէ, Վահրամ Հակոբյանն էլ արդեն 6 տարի է Երեւանում չէ: Լոս Անջելեսում է ապրում, 2009-ին “Power Poison”-ի նկարահանումները ավարտեց, հիմա իր կարճամետրաժ ֆիլմով փառատոններով է շրջագայում: Ռեժիսորը Bravo.am-ին ասաց, որ Միացյալ Նահանգներում անհրաժեշտ է այնպիսի մի բան անել, որ քեզ նկատեն: Վահրամը կրիմինալ կինոյի ռեժիսորը լինելուց բացի սցենարն էլ է գրել` Մեթյու Բոյդի հետ համատեղ: Իր խոսքերով` կրիմինալի մեջ երբեք չի եղել, թեեւ գայթակղություններ իրեն էլ են հասել: Vahram Hakobyan - Ո՟վ է ամերիկյան կինոասպարեզում ճանապարհդ հարթում, հովանավորում: - Նման բան չկա: Եթե նույնիսկ դու ծանոթ ունես, օգնող չկա, բացի էն տարբերակը, որ Warner Bros-ում մեկը քեռիդ լինի:): Ամերիկյան entertainment-ը շատ պարզ մի օրենք ունի. եթե դա բավարարում ես պահանջներին, անկախ տաղանդից, ամեն ինչից, առաջ կգնաս, չես բավարարում` չես գնա: Շատ պարզ օրենք է. անկախ նրանից` ինչ ես անում, դա պետք է փող բերի: Նման դեպքում հենց իրենք քեզ առաջ կտանեն` անկախ ազգությունիցդ, ծանոթ ունենալուց: Հաջողակ լինելու չափանիշն է, թե ինչքան փող ես աշխատել: - Այդ չափանիշին համապատասխանո՞ւմ ես: Ստացվո՟ւմ է գումար վաստակել: - Դե հիմա նոր է: Նախ պետք է այնպիսի մի բան անես, որ քեզ նկատեն: Մարդկանց պետք է համոզես, որ դու կարող ես իրենց համար լավ փող աշխատել, հետո ապացուցես: Մենք համոզելու փուլում ենք: Այս առաջին ֆիլմն այն էլեմենտներն ունի, որ ընդհանրապես բլոքբասթերներն ունեն` էքշն, մաֆիոզների, ահաբեկիչների ընդհարում… Ինչը հանդիսատեսը սովորաբար սիրում է: Հետո պետք է փառատոնների մասնակցես գործակալությունների կողմից նկատվելու համար: Դա էլ է դժվար: Vahram Hakobyan - Տեղյակ ենք, որ շատ փառատոններում ֆիլմը հաղթանակներ է արձանագրել: Հիմա ճիշտ ժամանակն է, որ ներկայացնես “Power Poison”-ը: - Պատմությունը այսպիսին է. մաֆիոզները փող լվանալով են զբաղվում, ահաբեկիչներն էլ ցանկանում են բոմբ բերել Ամերիկա: Պետք է պայթուցիկը սահմանով անցկացնել, մաֆիոզներին խաբում, ասում են` լաբորատորիայի համար է: Հետո ամեն ինչ պարզվում է, ու երկու խմբավորումների` ահաբեկիչների ու մաֆիոզների միջեւ պատերազմ է սկսում: Մի որբ տղա էլ մաֆիայի մեջ է մտել ու վերջում պետք է շատ կարեւոր որոշում ընդունի` կրիմինալ, թե խաղաղ աշխարհն ընտրել: Ֆիլմը հենց դրանով է վերջանում: - Ինչո՟ւ է հայ ռեժիսորներին (սերիալ նկարահանողներին` ավելի շատ:)) այդքան գայթակղում հանցագործ աշխարհին “պատկերելը”: - Հետաքրքիր է: Այո, երեւի հայաստանցի լինելուս հետ էլ է կապված իմ ընտրությունը, բայց ընդհանրապես այդ կյանքը շատ հետաքրքիր է: Հետո Սկորսեզեի գործերն եմ շատ սիրում: Ինքն ուժեղ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Նաեւ պետք է մի բան անես, որը քեզ հոգեհարազատ է, կարեւոր: Իմ ֆիլմը մի տղայի մասին է, որ մտնում է կրիմինալ աշխարհի մեջ ու այդտեղ պետք է ինքն իրեն գտնի: Power Poison-ի նկարահանումներին - Հա՞յ է:): -:) Չի ասվում, բայց մի երկու հուշում կա, որ հայ է: Ասում է. “Ծնողներս մահացել են 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, հետո եղբայրս ինձ այստեղ է բերել”: Որ ուշադրություն դարձնես մի քանի դետալի վրա, կհասկանաս` ամենայն հավանականությամբ հայ է: Անունը Այկ է, նման է մեր Հայկին, անգլերենում էլ Այկ ձեւը կա: Թող մարդիկ որոշեն ազգությունը: - Նշում ես` հայկական շուկան շատ փոքր է, դու էլ միջազգային լսարանի համար ես աշխատում: Որպեսզի քեզ լուրջ վերաբերվեն, ամեն կերպ փորձում ես ամերիկյան պահանջնե՞րը բավարարել ու հարմարվել: - Ֆիլմը անգլերեն է, այստեղ երբ տեսնեն` օտար լեզվով մի բան է նկարահանված, լուրջ չեն վերաբերվի, կասեն` օտար է: Ֆիլմինդուստրիայում ուրիշ է: Նկարչին իր արվեստը ստանալու համար պետք է կտավ, վրձին ու մի քանի գույն, կինոարտադրության դեպքում այդպես չէ, թիմային աշխատանք է, ամենակարճ ֆիլմի համար էլ շատ մեծ գումար է ծախսվում, մենակ չես կարող անել, դրա համար պետք է հաշվի առնես շատերի կարծիքները: Նույնիսկ Ջեյմս Քեմերոնը “Ավատար”-ի պատմությունն այնպես է ստեղծել, որ բոլորը հասկանում են` կերպարն ինչի միջով է անցնում, նույն ձեւով` “Գլադիատոր” ֆիլմը, որ հայերը շատ են սիրում:): Վահրամ Հակոբյանը նկարայանումների ժամանակ - “Ավատարն” էլ են սիրում: - “Ավատար”-ի մեջ Ջիվան Գասպարյանը չի նվագում:): “Գլադիատոր”-ի ռեժիսորը “Ռոբին Հուդ”-ն էլ նկարահանեց, այն բոլոր քննադատները ահավոր են գնահատում: Պետք է ծառայես քո հանդիսատեսին: Ֆելինին ֆիլմեր է ստեղծել, հետո հանդիսատեսն է իրեն հարմարվել, նման մարդիկ շատ քիչ են եղել, ու մինչեւ այդտեղ հասնելը դու պետք է հարմարվես: Եթե մի բան ստեղծես, որ ժամանակից առաջ է, հանդիսատեսը կհարմարվի: Նկար չի, որ ասես` նկարել եմ, չեք ուզում, մի սիրեք, չառնեք, կտանեմ ավտոտնակումս կկախեմ: Չես կարող DVD-ն տանել, «գարաժում» կախել. պետք է մարդիկ նայեն: - Լա՟վ ես ուսումնասիրել հանցագործ աշխարհը: - Որոշ չափով: Երբ ֆիլմ ես նկարահանում, լավ է մի քիչ կարդաս: Վահրամ Հակոբյան. “Կրիմինալ աշխարհը հետաքրքիր է” - Կարդա՞ս: Երբեք չե՟ս եղել դրա մեջ: - Որ ասեմ` ինքս կրիմինալի մեջ եմ եղել, չէ, փառք Աստծո, բայց այդ գայթակղություններն ինձ էլ են հասել: ԱՄՆ-ի կրիմինալ աշխարհում երեք տարբերակ է գործում. քեզ սպանում են կամ բանտարկում, կամ էլ քո ընկերներին ծախում ես, թաքնվում ու տարիներով հաց ու ջրով ապրում: Կրիմինալում կյանքի միջին տեւողությունը 8 տարի է: Աշխարհում այս խնդիրը կա: Մարդիկ եթե հանցագործների ընտանիքում են մեծացել, ամենայն հավանականությամբ, գնալու են այդ ճանապարհով, բժիշկի ընտանիքում ծնվածի բժիշկ դառնալու հավանականությունն էլ է մեծ: Բայց նաեւ շատ երիտասարդներ կան, որ այդ երկու աշխարհների սահմանագծով են գնում, մի քայլ այս կողմ, այն կողմ, կյանքը կփոխվի: Ու շատ կարեւոր են գործոնները. խորհուրդ, քաջալերում, ֆինանսական պայմաններ: - “Power Poison”-ում ի՟նչ գործոններ կան: - Վերոնշյալների հետ մեկտեղ ես ուզում էի, որ եւս մի գործոն լիներ. ֆիլմը ընտրության մասին է, անունն էլ թարգմանաբար նշանակում է “Ուժը թույն է”: Երբ մարդ ուժ է ունենում իր ձեռքում, կարող է ի վիճակի չլինի առողջ ձեւով մտածել, այնպես, ինչպես կաներ ուրիշ պարագաներում: Կրիմինալ կազմակերպությունում լրիվ փողը ձեռքումդ է, հարգանք ես վայելում, էլ չես ցանկանա բժիշկ դառնալ: Հանցագործ աշխարհը տալիս է հեշտ փող, շատ աղջիկներ, մեքենաներ. ճոխությունները գայթակղում են: Իմ նպատակն է, որ երիտասարդները, ովքեր եզրագծի վրա են` կրիմինալ աշխարհ, թե խաղաղ կյանք, մի ամրացուցիչ գործոնի մասին իմանան. կրիմինալ աշխարհում կյանքը երկար չի տեւում: Vahram Hakobyan, David Anspaugh, Robbie Winston - Այկի կերպարի հիմքում քո՞ անձն է: - Չէ, բայց որոշ էլեմենտներ օգտագործել եմ: - Ֆիլմովդ աշխարհում հայի հանցագործ իմիջ ձեւավորելու մտավախություն չունե՟ս: - Այո, ամբողջ հարցն էլ դրանում է: Օրինակ, “Կնքահայրը” ֆիլմից հետո բոլորը մտածում են` իտալացիները մաֆիոզ են, բայց բոլոր ազգերի մեջ էլ կան այդպիսինները, կետադրությունը պետք է ճիշտ դնես, որ ոչ բոլոր հայերն են կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ: Մտածում են, չէ՟, որ սեւամորթները կամ ռեփ են կարդում, կամ գանգստեր են: Power Poison-ի նկարահանումներին - Լոս-Անջելեսում հայկական կրիմինալը ազդեցի՞կ է: - Չէ, հայկական մաֆիա հասկացություն չեմ նկատել, կան տղաներ, որ մեքսիկների, սեւերի հետ են, հայեր էլ կան, որ իրենց փոքր ընկերությունով անօրինական գործ են անում, կարող է զենք ունենան ձեռքները, բայց հատուկ… Ոչ մի անգամ թերթերում չեմ կարդացել, որ նշվի` հայկական մաֆիա, եղել է մի անգամ “հայ-ռուսական կրիմինալ կազմակերպություն” արտահայտությունը: - Ե՞րբ սկսեցիր ռեժիսուրայով զբաղվել: - Երրորդ դասարանում “Սասունցի Դավիթը” կարդացի` Մեծ Մհերի ճյուղը, ի դեպ, առաջին գիրքն է, որ կյանքիս մեջ կարդացել եմ: Մհերի ու առյուծի կռվի տեսարանը պատկերացրի ու ուզում էի մարդկանց ցույց տալ: Դրա համար սկսեցի նկարել, նկարչական դպրոց գնացի, երբ պատկերները ցույց էի տալիս, մոտավորապես հասկանում էին, բայց չէին զգում այն, ինչ ես, հասկացա, որ շարժվող պատկեր է պետք, իմացա` անիմացիան ինչ է: Ռեժիսուրան մտքերի վիզուալ արտապատկերումն է, առաջին նախագիծը 2007-ին եմ արել: “Հեքիաթ” ֆիլմի նկարահանումներին -Մինչեւ կինոյին անցնելը Միացյալ Նահանգներում ինչո՟վ ես զբաղվել: Տաքսու վարո՞րդ էիր: - Սկզբից մի ակումբում անվտանգության աշխատող էի, հետո հինա-տատու էի անում, շատ հետաքրքիր էր: Ծովի ափին, լրիվ ջահելություն, լույսեր, գժական, ինչ ձեւի մարդ ասես գալիս, մտնում էր, ինչ որակի, տեսակի, գույնի, հոտի… Ինձ համար շոկ էր, որ առաջին անգամ դուրս եկանք քաղաք, շունչս կտրվում էր: Մարդ գալիս է քաչալ, ճակատին մեծ տատու, կիսամերկ… Քլաբում 13-14 տարեկան աղջիկները այնպես էին պարում, ոնց որ շորերը հագին սեքսով զբաղվեին: Երբ 13 տարեկանն է պարում, Հայաստանից նոր եկած, հայկական մտածելակերպով մարդու համար դա տարօրինակ է, սպասում էի` մեկը կգնա կառանձնացնի, կլարի… Կամաց-կամաց սովորում ես, զարմանալու ունակությունը կորցնում: Մի շաբաթ հետո, որ այլմոլորակային էլ իջնի քաղաք, կարող է մտածես` այդպես էլ պետք է լինի: Հասկացա` բուն հարցդ ինչի հետ էր կապված. Լոս-Անջելեսում տաքսիի վարորդ չեմ եղել, մատուցողություն եմ փորձել որոշ ժամանակ, բայց չստացվեց: - Ի՟նչ մեքենա ունես: - Հեծանիվ եմ քշում երեք ակնանի:): Դա նշանակություն չունի, “Մերսեդես” ու BMW հաստատ չեմ վարում, չեմ էլ պատրաստվում: Եթե հարյուր հազարանոց մեքենա ես վարում, դրանից հինգ անգամ ավել եկամուտ պետք է ունենաս, չես կարող մի սենյականոց բնակարանում ապրել, ավտոտնակ չունենալ, բայց թանկարժեք մեքենա վարել: Հայաստանում եթե լավ մեքենա ես քշում, ոստիկանը չի կանգնեցնում, այստեղ հակառակն է. թանկանոց մեքենա ունես, մտածում են` փող էլ ունես, կակտավորեն, բյուջեին գումար կգնա: “Վոլվո” էի վարում սկզբից, եղել է` խաչմերուկը կարմիրի տակ անցել եմ, ոստիկանը կանգնած է եղել ու ոչ մի բան չի արել` մտածելով, որ իմ քշած ավտոն սա է, էլ ի՟նչ ակտավորենք:): Vahram Hakobyan and David Waterman - Տեխնիկադ բավարարո՟ւմ է որակյալ կինոարտադրանք տալու համար: - Տեխնիկան երկրորդական է, նույն վրձինը, որ Լեոնարդո դա Վինչին օգտագործում էր “Մոնա Լիզան” նկարելուց, տուր ուրիշին, նույն նկարից չի նկարի: Տեսախցիկը վրձին է: Այվազովսկին, երբ փոքր, աղքատ երեխա էր, ածուխով պատին էր նկարում, բայց էլի զիլ գործեր էր անում: Հարցը այն է` ում հետ ես աշխատում: - Հայեր կա՟ն ստեղծագործական թիմումդ: - Այո, իհարկե: Ֆիլմի համար դերասանների ընտրությունը չորս ամիս տեւեց: Շատ լավ դերասաններ ընտրեցինք: Հայերից դերասաններին փորձում եմ ընտրել այնպիսի մարդկանց, որ կյանքում այդ փորձն ունեն: Օրինակ, թիկնապահները իրականում աշխատել են, գանգստերի դեր տանող հայ տղերքը ինչ -որ չափով ներգրավում ունեն այդ ամենում: 33 րոպեանոց ֆիլմ է, երկու ժամ դառնալու դեպքում մաֆիան կարող է դառնալ հայկական:): Power Poison-ի նկարահանումներին - Չե՟ս վախենում` որդիդ այդ աշխարհը մտնի: - Ամուսնացած չեմ, նպատակ էլ չունեմ մոտ ապագայում: Բայց որ կրիմինալի մասին մի ֆիլմ եմ նկարահանել, չի նշանակում` դա իմ կյանքում կարեւոր փաստ է: Հետաքրքիր էր այդ աշխարհը ուղղակի: Հիմա “Power Poison”-ի երկար տարբերակի սցենարը պետք է գրեմ: Կարճ տարբերակի նպատակն է ցույց տալ ստուդիաներին, ասել` մենք մեր միջոցներով սարքել ենք, հայտնի դերասաններ միացրեք թիմին, լուրջ ֆինանսավորում, լուրջ հոլիվուդյան ֆիլմ դարձնենք: - Փառատոններին հաջողություններ եք գրանցում, առաջարկներ չկա՟ն: - Կոնկրետ այս ֆիլմի համար չկա, բայց ուրիշ ֆիլմի ռեժիսոր լինելու առաջարկ եմ ստացել, նոր սցենար են ուղարկել, բանկ թալանելու մասին է: Power Poison-ի պաստառը - Էլի կրիմինալ:): - Հիմա դրանից դուրս ենք եկել, իրականությունից էլ: Հեքիաթ է` չարի ու բարու կռվի մասին: Շատ քննադատական է, որ չարը մարդկանց տարել է, բոլորի մոտ ինչ-որ խաղ է. շախմատ են խաղում, քարերը ուտելիքից են, մեկը գողանում, ուտում է…. Կիսասյուրեալիստական հեքիաթ է: - Իսկ “Սասունցի Դավիթը” ներկայացնելն այդպես էլ մանկական երազանք մնա՟ց: - Անկեղծ ասած` դրա համար եմ եկել այստեղ: “Սասունցի Դավիթը” ու “Տիգրան Մեծը” միջազգային որակ ունեն, եթե ճիշտ նկարահանվեն, կարող են այնքան հաջողակ ու հաճելի լինել հանդիսատեսին, ինչպես հունական դիցաբանության վրա հիմնված ֆիլմերը: Դրա համար ժամանակ է պետք, պետք է նախ ինձ ճանաչեն, վստահեն, որ դա փող կբերի. ոչ ոք քո կապույտ աչքերի կամ հայ լինելու համար ֆիլմ նկարահանել չի վստահի: - Երեւան գալու մտադրություն չունե՟ս: - Մոտակա տարիներին` ոչ: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Վահրամ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW