Սարկոզին եւ Սարգսյանը Երեւանում բացեցին Ռոդենի արձանը
Նիկոլա Սարկոզին այսօր Հայաստանում բազմաթիվ հայերի ներկայությամբ հայերենով արտասանել է “Ցեղասպանություն” բառը` հիշեցնելով, որ Ֆրանսիան ճանաչել է Մեծ Եղեռնը` կոչելով այն իսկական անվամբ:
“Երեւանյան հրաշալի առավոտ է, հրաշալի եղանակ, հրաշալի տրամադրություն, հաճելի միջավայր եւ լավ մարդիկ: Այսպես ենք ընդունում մեր լավ բարեկամին, իմ ընկերոջը` Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին”,- ողջույնի իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները հանդիսավոր կերպով բացել են նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի արձանը: Ֆրանսիացի անվանի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը Ֆրանսիայի նվերն է մեր հանրապետությանը` Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
“Օգյուստ Ռոդենի եւ Նիկոլա Սարկոզիի այս վեհաշուք ընծան ընդմիշտ խորհրդանշելու է հայ-ֆրանսիական հարատեւ եւ անխախտ բարեկամությունը”,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նաեւ հետեւյալն է ասել. “Քիչ առաջ մենք ներկա գտնվեցինք մեծ ֆրանսիացու եւ մեծ հայի` Շառլ Ազնավուրի երեւանյան տան բացման արարողությանը: Պատմական, մշակութային եւ մեզ կապող քաղաքակրթական արժեքներն են հենց հանդիսացել այն հենասյունը, որի վրա կառուցվել ու զարգացել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները”:
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլա Սարկոզին խոսել է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին` նշելով նաեւ, որ “Ֆրանսիան հպարտ է Հայաստանի այն դստրերով եւ որդիներով, ովքեր Ֆրանսիան հարստացրել են իրենց հանճարով եւ արվեստով”:
Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը նաեւ ասել է` “Հայաստանն իրավունք ունի այլեւս չապրել պատերազմական վիճակ: Ուրիշ ոչ մի երկիր Ֆրանսիայից ավելի լավ չի հասկանում, թե ինչ նշանակություն ունի Ղարաբաղը Հայաստանի համար… Խաղաղության այս ուղերձն ես տանելու եմ ինձ հետ Ադրբեջան, Իլհամ Ալիեւին”:
“Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան” իր ելույթի վերջում ասել է Նիկոլա Սարկոզին: Հավաքված բազմությունը Ֆրանսիայի նախագահին բուռն ծափողջյուններով է դիմավորել եւ ճանապարհել:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: