Անկախության համերգ-ներկայացումը դեռ երկար կքննարկվի :) Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներից թերեւս ամենահիշարժանը հրապարակում երեկոյան մեկնարկած “Հերոսական բալլադ”-ն էր: Առնո Բաբաջանյանի համանուն ստեղծագործության հնչյունների ներքո եռաչափ գրաֆիկայի շնորհիվ հրապարակը եզերող շենք-էկրաններին հայտնվեցին եռագույնը ձեռքին երեխայի պատկերները: Մեր դրոշը ծածանող հերոսը կտրեց հրապարակի շենքերն, ու վառ լույսերի ներքո կառավարության շենքի տանիքին մարդիկ ողջունեցին կերպարը մարմնավորող Արեգին, ով ծափերի ներքո բարձրացրեց եռագույնը: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ դասական համերգ-ներկայացման ընթացքում հրապարակը եզերող շենքերը պարբերաբար վերածվում էին էկրանների, դասական երաժշտության հնչյունների ներքո ցուցադրվում էին դրվագներ հայ ժողովրդի եւ մեր անկախ պետականության 20 տարվա պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին ներկայացվում էին եռաչափ գրաֆիկայի միջոցով: “Իհարկե, այստեղ ճաշակի խնդիր կա, ոմանց կարող էր այն դուր չգալ, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ հեռուստադիտողը միանգամայն այլ պատկեր է տեսել. այն, շոուն, որ եղավ հրապարակում, հեռուստադիտողը չկարողացավ տեսնել ու հասկանալ, ինչն արդեն հեռուստառեժիսորների խնդիրն է: Ես հպարտ եմ, որ 55 հազար մարդ առիթ ունեցավ լավ շոուի եւ որակյալ երաժշտություն հանդիպելու, ոգեւորվեց, տեսավ իրեն ու իր պատմությունը: Մեր փորձն ու համարձակությունն իր արդյունքը տվեց:)”,- BRAVO.am-ին ասել է “Հերոսական բալլադ”-ի բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանը, ով ստեղծագործական կազմի հետ շուրջ երեք ամիս պատրաստվել է սեպտեմբերի 21-ն իրական տոն դարձնելու համար: Համերգ-ներկայացման գաղափարն իրականացնելու հարցում տեխնիկական աջակցություն էր ստացվել ֆրանսիական մի կազմակերպությունից, որի մասնագետները մեկ ամիս աշխատում էին Հանրապետության հրապարակում, որպեսզի ՀՀ անկախության տարեդարձը նշանավորվեր ոչ միայն բարձրարժեք երաժշտությամբ, այլեւ տպավորիչ համարներով: Ներկայացման երաժշտական մասն ապահովեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը սկսվեց Ավետ Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածով, ապա հնչեցին Աճեմյանի, Սարյանի, Հովհաննիսյանի, Խաչատրյանի, Եկմալյանի, Միրզոյանի, Հովհաննիսյանի, Բաղդասարյանի, Երկանյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Հարությունյանի, Այվազյանի, Կարվարենցի ստեղծագործությունները: Եռաչափ գրաֆիկայի, լազերային ցուցադրության, կրակի, շատրվանների միակցված պատկերների ու հրավառության ուղեկցությամբ ընթացող համերգն ավարտվեց հատուկ տոնի առթիվ գրված Ռոբերտ Ամիրխանյանի “Ծնրադիր երդվում եմ քեզ” երգով: “Ամեն ինչ բարձրաճաշակ էր”. Չիկո “Վերջապես հնչեց բարձրաճաշակ երաժշտություն, որը եւ պետք է հնչեր հենց այդ օրը: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բարձրաճաշակ”,- BRAVO.am-ին ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանը` Չիկոն` խոսելով նաեւ միջոցառման մասին հնչած բացասական կարծիքներից. “Դրանք նոր սերնդի անճաշակ ու այլանդակված, կամ էլ լավը տեսնել չցանկացող մարդիկ են, որոնց ես չեմ մեղադրում. մարդկանց ճաշակի անկումը հենց մեր հեռուստատեսության ջանքերով է իրագործվել: Այս երկու մարդկային խմբից առաջինը դեռ ուղղվելու հնարավորություն ունի, իսկ երկրորդը վտանգավոր է մեր հասարակության համար: Այդ օրը յուրաքանչյուր հայ պետք է լցվեր հպարտությամբ ե՛ւ մեր բանակի, ե՛ւ մեր արվեստի համար: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պարգեւեցին մեզ այդ մեծ տոնը”: Ջազմեն Լեւոն Մալխասյանը եւս գովելի համարեց այն փաստը, որ Հանրապետության հրապարակում հենց դասական երաժշտություն է հնչել. “Էստրադային երգիչներին լսել ցանկացողները թող լինեին համապատասխան վայրում, որտեղ իրենց նախընտրած երաժշտությունն էր: Չէ որ ողջ քաղաքում տոն էր, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Ես էլ այդ օրը նվագել եմ ու դրա պատճառով չեմ կարողացել տեսնել Հանրապետության հրապարակի միջոցառումը, բայց դասական երաժշտության ընտրությունն այդ օրվա առթիվ արդեն իսկ մեծ առավելություն է”: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: