×


“Կոմիտասը հումորով տղա էր”

“Կոմիտասը հումորով տղա էր”

Մարտան, Արամը, Նարեն եւ մյուսները երգում են վարդապետի գործերը Երգի թատրոնի նոր սերնդի ութ ներկայացուցիչ՝ Մարտան, Արամը, Նարեն, Ռուսլանը, Միլենան, Ռոբերտը, Անուշիկը եւ Գրիգորը, միասին երգում են Կոմիտասի ստեղծագործությունները: 5-րդ սերնդի սաները կոչ են անում՝ “Առաջ դեպի անցյալ՝ դեպի Կոմիտաս”: Arthur Grigoryan Դեռ ամիսներ առաջ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ` սկսվել են համերգ-ներկայացման փորձերը: “Մոկաց Միրզա”-ով երեկոն բացել է Ռուսլանը, մյուս գործերը կատարում են եռաձայն, քառաձայն, նույնիսկ` ութաձայն: Արթուր Գրիգորյանի դաշնամուրային նվագակցությամբ` երիտասարդները երգում են ու անընդհատ շարժման մեջ են: Նրանք դահլիճում նստում են, կանգնում, քայլում. ամեն երգ բեմադրված է: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ համերգի ընթացքում հնչում են վարդապետի` “Շողեր ջան”, “Հով արեք”, “Էրվում եմ”, “Կռունկ”, “Խնկի ծառ”, “Գարուն ա” եւ այլ շատ ու շատ ստեղծագործություններ: Երգերը մեկնաբանվում են Արթուր Գրիգորյանի ոճով՝ ավելի էստրադային ու ջազային: Komitas Մինչ  համերգ-ներկայացումը հանդիսատեսին մատուցելը` տեղի են ունեցել փակ դիտումներ, ավարտին էլ՝ փոքրիկ բանավեճեր, որի ընթացքում ներկաները հայտնել են իրենց տեսակետը, գովասանքի խոսքերն ու քննադատությունը: Երգիչ Սերգեյ Գրիգորյանի կարծիքով, ով ներկա էր երեկոյին, Կոմիտասն երիտասարդների շուրթերից լավ է հնչում. “Հպարտ եմ, որ Կոմիտաս ունենք, առավել եւս հպարտ եմ այն մարդկանց համար, ովքեր այս օրերին երգում են Կոմիտաս: Նա մեզ թողել է երաժշտական ճիշտ “կմախք”, որը տարբեր սերունդներ տարբեր կերպ կարող են մեկնաբանել ու երգել”: Հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանն էլ, ում դուստրը՝ Նարեն, համերգի մասնակիցներից մեկն է, հետեւյալն է ասել. “Երանի թե յուրաքնչյուրիս օրվա մեկ ժամն անցներ նման տեսակի երաժշտության ներքո: Շատ ուրախ եմ, որ իմ աղջիկն էլ նման հրաշալի երաժշտության մեջ է հասունանում”: Aram Musayelyan “Գեղեցիկ է հնչում, բայց Կոմիտաս չէ”. Անժելա Երիտասարդ երաժիշտ Անժելան այլ կարծիքի է. նրա հավաստմամբ՝ այն մարդիկ, ովքեր չեն լսել վարդապետի գործերը, սխալ կհասկանան ու չեն ճանաչի նրա իսկական երգերը. “Գեղեցիկ է հնչում, բայց Կոմիտաս չէ, շատ մելիզմներ են ավելացված: Եթե նա ցանկանար նվագակցությամբ ներկայացնել, կաներ այդպես: Նրա երաժշտության մեջ բացակայում է խրոմատիզմը, քանի որ հայկական լադերում նման բան չկա: Շատ ավելի մեծ հաճույքով կլսեի, եթե այս ութնյակը, որն արտակարգ ձայն ունի, երգեր մաքուր Կոմիտաս”: Արթուր Գրիգորյանն էլ հակադարձել է` նշելով, որ Կոմիտասի երգերն աստիճանաբար քիչ են կատարվում, պետք է լավը տեսնել. “Ցավոք, թաղումներին են ավելի շատ հնչում, բայց Կոմիտասն այնքան գունավոր է, այնքան ճիշտ: Տաթեւիկ Հովհաննիսյանն էլ երգում է Կոմիտաս այնքան ճիշտ, այնքան ջազային, որ որեւէ մեկն իրավունք չունի բան ասել: Ինչո՞ւ եք վախենում ասել, որ Կոմիտասը հումորով տղա էր, հերիք է սեւացնենք, ինքը մերն է”: Arthur Grigoryan and Marta Երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը՝  երաժիշտ Արթուր Սաֆարյանը, շատ է հավանել հատկապես “Կռունկ” երգի մեկնաբանությունը: “Անժելան այսքան երիտասարդ աղջիկ է ու այսպես “դոշ է տալիս” Կոմիտասի երաժշտության համար, ուղղակի հրաշալի է”,-ասել է նա ու ավելացրել. “Բայց աշխարհն առաջ է գնում, ակադեմիական Կոմիտասին շատերն իրենց տանը չեն լսում, բայց այս մատուցմամբ միգուցե ավելի հաճախ լսեն”: Այսուհետ ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Երգի պետական թատրոնի փոքրիկ դահլիճում դու էլ կարող ես դիտել “Կոմիտաս. եկել եմ” խորագրով համերգ-ներկայացումը եւ ունկնդրել նոր սերնդի կատարումները:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW