×


“Մենք ենք` մեր հայերը”

“Մենք ենք` մեր հայերը”

““Աստղային” հիթ-շքերթները տարածված ու ակտուալ են” Նախկինում “Մենք ենք` մեր հայերը” հաղորդումը հայտնվում էր “Դար 21” հեռուստաընկերության եթերում ընդամենը մի քանի անգամ` հիմնականում տարվա վերջին: Սակայն այժմ “Դար 21” հեռուստաալիքի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը այն վստահել է հաղորդավար Հերմինե Ստեփանյանին.  "Եթե նախկինում տարվա ընթացքում 2-3 թողարկումներ էին լինում, ապա այժմ ավելի հաճախ է եթերում լինելու` ամսական 2 թողարկում": Hermine Stepanyan Ինչու՞ են որոշել ավելի մեծ հաճախականությամբ պատրաստել հաղորդումը, արդյոք հայ հեռուստադիտողը կարիք ունի՞ “աստղային” հիթ-շքերթների: Հերմինե Ստեփանյանն ասում է. “Աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր ռադիոկայան, հեռուստատեսություն կամ թերթ ունենա իր հիթ-շքերթը: Դրանք տարածված ու արդիական են ողջ աշխարհում, որովհետեւ հեռուստադիտողին իսկապես հետաքրքրում է, թե հայտնի մարդիկ ինչով են զբաղվում, ինչ են հագնում, ուր են գնում, ինչ առօրյա ու կենցաղ ունեն: Մեզ համար ամենագլխավորը տրամաբանված հորիզոնականներն են: Առաջին ծրագրի թեման գերազանց առաջադիմություն ունեցող, կարմիր դիպլոմ ստացած աստղերն էին: Հորիզոնականների հիմքում դիպլոմների քանակն ու բուհի հեղինակությունն էր: Հաջորդ թեման ամառային արձակուրդներն էին, հորիզոնականները բաշխվել էին, թե Երեւանից քանի կմ հեռավորության վրա էին հանգստացել մասնակիցները”: Հերմինե Ստեփանյանը նշում է` հստակ ու ճշգրիտ մոտեցում չգտնելու դեպքում հարցումներ կանեն. "Մի կողմից կարեւոր է հորիզոնականներն անաչառ բաշխելը, մյուս կողմից 10-ում ընդգրկվելն է կարեւոր, այլ ոչ թե որ հորիզոնականն ես զբաղեցնում: Մեր հիթ-շքերթում հայտնվելն արդեն հաղթանակ է, թեեւ, կրկնում եմ, հորիզոնականները բաշխված չեն հենց այնպես. յուրաքանչյուր թեմայի ժամանակ հստակ պատճառ ենք ունենում, որով էլ առաջնորդվում ենք”: Hermine Stepanyan “Մենք ենք` մեր հայերը” ծրագրի նպատակային հեռուստադիտողն են երիտասարդներն ու շոու-բիզնեսով հետաքրքրվողները.  “Մարդկանց տեսահորիզոնում ուզում ենք պահել նաեւ արվեստը: Բացի երգիչներից, հաղորդավարներից կընդգրկվեն ռեժիսորներ, նկարիչներ, երգահաններ, բեմադրիչներ, թեեւ հիմնական շեշտը շոու-բիզնեսի վրա է դրված”: “Թեմաներն ընտրվում են ժողովների ընթացքում, որին մասնակցում են ծրագրի պատասխանատու բոլոր աշխատակիցները: Մեզ մոտ կանոն կա, որ տասնյակում հայտնված մասնակիցներին պարտադիր նկարում ենք, հարցազրույց ենք վերցնում, հետո էլ գրում տեքստերն ու կառուցում սցենարը”,- նշում է Հերմինեն: Հաղորդավարուհու ոճի վրա աշխատում է FP Fashion Band-ը (Արամ Նիկոլյան, Արայիկ Գաբաջյան), ծրագիրը չի նկարահանվում հեռուստատաղավարում. ամեն անգամ նկարահանման նոր վայր են ընտրում. “Հեռուստադիտողին հետաքրքիր է ամեն անգամ նորություն տեսնելը, նոր ինտերիեր, լույս, նոր գույն, հագուստ… Հաղորդման գլխավոր դերում ես չեմ, այլ հիթ-շքերթի 10 հոգին, ընդամենը հեռուստադիտողի եւ մասնակիցների միջնորդի դերում եմ”: Hermine Stepanyan Հերմինեն մոտ 10 տարի աշխատում է հեռուստատեսության ոլորտում, ավարտել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժինը. “Առաջին կուրսում Ժիրայր Դադասյանի առաջարկով “Հայրենիք” հեռուստաընկերությունում մանկական “Լուսատիտիկ” հաղորդումն էի վարում ու սցենարը գրում: Մինչ այդ ինձ համար թատրոնն ամեն ինչ էր` երազանք, ապագա, կյանք… Հեռուստատեսությանը մի տեսակ վերեւից էի նայում, բայց հետո… “Հայրենիք” հեռուստաընկերությունում աշխատել եմ 6 տարուց ավել”: Ապա աշխատել է “Դար 21”-ում որպես  “Հայկական Weekend” հաղորդաշարի հաղորդավար, սցենարի հեղինակ, այնուհետ “Կենտրոն”-ում վարել է “Սկսենք նորից” առավոտյան ծրագիրը: Հերմինեն նշում է, որ հիթ-շքերթի պատրաստման բարդությունն իրեն դուր է գալիս, սիրում է աշխատել տեսախցիկների հետ, հուզմունքով է սպասում յուրաքանչյուր եթերին, նույնիսկ նկարահանման նախորդ գիշերը չի կարողանում քնել:). “30 րոպեանոց ծրագրի համար աշխատում ենք շաբաթներով: 10 մասնակիցներից ամեն մեկի հետ երկար հարցազրույց ենք ունենում, բայց եթերում մի քանի բառ ու նախադասություն է հայտնվում: Երբեմն հետաքրքիր տեքստերից հրաժարվում եմ, որպեսզի ծրագրի դինամիկ ընթացքը չտուժի: Հեռուստադիտողներից շատերը կյանքի տեմպի, ռիթմին զուգահեռ երկար չեն կարող նստել հեռուստացույցի առջեւ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին