Միայնակ աներն ու խենթ երեք կանայք:) Երեւանյան շատ թատրոններ մինչ իրենց ամառային հանգիստն են անցկացնում, “Համազգային”-ը պրեմիերաներով է հանդես գալիս. թատրոնի մուտքն օգոստոս հանդիսատեսի դատին նոր բեմադրություն ներկայացնելով է նշանավորվել:): “Sale”-ը բեմադրվել է Ալեքսանդր Գալինի “Ռետրո” թատերախաղի հիման վրա: Ժամանակակից տրագիկոմեդիան 2 գործողությամբ է, տեւողությունն էլ՝ մոտ 2 ժամ: Պիեսը մի փոքր տեղայնացրել ու հայկականացրել է բեմադրիչը՝ Վիգեն Ստեփանյանը, հերոսների անունները եւս հիմնականում հայկական են:): Դերերում են Վանիկ Մկրտչյանը(Արտաշես), Արմինե Անդրեասյանը(Ռիտա), Մխիթար Ավետիսյանը(Արման), Կարինե Ջանջուղազյանը(Մադլեն), Արմինե Պողոսյանը(Անահիտ) եւ Արեւ Սանթրոսյանը(Նազիկ): Տրագիկոմեդիայի գլխավոր հերոս Արտաշեսը կնոջ մահից հետո գյուղից տեղափոխվել է քաղաք՝ ապրելու իր միակ աղջկա ու փեսայի հետ, որոնք իրենց տունը վերածել են թանգարանի, զբաղվում են անտիկվար ու հին իրերի առքուվաճառքով: Փեսան որոշում է ամուսնացնել իր աներոջը որեւէ միայնակ կնոջ հետ ու ազատվել նրա ներկայությունից: Փեսայի հրավերով նույն երեկոյի ընթացքում իրարից անտեղյակ երեք կանայք հայտնվում են այդ տանը, այստեղից էլ սկսվում է քաոսային իրավիճակը:): Նախկին պարուհի Մադլենը, հոգեբուժարանի նախկին բուժքույր Նազիկը եւ ուսուցչուհի Անահիտը մտադիր են ամուսնանալ միայնակ Արտաշեսի հետ, բայց նրանցից ում է հաջողվում, ի վերջո, հասնել նպատակին, կիմանաք ներկայացման հումորով, երաժշտական զեղումներով ընթացքը դիտելուց հետո:): Կարինե Ջանջուղազյանի մարմնավորած “խենթ” Մադլենը տպավորել էր հանդիսականին, դա էին վկայում մարդկանց արձագանքն ու ծափերը:): “Երեք տարի առաջ նորից վերադարձա բեմ՝ սկսելով մոնոներկայացումներից: Դա արեցի ինքնահարգման ու ինքնավերականգման համար: Ներկայացման թիմի հետ աշխատելն էլ մի առանձին հաճույք է. այնքան լավ ենք իրար զգում, մարդկային որակները շատ կարեւոր են: Չնայած ներկայացումը դեռ հում է, մեջս իմպրովիզներ անելու ցանկությունը շատ մեծ է, խաղընկերներով իրար ավելի լավ կզգանք մի քանի ներկայացում խաղալուց հետո, դեռ “եփվելու” տեղ կա”,- BRAVO.am-ին ասաց “Համազգային” թատրոնի դերասանուհին: Կարինե Ջանջուղազյանը կարծում է՝ ունի իր հոգեւոր արժեհամակարգը եւ մարդկային բոլոր տեսակներն իր մեջ ապրում են. “Չգիտեմ՝ կերպարս ինչքանով է ինձ նման, բայց համարձակորեն կարողանում եմ իմ մեջ գտնել մարմնավորածս հերոսին: Ներկայացումից անմիջապես հետո դառնում եմ ես, նույնիսկ հաճախ հանդիսատեսը միջանցքում սպասել է, որ շնորհավորի, անցել, գնացել եմ, չեն հասկացել, որ ես եմ: Ինձ այնքան է դուր գալիս, որ զգեստափոխվելուց հետո ինձ չեն ճանաչում:)”: Ներկայացման բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի առաջարկով ստանձնել է ռեժիսորի դերը եւ կատարել որոշակի փոփոխություններ. “Ոչ մի թատրոնում չեմ աշխատում, չեմ հաստատվել որեւէ տեղ, դեռ առաջարկություն չունեմ: Պարզապես սիրում եմ աշխատել հարազատ մարդկանց հետ, որոնց որպես մարդ եմ սիրում: Համազգայինի հետ մտերիմ եմ շատ վաղուց: Գալինի պիեսը մեր ժամանակների համար մի քիչ հին էր. այն ժամանակվա խնդիրները, տեխնիկան, արժեքներն ուրիշ էին: Կարելի է ասել՝ նոր տողից գրել եմ պիեսը”: Վիգեն Ստեփանյանի խոսքով՝ ներկայացման վերնագիրն էլ պատահական չէ. այսօր ամեն ինչ վաճառվում է, փողի մասին են մարդիկ ամենից շատ մտածում. “Չեմ էլ կարող մեղադրել, որովհետեւ առանց փողի, առանց վճարելու չես կարող գոյատեւել: Բայց դրա կողքին կան մարդկային սովորական հարաբերություններ, արժեքներ, զգացմունքներ, որոնք չեն վաճառվում: Ասելիքը երեւում է հոր ու աղջկա մտածելակերպի հակասության մեջ”: Դերասանուհի Արմինե Պողոսյանը կարծում է՝ երիտասարդները ներկայացումը կհավանեն. այն ժամանակակից է ու ընկալելի. “Թատրոնն իր ասելիքը ունի բոլորին, հատկապես երիտասարդները պարտավոր են գալ թատրոն, ինքս էլ նկատում եմ՝ հիմա ավելի շատ են գալիս”: Նոր բեմադրության մասին խոսելիս էլ նա նշեց՝ յուրաքանչյուր դերասանի համար երջանկություն է նոր դեր ստանալը.“Շատ ուրախ եմ, որ հարազատ թատրոնում խաղում եմ նոր կերպար, հանդիսատեսին էլ ինչ-որ տեղ հավատացնում, որ Անահիտի նման կերպար կա իրականության մեջ”: Նշենք, որ ներկայացման բեմանկարիչը Դավիթ Մինասյանն է, կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը: “Sale”-ն արդեն թատրոնի հիմնական խաղացանկում է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: