×


“Նորաձեւության ճանապարհ”

“Նորաձեւության ճանապարհ”

Հայ եւ եվրոպացի դիզայներները համատեղ հավաքածու են ստեղծելու Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծելու են 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որ 2012 թվականին կցուցադրվի Հայաստանում եւ եվրոպական վերոնշյալ հինգ երկրում: Բրիտանական խորհուրդը նախաձեռնել է “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագիրը: Հայ նկարիչ-մոդելավորողները արդեն կարող են ներկայացնել մասնակցության հայտերը:): Arevik Saribekyan Bravo.am-ին ծրագրի նպատակն եւ ձեւաչափի մանրամասներն է ներկայացրել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Ի դեպ, իրենից մշակույթների համաձուլվածք ներկայացնող “արվեստի գործ” հավաքածուն Եվրոպայում շրջելուց հետո նվիրվելու է հայաստանյան թանգարաններից մեկին:): - Ինչո՞ւ նորաձեւությունն ընտրվեց հայ-եվրոպական երկխոսության թեմա: - Հին հայկական տարազները մեր մշակույթի ամենամեծ կրողներն են եւ կարողանում են խոսել մեր փոխարեն: Մշակույթ ու տարազներ ունեն նաեւ այլ երկրները, եւ բավական հետաքրքիր կլինի փորձել այդ մշակութային տարբեր էլեմենտները մարմնավորել մեկ հավաքածուի մեջ: - Նախագծի գաղափարը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակինն է: Գործընկեր երկրներին ի՞նչը գրավեց միանալ ծրագրին: - Ծրագիրը իրականացվում է EUNIC-ի` Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միության հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական, Դանիական մշակութային ինստիտուտների եւ Չեխական կենտրոնի սերտ համագործակցությամբ: Եվ այս կազմակերպություններին գրավող հիմնական կորիզն ու մեր բոլորի նպատակը միջմշակութային կապեր ստեղծելն ու փոխանակումները խրախուսելն է: Հայաստանյան մեր գործընկերն է Նորաձեւության հայկական խորհուրդը: “Նորաձեւության ճանապարհ” - Ի՞նչ չափանիշներով եք ընտրելու հինգ հայ դիզայներներին: - Հայտեր կարող են ներկայացնել այն նկարիչ-մոդելավորողները, ովքեր հետաքրքրված են իրենց աշխատանքներում մշակութային ազգային ժառանգության ու սովորույթների ներկայացմամբ: Մենք փնտրում ենք արդեն իսկ որոշ չափով կայացած դիզայներների, ովքեր նվազագույնը երկուսից երեք տարվա աշխատանքային փորձ ունեն, համապատասխան կրթություն արվեստի կամ նորաձեւության ոլորտում, մասնագիտական որոշակի ձեռքբերումներ, պորտֆոլիո` բաղկացած պատրաստի հագուստներից, որոնք էթնիկական տարրեր կունենան: Անգլերենի միջին իմացությունը, բնականաբար, կարեւոր է, որովհետեւ շփվելու են եվրոպացի դիզայներների հետ: - Հանրաճանաչ դիզայներները եւս կարող են մասնակցել ծրագրին: Վերջինների ֆոնին գուցե այլ նկարիչ-մոդելավորողների “Նորաձեւության ճանապարհ”-ին մասնակցելու շանսերը նվազեն: - Ողջունում ենք ցանկացած դիզայների, ով, ինչպես նշեցի, ունի նվազագույնը երկուսից երեք տարվա աշխատանքային փորձ, սկսնակ չի, ճանաչում է  ոլորտը: Իհարկե, եթե ճանաչված դիզայներները հետաքրքրվեն ծրագրով, բնականաբար, մենք ուրախ կլինենք: Մեկ հանգամանք կա, որ շատ կարեւոր է. դիզայներները պետք է կարողանան երկու տարի իրենց ժամանակը տրամադրել ծրագրին: Եվրոպացիներն էլ համապատասխան դիզայներներ պետք է ընտրեն: Ամեն մի հայ աշխատելու է մեկ եվրոպացի դիզայների հետ. կազմվելու է հինգ զույգ: Arevik Saribekyan - Ծրագրի կառուցվածքը ինչպիսի՞ն է: - Այն պաշտոնապես կմեկնարկի 2011-ի մայիսին` միջազգային սեմինարով, որին կմասնակցեն Հայաստանից եւ Եվրոպայից ընտրված նկարիչ-մոդելավորողներն ու փորձագետները: Դրան կհաջորդեն տվյալ ոլորտի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացներ: Եվրոպայից ժամանած մոդելավորողների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր: Նրանք կայցելեն մեր մշակութային վայրերը, եկեղեցիները, արվեստի կենտրոնները, թանգարանները. այն բոլոր վայրերը, որոնք ներկայացնում են մեր մշակութային արժեքները: Կձեւավորվեն ստեղծագործական զույգեր, եւ նմանատիպ փոխայցելություններ կլինեն եվրոպական երկրներ: - Հավաքածուն ինչպիսի՞ն պետք է լինի: - Միմյանց մշակույթին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր զույգ կաշխատի չորս մասից բաղկացած հավաքածուի ստեղծման ուղղությամբ, որը պետք է մարմնավորի, օրինակ, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի մշակույթները:  Արվեստի գործ պետք է լինի, որ կներկայացնի մշակութային արժեքներ: Հավաքածուն կցուցադրվի Երեւանում, Հայաստանի չորս մարզերում, այնուհետեւ` մասնակից եվրոպական երկրներում: Arevik Saribekyan - Նախագիծը ի՞նչ է տալու Հայաստանին եւ հայ դիզայներներին: - Համոզված եմ, որ այն Հայաստանին կտա եւս մեկ հնարավորություն ճանաչվել այլ երկրներում: Ցուցահանդեսների միջոցով ներկայանալու ենք մեր մշակույթով, ազգային ամբողջ հարստությամբ: Լինելու են նաեւ քննարկումներ, խոսվելու է մշակութային կապերի մասին, բնականաբար,  խոսվելու է Հայաստանի մասին` որպես մասնակից երկիր: Մի խոսքով, Հայաստանի եւս մեկ անգամ ճանաչում` այլ տեսանկյունից: Բացի այդ ծրագիրը հայ դիզայներներին հնարավորություն կտա միջազգային ճանաչում ձեռք բերել: Հույս ունենք, որ ծրագրի ավարտից հետո էլ դիզայներները համատեղ կաշխատեն: Ի դեպ, նկարիչ-մոդելավորողների մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 28-ը: Դիմումի ձևը կարող եք գտնել Բրիտանական խորհրդի կայքում` www.britishcouncil.am: Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն անգլերենով հարցազրույցի, որը նախատեսվում է անցկացնել 2011թ. հունվարի կեսին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Արնոս Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW