Եվրոպայում ֆեշնի հայ “դեսպաններն” ընտրված են :)
Բրիտանական խորհրդի նախաձեռնած` “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի մասին Bravo.am-ն արդեն իսկ պատմել է: Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծելու են 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որ 2012 թվականին կցուցադրվի Հայաստանում եւ եվրոպական վերոնշյալ հինգ երկրում:
Հայ նկարիչ-մոդելավորողների միջեւ հայտարարված մրցույթն ավարտված է: 19 դիմում-հայտ ներկայացնողներից 10-ն էր անցել հարցազրույցի փուլ, հանձնաժողովն էլ ընտրել է հինգին, ովքեր կդառնան հայկական մշակույթի եւ արվեստի “դեսպանները” Եվրոպայում:):
Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը Bravo.am-ին ասաց` ընտրությունը բավական դժվար է եղել, քանի որ յուրաքանչյուր մոդելավորող ինքնատիպ էր, իսկ նրանց ոգեշնչման աղբյուրները` տարբեր` ճարտարապետությունից մինչեւ երաժշտություն, նկարչությունից մինչեւ գրականություն: “Նախագծի նպատակն է, որ հայ դիզայներները համագործակցեն եվրոպացի գործընկերների հետ: Երկու տարվա ընթացքում հայ եւ եվրոպացի յուրաքանչյուր զույգի համատեղ ստեղծած չորս զգեստը պետք է շեշտի տվյալ երկրների ազգային ինքնությունն ու առանձնահատկությունները”,- նշեց ծրագրերի ղեկավարն ու հավելեց. “Տարբեր մշակույթներ համադրելը, որպեսզի, օրինակ, հայկական եւ դանիական ձուլվածքները համահունչ լինեն, բավական դժվար է”:
Հայկական ֆեշնի անունը բարձր կպահի
Մշակույթների համաձուլվածք ներկայացնող “արվեստի գործ” ստեղծողներից մեկն է Արամ Նիկոլյանը: Դիզայները Bravo.am-ի հետ զրույցում ասաց` ամեն ինչ կանի հայկական նորաձեւության անունը Եվրոպայում բարձր պահելու համար: Նա ողջունելի քայլ է համարում Բրիտանական խորհրդի նախաձեռնությունը. “Հայկական ֆեշն ինդուստրիայի զարգացման համար նման լավ նախագիծ վերջին տարիներին չի իրականացվել”: Արամը կազմակերպիչներին խնդրել է, որ իր եվրոպացի գործընկերը սկսնակ ուսանող չլինի. “Հակառակ դեպքում անհավասարություն կլինի, որովհետեւ առյուծի բաժինը դու կանես, բայց քանի որ ըստ կարծրատիպի` հարեւանի հարսը լավն է ու քաղցր, կասեն` լավ արդյունքը եվրոպացի մասնագետի շնորհքն է”:
Արամ Նիկոլյանի պես մոտավորապես գիտի` ինչ է ուզում ստեղծել “Ատեքս” նորաձեւության կենտրոնի մոդելավորող Անի Իսկանդարյանը: Եվրոպացի գործընկերոջը հայկական մշակույթով “վարակելու” համար 23-ամյա Անին որոշել է նրան անգամ Գորիս տանել:):
Իրար է “խառնում” նորաձեւն ու էթնիկը
Գայանե Սողոմոնյանն էլ, ով “Ատեքս”-ում մի քիչ աշխատելուց հետո որոշում է առանձնանալ եւ “իրենը” ունենալ, նշեց` կարծում է` ծրագրի նպատակը մշակույթներն իրար խառնելն ու զարգանալն է:). “”Ատեքս”-ում լիքը բան եմ սովորել` կարի տեխնոլոգիա, հագուստի նախագծում. բազային գիտելիքները տվել են, շատ գոհ եմ: Բնականաբար, Եվրոպայում նորաձեւության ինդուստրիան ավելի զարգացած է: Հայկական այդ կոմպլեքսը կա, որ նրանք ավելի լավն են, բայց դե ընթացքը ցույց կտա:)”: “Գայանե” նորաձեւության ստուդիայի հիմնադիրը սիրում է նորաձեւ հագուստի մեջ էթնիկ տարրեր ավելացնել. “Սիրում եմ ազգերի մշակույթներն ու էթնիկ վիճակները”: Նա իր հետ աշխատել պատրաստվող արտասահմանցի դիզայներին մտադիր է Փարաջանովի թանգարան տանել եւ միայն հայկական տարազ հագնող Լուսիկ Ագուլեցու հետ ծանոթացնել. “Նա գրագետ ձեւով գիտի հայկական տարազը”:
Ոգեշնչվում են :)
“Cristhas” նորաձեւության ստուդիայի հիմնադիր Քրիստինե Ավետիսյանը երեք տարի է` ինչ ֆեշն դիզայնով է զբաղվում: Նկարիչ-մոդելավորողը արտասահմանցի մասնագետների հետ համագործակցելու փորձ ունի. երկու տարի աշխատել է Դուբայում: “Զատիկ” ստուդիայի նկարիչ-մոդելավորողներից Լուսինե Կոստանյանը եւս հայկական ֆեշնի հինգ “դեսպաններից” մեկն է: Նա սկսել է խորապես ուսումնասիրել նախագծի մասնակից մյուս պետությունների ավանդույթներն ու պատմությունը. “Գուցե ինչ-որ դետալներ, պատմական որոշ դեպքեր ոգեշնչեն:)”:
“Նորաձեւության ճանապարհը” պաշտոնապես կմեկնարկի 2011-ի մայիսին` միջազգային սեմինարով, որին կմասնակցեն Հայաստանից եւ Եվրոպայից ընտրված նկարիչ-մոդելավորողներն ու փորձագետները: Դրան կհաջորդեն տվյալ ոլորտի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացներ: Եվրոպայից ժամանած մոդելավորողների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Հայաստանում Բրիտանական խորհրդի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: