Լավագույն երաժիշտները` բարեգործական համեգներում Հայաստանի լավագույն եւ գրեթե բոլոր ջազային բենդերը` “Կատուներ”, “Time Report”, “Վահագն Հայրապետյան քառյակ”, “Art Voices”, “Chico and Friends”, “Անի Արզումանյան եւ Արսեն Ներսիսյան բենդ”, “Fiesta Caliente”, ինչպես նաեւ “Դորիանս” եւ “Բամբիռ” ռոք խմբերը, Սուրեն Առուստամյանը իր բլյուզ բենդով, “Ռեինկարնացիա” ռեգգի բենդը եւ “Acid Rain” ալտերնատիվ ջազ խումբը մասնակցեցին հունվարի 11-ին մեկնարկած “Երաժշտություն կյանքի համար” 7 օրյա բարեգործական համերգներին, որոնք տեղի ունեցան մեր քաղաքի սիրելի ակումբներից երկուսում` “Stop”-ում եւ “Ուլիխանյան”-ում: Երաժիշտները հավաքվել էին, որպեսզի օգնեն իրենց ընկերոջը` տաղանդավոր ու սիրված երաժիշտ, “Կատուներ” բենդի տրամբոնահար, 42-ամյա Աշոտ Հարությունյանին: Նրա մոտ մեկ տարի առաջ քաղցկեղ է ախտորոշվել. տարբեր տեսակի բուժումները անօգուտ էին: Երաժիշտը մեկնեց Գերմանիա, սակայն այնտեղ բուժման համար պահանջվող գումարը չբավականացրեց: Նա ամուսնացած է եւ երկու երեխա ունի: Աշոտ Հարությունյանի համար կազմակերպված բարեգործական համերգային արշավը տեղի է ունենում արդեն 3-րդ անգամ, ի դեպ, մասնակիցների թվում կան երաժիշտներ, ովքեր անձամբ նույնիսկ ծանոթ էլ չեն Աշոտ Հարությունյանի հետ, բայց սիրով համաձայնվել են իրենց մասնակցությունը ցուցաբերել եւ օգնել: Ակումբներում տեղադրված հատուկ արկղներում նույնպես գումար էր հավաքվում երաժշտի բուժման համար: Հնարավոր է, որ նման համերգների շարքը շարունակություն ունենա: Bravo.am-ի սիրելի ընթերցողներ, դուք եւս կարող եք օգնել երաժշտին, թեկուզ չնչին գումարով, քանի որ յուրաքանչյուր դրամը կարող է ճակատագրական լինել նրա համար: Երեկ, հունվարի 17-ին տեղի ունեցավ բարեգործական արշավի շրջանակներում անցկացվող վերջին համերգը`“Բամբիռ”-ի եւ “Acid Rain”-ի մասնակցությամբ: Bravo.am-ը պարբերաբար պատմել է ձեզ վերոհիշյալ բոլոր բենդերի գործունեության մասին, բայց վերջին`“Acid Rain”-ի հետ եկեք ծանոթանանք հենց հիմա :): Ձեզ թվում է` մենք չունե՞նք ամերիկացի ռեժիսորներ եւ սցենարիստներ Վաչովսկի, գերմանացի հեքիաթասացներ Գրիմ, բռնցքամարտիկներ Կլիչկո, Դոստոյեւսկու հայտնի Կարամազով եղբայրների նման եղբայրներ: Իհարկե ունենք` Սուրենը եւ Վահիկը :): Նրանք “Acid Rain” “թույն” խմբի հիմնադիրներն են: Երաժշտական ոճը, որում հանդես են գալիս տղաները, կոչվում է “acid jazz”, ինչը թարգմանաբար նշանակում է թունավոր ջազ: Իսկ խումբը “թունավոր անձրեւ” անվանվեց, որովհետեւ, տղաների կարծիքով, հասարակության մի շերտի համար նրանց ներկայացրած երաժշտությունը հաստատ թունավոր կլինի: “Acid jazz” երաժշտական ժանրը ներկայացնում է ջազի, ֆանքի, էլեկտրոնային երաժշտության եւ հիփ-հոփի համադրությունը: Այն հնչում է DJ-ի եւ երաժիշտների կենդանի կատարմամբ: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ այս ոճը “Acid Rain”-ի շնորհիվ դեռ նոր է տարածում գտնում, “acid jazz”-ը առաջացել է Մեծ Բրիտանիայում 1980-ականների վերջին եւ շատ տարածված է Եվրոպայում: Եղբայրները արդեն երկար ժամանակ է այս ոճի, մասնավորապես, ջազի սիրահարներ են եւ նման երաժշտություն ներկայացնելու գաղափարը դեռ վաղուցվանից ունեին: “Acid Rain” խմբի “նախահայրը” կրկին տղաների կողմից հիմնադրած “8-Beat” խումբն էր, որը “house” ոճում էր ստեղծագործում :): Տղաները համագործակցում էին եվրոպական հայտնի լեյբլների հետ, նրանցից է “TRC” էլեկտրոնային երաժշտության հայտնի լեյբլը: Ի դեպ, խումբը շարունակելու է համագործակցությունը այդ ընկերության հետ, քանի որ մտադրված է ծավալել իր գործունեությունը եվրոպական երկրներում: Խմբի ներկայիս կազմի հետ ծանոթանալուց հետո եղբայրները վերանվանվեցին, մի քիչ էլ “վերաոճավորվեցին” եւ որոշեցին, որ “Acid Rain”-ը նախագիծ է, երաժիշտների համագործակցություն: Այժմ խումբը ներկայանում է հետեւյալ կազմով` կիթառահար Գագիկ Խոդավիրդի, ում շատ լավ ճանաչում եք “Դորիանս” խմբից, շեփորահար Հայկ, ով հայտնի է ձեզ նաեւ “Ռեինկարնացիա” խմբից, ստեղնաշարային գործիքներ նվագող Արթուր Զաքյան եւ էլեկտրոնային մասը, գործիքավորումը եւ ձայնային էֆֆեկտները ապահովող, ձեզ արդեն ծանոթ եղբայրներ Սուրեն եւ Վահիկ :): “Մեր երաժշտությունը կոմերցիոն բնույթ չի կրում, դեռեւս չենք ուզում տեսահոլովակներ ունենալ: Մենք աշխատում ենք որակի վրա”,- պատմում է Սուրենը: Տղաները հասցրել են արդեն մի քանի համերգներ ունենալ տեղական ակումբներում եւ, ի զարմանս հենց խմբի անդամների, համերգներին ներկաները մեծ թիվ են կազմել: Ուրախալի է, որ մեր քաղաքը ծանոթանում ու ընդունում է ալտերնատիվ երաժշտաոճեր :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: