Երիտասարդների “գիժ” նպատակը Համազգային թատրոնում օրեր առաջ կայացել է երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանի բեմադրած “Վոյցեկ” մյուզիքլի պրեմիերան: Ներկայացման մեջ զբաղված է շուրջ 30 մասնակից՝ դերասաններ, երաժիշտներ, պարողներ: Համանուն երաժշտական ներկայացման գլխավոր հերոս Վոյցեկը ժամանակակից մարդու կերպար է, որը տքնաջան աշխատում է, բայց մի քանի այլ կերպար՝ հանրությունը, խեղաթյուրում են նրա եւ կնոջ անձնական կյանքն ու անդորրը: Դերերում են Արմեն Սարգսյանը, Շողիկ Գրիգորյանը, Նարեկ Բաղդասարյանը, Ներսես Մարկոսյանը, Օֆելյա Բեգոյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ռշտունի Գրեյանը, Լիանա Ավետիսյանը, Արեւիկ Խաչատրյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ այլք: Ներկայացման ողջ ընթացքում երաժիշտներն ապահովում են կենդանի նվագակցությունը: Ստեղծագործական կազմում միայն երիտասարդներ են՝ բեմադրիչից մինչեւ խմբավար: Ինչպես նրանք են նշում, “երիտասարդ են, բայց հանդիսատեսի համար տարիքային սահմանափակում չեն դնում”: Խորեոգրաֆը Գոհար Հովհաննիսյանն է, դիրիժորը՝ Աննա Տերտերյանը, բեմանկարիչը՝ Հայարփի Խաչատրյանը: “Հայաստանում այնքան շատ են էնտուզիազմով մարդիկ”. Արթուր Մակարյան Երիտասարդ բեմադրիչ Արթուր Մակարյանը սովորել է արտերկրում, իր կուտակած փորձն ու գիտելիքը որոշել գործածել հայաստանյան թատրոնում. “Այստեղի կրթությունն ինձ չբավարարեց, ուսումս կիսատ թողեցի ու Փարիզ մեկնեցի: Որոշել էի մնալ այնտեղ, բայց աշխատանքի ընդունվելուց հետո հասկացա, որ մարդկանց մեջ սիրտը չի խոսում, այլ՝ փողը: Գիտեի, որ Հայաստանում այնքան շատ են էնտուզիազմով մարդիկ, այնքան դերասաններ ունենք, իսկ մենք բողոքում ենք, որ դերասանական ռեսուրս չկա: Ինձ գրավում է բացառապես մյուզիքլային ժանրը, որոշել եմ այդ բացը Հայաստանում լրացնել ու նոր մյուզիքլներ բեմադրել”: Գեորգ Բյուխների “Վոյցեկ” պիեսը ներկայացված է երեք “լեզվով”՝ մարմնի, խոսքի ու երաժշտության: Երաժշտական հատվածները դերասանները երգում են անգլերենով: Ռեժիսորի հավաստմամբ՝ գլխավոր դերակատարներին ընտրելիս հաշվի է առել ձայնային տվյալներն ու երգեցողությունը. “Աշխատել ենք պլաստիկայի, ձայնի վրա, երկար ժամանակ փորձեր ենք արել: Ուզում էի հայերեն բառերով երգեին, բայց բավականաչափ միջոցներ չունենք թարգմանել տալու համար, հետո էլ հայերենով մյուզիքլ երգելը մի փոքր խորթ է մեզ համար”: “Կերպարս անբարո չէ”. Շողիկ Գրիգորյան Վոյցեկի կնոջը՝ Մարիային մարմնավորող Շողիկ Գրիգորյանը եւս սովորել է Փարիզում: 23-ամյա դերասանուհին իր կերպարի մասին հիացմունքով է խոսում. “Գործը սոցիալական շերտերի հակադրության մասին է, երբ մարդիկ շահագործվում են, չնչին գումար են աշխատում, ինչպես Վոյցեկը միայն սիսեռով էր սնվում, 3 կոպեկ գումարն էլ տուն էր բերում, կինն էլ մի կողմից կարծում էր՝ արժանի է հարուստ կյանքի: Բայց կերպարս անբարո չէ, ապաշխարում է, գիտակցում իր արարքը: Սպանությունն ոչ մի կերպ չեմ արդարացնում, ափսոսում եմ, որ վերջում Մարիային սպանում է”: “Մենք գիժ նպատակներ ունենք”. Արմեն Սարգսյան Վոյցեկի դերակատար Արմեն Սարգսյանն էլ որոշ ժամանակ աշխատել է Դրամատիկական թատրոնում, բայց այժմ համագործակցում է Արթուր Մակարյանի հետ. “Մենք գիժ նպատակներ ունենք, որոնք համընկնում են: Այս բեմադրությամբ ուզում ենք մեր թատերախմբի հիմքը դնել, հետո նաեւ անունը կորոշենք”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: