Հովհաննեսի, Անժելայի, Լուիզայի եւ Աշոտի մարդաբանությունը
Մարդկային հարաբերությունների, կորցրած արժեքների, ազատության ու ճախրանքի “անթրոպոլոգիան” արդեն մեծ էկրանին է:): “Նաիրի” կինոթատրոնում օրերս կայացել է Աշոտ Գեւորգյանի “Անթրոպոլոգիա” ֆիլմի պրեմիերան:
Գլխավոր դերում հանդես է գալիս Հովհաննես Բաբախանյանը, նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Արմեն Մարությանն ու Անժելա Սարգսյանը:
1 ժամ 20 րոպե տեւողությամբ ֆիլմի գաղափարական հիմքում մարդկային հարաբերություններն են, մարդու փիլիսոփայությունն ու կորցրած արժեքները:
Սյուժեին զուգահեռված է Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգստոնի ճայը” ստեղծագործության ազատության ու ճախրանքի գաղափարը: Մնջախաղի թատրոնի դերասան, բանաստեղծ ու լրագրող հերոսը, չկարողանալով գտնել իր տեղը կյանքում, խճճվում է իր ճշմարտությունների ու կեղծիքների մեջ...
“Այս ֆիլմն ինձ համար շատ թանկ, սպասված ու փայփայված է: Իմ կերպարը, նույնանալով Ջոնաթան Լիվինգստոնի ճայի հետ, իր ազատածին ձգտումներով ու հիասթափություններով հանդերձ մեծ օպտիմիստ է, որին հատուկ հմայք է հաղորդում նրա միմ լինելն ու բանաստեղծ տեսակը: Ի դեպ, ֆիլմում հնչող բանաստեղծությունների հեղինակը իմ լավ ընկեր Աշոտ Գեւորգյանն է, ում գեղեցիկ երեւակայության արդյունքում էլ ծնվել է այս ֆիլմը:)”,- BRAVO.am-ին ասել է գլխավոր հերոսին մարմնավորող Հովհաննես Բաբախանյանը, ում հետ կապ հաստատել հաջողվել է համացանցի միջոցով, քանի որ դերասանն այժմ ապրում ու ստեղծագործում է Միացյալ Նահանգներում:
“Թեման հետաքրքիր ու արդիական է. այսօր արվեստագետի նկատմամբ հասարակության վերաբերմունքը նորմաներին չի համապատասխանում: Ինձ թվում է` Հովհաննեսին ու Աշոտին հաջողվել է վեր հանել այս խնդիրը, ես էլ իմ փոքր դերով փորձել եմ ստանալ հերոսի կնոջ` հողին կպած ու կենցաղային կերպարը”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Լուիզա Ղամբարյանը, ով եւս ներկա չի եղել պրեմիերային:
“Մեր կյանքից հեռացել է պոեզիան...”
“Գիտեք` ինչու է մեր կյանքն այսքան գորշ... Որովհետեւ մեր կյանքից հեռացել է պոեզիան”. սրանք ֆիլմում գլխավոր հերոսի արտահայտած մտքերն են, որոնց հեղինակը Աշոտ Գեւորգյանն է: “Ֆիլմում կան փիլիսոփայական բանաստեղծություններ, մտքեր, որոնք ցավալիորեն համապատասխանում են մերօրյա իրականությանը. բանաստեղծ ամուսնու հետ վիճող կինն ասում է` “դասականներին բուկինիստականում կիլոներով են վաճառում ”... Կարծում եմ` սա հանդիսատեսին մտածելու ու կորցրած արժեքները վերանայելու հնարավորություն կտա”,-նշել է սցենարիստ-ռեժիսորը:
Երեւանյան էկրանից բացի ֆիլմը կցուցադրվի Գյումրիում, Վանաձորում ու Արցախում: Պրոդյուսեր Գեւորգ Նահապետյանի փոխանցմամբ` “Անթրոպոլոգիա”-ն կմասնակցի նաեւ ամերիկյան հայտնի կինոփառատոնների, ինչի համար թարգմանությունների մեջ կփոխվեն հայկական մտածելակերպին խիստ բնորոշ որոշ հատվածներ, որոնք խորթ են օտարերկրյա հանդիսատեսին:
“Կարեւորը հավատալն է...”
“Կարեւորը հավատալն է...Մեր բոլոր ցավերի պատճառը հավատքի պակասն է...”. ֆիլմի ավարտին ասում է սնանկ թափառաշրջիկը, ով հոգին ճմլվելու կամ սիրտը նվալու դեպքում ուժեղ բղավում է, ապա, “ճային” ու հանդիսատեսին բղավելու, մտածելու եւ հավատալու հնարավորություն տալով` հեռանում...
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/ եւ ֆիլմի ստեղծագործական կազմի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: