Երեւանում բացվեց բրիտանական “Debenhams”-ի խանութ-սրահը
Բրիտանական “Debenhams” խանութների ցանցի մասնաճյուղը նոյեմբերի 5-ից պաշտոնապես գործում է մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կոնկրետ` Տերյան փողոցում: Երեւանի հանրախանութի բացմանը ներկա բազմաթիվ հյուրերը կենդանի երաժշտության ներքո ծանոթանում էին ներկայացված ապրանքներին, իրենց առաջին գնումներն էին կատարում ու օգտվում հյուրասիրությունից:
Երեւանյան մասնաճյուղի բացման առիթով Լոնդոնից Երեւան էր ժամանել խանութների ցանցի տնօրեն Ջոն Սքոթը, որը Bravo.am-ին պատմեց իրենց խանութների միանման դիզայնի, սփռված աշխարհագրության մասին ու չմոռացավ գովեստի խոսքեր ասել Հայաստանին. “Մեծ Բրիտանիայից դուրս մենք ունենք խանութներ Ասիայում, Կենտրոնական Եվրոպայում: Երեւանի խանութը 62-րդն է: Ուզում ենք մեր հաճախորդների շրջանակը մեծացնել, մտածեցինք` լավ գաղափար է ձեր տարածաշրջանում էլ խանութներ բացել ու ներկայացնել բրիտանական ապրանքների տեսականին: Բոլոր երկրներում նույն դիզայնն է` մաքուր, կոկիկ ու միանման: Ափսոս, այստեղ խանութը մի քիչ փոքր է, կոսմետիկայի տեսականին չկա, բայց երեւի հետագայում կավելացնենք”: Այն հարցին, թե ինչքան գումար են ներդրել Երեւանի խանութի բացման համար, Ջոն Սքոթը ծիծաղելով ասաց. “Շատ-շատ”:
Խանութում ներկայացված է կանանց, տղամարդկանց հագուստ, պայուսակներ, կոշիկ, ներքնազգեստ, բիժուտերիա, տարբեր աքսեսուարներ, նաեւ մանկական հագուստ. «Հիմա մեծ մասամբ աշուն-ձմեռ տեսականին է, բայց կան նաեւ ամառային շապիկներ, զգեստներ: Երկու շաբաթը մեկ տեսականին թարմացվելու է»,- ասաց խանութի մենեջերներից Աննա Սողոյանը,- ““Դեբենհամս»-ի ցանցում մեր խանութը միջին տարածքի` երկու հարկով սրահ է, բայց կան նաեւ ավելի մեծ խանութներ, մեզ մոտ դեռ ամբողջ ապրանքատեսակները չկան, օրինակ, կոսմետիկան, բայց անընդհատ կթարմացնենք ու կավելացնենք: Զեղչային համակարգը որոշվում է Լոնդոնից ու բոլոր երկրներում միաժամանակ զեղչեր են արվում”:
Ներկաների թվում նկատեցինք մանեքենուհի Մարիկա Թունյանին. Մոլդովայից ժամանած ընկերուհու հետ եկել էր ծանոթանալու նորաբաց խանութի տեսականուն. “Նորաոճ ու հետաքրքիր հագուստ կա կանանց ու նաեւ տղամարդկանց համար: Մի քանի բեմական ու կոկտելային զգեստներ հավանեցի, մտածեցի` կարելի է գնել, նաեւ ընկեր-ընկերուհիներիս համար նվերներ կառնեմ: Ի դեպ, երբ ընկերուհուս ասացի խանութի անունը, միանգամից իմացավ, թե որ խանութի մասին է խոսքը»,- ասաց մոդելը, իսկ մոլդովացի Դոմինիտան նշեց, որ իրենց երկրում անցած տարի բացվել է մասնաճյուղ, որից հաճախ չի օգտվում. «Փոխարենը քույրս շատ է հավանում այս բրենդի հագուստները` էլեգանտ ու որակյալ են: Ես իմ սիրած բրենդներն եմ հագնում, բայց այստեղի զգեստներն էլ գեղեցիկ են, գներն էլ այսօրվա համար նորմալ են, քանի որ լավ ապրանքը միշտ լավ գին է ունենում”:
“Դեբենհամս”-ը միայն Լոնդոնում ունի 100-ից ավել հանրախանութ, իսկ Մեծ Բրիտանիայից դուրս` 62 մասնաճյուղ, ուր տեղական ու միջազգային դիզայներների հագուստներն են ներկայացված, ինչպիսիք են Jeff Banks, Jasper Conran, Henry Holland, Betty Jackson, Julien Macdonald, John Rocha and Matthew Williamson եւ այլն:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: