Խանդողների 2 տեսակ կա.
*Առաջին տիպի խանդողները նրանք են, ովքեր համակերպվել ու խոստովանում են, որ խանդոտ են: Ընդ որում, նաեւ պարծենում են դրանով՝ հիմնավորելով, որ դա բնական, բնազդային է, պնդում են, որ իրենց մոտ ուղղակի շատ է զարգացած սեփականատիրական զգացումը եւ այլն:
*Երկրորդ տեսակի խանդողներն ամեն կերպ փորձում են խուսանավել այդ որակումից՝ գիտակցելով, որ դրական բնութագրերից չէ իրենց հոգեբանական դիմագծի, կերպարի համար: Այդ երեւույթի անունը դնում են «անվստահություն շրջակա միջավայրի սեռաակտիվ օբյեկտների նկատմամբ», «անվստահություն ստեղծված իրավիճակի նկատմամբ», «դիմացինի առիթ տալ» եւ այլն: Խանդի անունը դնում են ինչ ասես, բացի հենց խանդը:
Ի դեպ, կարծում եմ՝ առաջին տեսակի հետ շատ ավելի հեշտ է առնչվել. միշտ պարզ է՝ ինչ է սպասելի նրանցից, ինչը՝ ոչ: Գոնե խաղի կանոնները հայտնի են, խաղի ընթացքն անկանխատեսելի չէ, տհաճ անակնկալներ գրեթե չեն լինում:
Խանդի մասին միֆերի ցանկը
Միֆ 1. «Եթե ամուսնուդ խանդելու առիթ ունես, սխալը քո մեջ փնտրիր եւ ուղղիր»:
Այս դիրքորոշումն ինձ մայրիկություն է հիշեցնում: Մայրիկություն՝ դեռահաս երեխայի նկատմամբ: Կինը կողակցի, օրինակ, դավաճանությունը կամ կնամոլությունը վերագրում է իր թերի աշխատանքին՝ «մի բան այն չեմ անում, այ, հիմա կուղղ(վ)եմ, ու ամեն բան լավ կլինի»: Նման կանայք հաճախ ֆինանսներ, էներգիա, էմոցիաներ են ծախսում՝ գեղեցկության սրահներն ու մարզադահլիճները սանրելով, նույնիսկ պլաստիկ վիրահատություններ անելով: Եթե այս ամենը նրանց ուրախություն է պարգեւում, օքեյ: Բայց հուսալ, որ այս ամենի արդյունքում ամուսինը կդադարի շուրջը նայել, դավաճանել, անիրատեսություն է: Ամենամեծ աղետներից է, երբ խանդող կնոջը խորհուրդ են տալիս ուսումնասիրել ամուսնու ուշադրությունը գրավող մրցակցուհիներին ու հասկանալ՝ ինչը չի բավականացնում նրան: Կինը հիմարաբար սկսում է փոխել իրեն ու բոլորովին կորցնել սեփական դեմքը: Այսպիսի տխուր պատմությունները սովորաբար 2 ավարտ են ունենում. կամ տղամարդն է՛լ ավելի է հեռանում արհեստական կերպար ձեռք բերած կնոջից, կամ կինը սկսում է զզվել ամուսնուց, քանզի բարդ է չզզվել նրանից, ում պատճառով մենք ստիպված ենք մեզ լրիվ այլ մարդու տեղ դնել:
Միֆ 2. «Խանդը կանցնի, եթե ամեն րոպե իմանաս՝ որտեղ է ամուսինդ եւ ում հետ»:
Իրականում, որքան մեծ է հսկողությունը, այնքան այն հոգնեցնող, ձանձրացնող ու վանող է: Այս կերպ խանդն արտահայտող, հսկող, ստուգող, հոգնեցնող կինն ավելի ու ավելի է խրվում խնդիրների մեջ: Որովհետեւ բացի խանդելու իրական առիթներից, կինն այս «բռնեցրու ինձ, թե կարող ես» խաղից թունդ գրգիռ է ստանում: Էմոցիոնալ ցնցումներ՝ սկսած այն պահից, երբ ոչ հեռախոսով, ոչ սոցցանցերով կողակիցը հասանելի չէ, մինչեւ այն պահը, երբ տուն է գալիս ու համբուրում: Այս ամենը խանդը թմրանյութ է դարձնում:
Միֆ 3. Խանդը սիրո նշան է: Խանդը ոչ թե սիրո, այլ անինքնավստահության նշան է, եւ ուղղակիորեն կապ չունի ոչ մի զուգընկերոջ հետ: Պարզապես, իքս զուգընկերոջ կողքին դու քեզ ավելի ինքնավստահ ես զգում, իգրեկի կողքին՝ անինքնավստահ: Եթե խանդում ես, նշանակում է՝ համեմատում ես ինքդ քեզ այլ սեռակիցների հետ, ու այդ համեմատության մեջ տանուլ տալիս քո հատկանիշներով, քո աչքում:
Միֆ 4. Խանդում եմ ոչ թե զուգընկերոջս կամ կողակցիս, այլ սեռակիցներիս չեմ վստահում:
Սեռակիցներիդ՝ այսինքն բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են գայթակղել զուգընկերոջդ: Իրականում, դու չես վստահում միայն ինքդ քո ուժերին՝ «ես այնքան վատն եմ պայմանականորեն, որ կողակցիս կարելի է շեղել»: Սա է խանդի մեխանիզմը, ավելի վեհ ու վսեմ բաներ իմաստ չունի փնտրել այստեղ:
Փաստորեն, ի՞նչ է խանդը.
Ներողություն եմ խնդրում բոլոր գաղափարական խանդողներից, բայց խանդը ցածր ինքնագնահատականի վառ արտահայտման ձեւ է: Որքան ցածր է ինքնագնահատականը, այնքան զանգվածային ու հիվանդագին է խանդը:
Ի դեպ, լինում են դեպքեր, երբ անձն ասում է՝ ես խանդոտ չեմ, նախկինիս չէի խանդում, իսկ այ, քեզ չեմ վստահում, որովհետեւ դու ինքդ ես կասկածների տեղիք տալիս: Նորից ամրագրենք՝ վստահել-չվստահելը կապ չունի: Պարզապես համարում ես, որ նախկինն արժանի է քեզ, իսկ ներկայի կողակցից դու որակով հետ ես մնում, ու նրան կարելի է գայթակղել-տանել: Այսքան բան:
Բացի վերը նկարագրված հոգեբանական մեկնություններից, խանդը նաեւ աշխարհի ամենաանտրամաբանական ու ոչ պրակտիկ արարողություններից է: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե կողակիցդ կողքիդ է, ուրեմն քեզնից լավին չի ուզում ու չի գտել: Եթե գտնի եւ ցանկանա գնալ, կգնա ամեն դեպքում՝ անկախ նրանից, թե դու օրական քանի անգամ հեռախոս կստուգես, ինչ խաչաձեւ հարցեր կտաս նրան բռնեցնելու համար, ինչ հագուստ թույլ կտաս հագնել, ինչը՝ ոչ: Եթե գնալու է, կգնա: Ո՞րն է իմաստը խանդի վրա այդքան էներգիա, էմոցիա ու ժամանակ ծախսելու:
Խանդը հարաբերությունների համար մեծագույն չարիք է, որքան էլ ձեզ ու դիմացինին հակառակը փորձեք համոզել: Ինչպես քաղցկեղն օրգանիզմի համար՝ իր կործանարար մետաստազներով: Դա ապացուցում են խանդի արդյունքները՝ լարվածություն, վիրավորանք, լաց, դեսպոտություն, անվերջ հաշվետվություններ եւ այլն:
Կարելի՞ է արդյոք խանդը վերացնել
Սեփականը՝ այո: Պետք կգան մեծ կամքի ուժ, «ոչ ոք ոչ ոքի չի պատկանում», «յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական ու անձնական տարածքի, կյանքի», «քո զուգընկերը սեփականությունդ չի դառնում միայն նրա համար, որ սիրում ես» հաստատումների գիտակցում:
Դիմացինի խանդը վերացնել երբեք հնարավոր չէ, որովհետեւ պատասխանատու չեք նրա բարդույթների ու ցածր ինքնագնահատականի համար: Նույնիսկ իմաստ չունի փորձել ու չարչարվել այդ ուղղությամբ: Այդպիսով դուք ոչ միայն չեք օգնում դիմացինին, այլեւ վնասում եք՝ նրա պատասխանատվության զգացումը թուլացնելով:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: