×


Ռուզաննայի եւ Վահանի հարսանիքի անակնկալներն ու հայտնի հյուրերը

Երիտասարդ դերասաններ Վահան Միրաքյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամուսնացել են: Ռուզաննան BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքը, ինչպես նաեւ պատմել է՝ ինչպես է անցել հարսանիքը, ովքեր են եղել հյուրերը, եւ թե ով է ստանձնել քավորի պարտականությունները:



«Առավոտյան շատ շուտ շտապեցի գեղեցկության սրահ: Ինձ կանգնեցրեց ճանապարհային ոստիկանը, խնդրեց փաստաթղթերս ու ասաց, որ պետք է ստուգի սթափությունս: Ընկերուհուս հետ որոշել էինք գինի խմել, բախտս բերեց, որ չէինք հասցրել: Վահանը չեկավ իմ տուն, այլ սպասում էր ինձ եկեղեցում: Եկեղեցու բակում ջութակահարներ կային: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Խորանի մոտ անհասկանալի ծիծաղ էր համակել բոլորիս, կարծում եմ՝ ուրախությունից, հուզմունիքից էր» ,-ասել է նա:

Վահան Միրաքյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը


Քավորի պարտականությունները ստանձնել է Համազգային թատրոնի դերասան եւ տնօրեն Արման Նավասարդյանը.«Վահանի 8 տարվա երազանքն էր, որ նա լինի մեր հարսանիքի քավորը: Ամուսնուս կուրսղեկն է եկել: Շատ շնորհակալ ենք նրան ու մեր քավորկնոջը, ով ռեստորանում իր վրա վերցրեց լավաշի ու մեղրի արարողակարգն անցկացնելու պարտականությունը»:


Զույգը շատ ավանդույթներից հրաժարվել է.«Վալս չենք պարել: Սկզբում ներս մտավ պարի խումբը, հետո՝ մենք: Իմ հարսի պարն էլ ավանդական հարսի պարին նման չէր: Պարել եմ հայկական տարազով ու պարի խմբի հետ, քանի որ ինքս պարուհի եմ: Պարը բեմադրել էր իմ պարուսույցը: Հյուրերը նշում էին, որ զարմացած են, թե ինչքան գեղեցիկ եմ պարել»:

Ռուզաննայի եւ Վահանի պսակադրությանը



Քանի որ ամուսինները դերասաններ են, հյուրերի մեծ մասը նույն ոլորտի մարդիկ են եղել.«Հարսանիքը վարում էին մեր մտերիմ ընկերները՝ Ստեփան Ղամբարյանը եւ Արթուր Գեղամյանը: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Ներկա էին Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Գոռ Համբարձումյանը, Մարինա Մնացականյանը, Սեյրան Մովսիսյանը, Գոռ Մարգարյանը, Սիրանուշ Լազյանը եւ շատ ուրիշներ: Անդրանիկ Հարությանը չկարողացավ գալ. խոսք է տվել, որ մեր ամուսնության տասը տարին ինքն է վարելու: Անդրանի՛կ, պատրաստվի՛ր, մենք նշելու ենք (ծիծաղում է,-հեղ.)»:


Երեկոն Ռուզաննայի համար անակնկալներով լի է եղել.«Եկավ ծաղկեփունջը նետելու պահը, ես շատ հոգնած էի, չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց ծաղկեփունջը հայտնվեց ոչ թե աղջիկներից մեկի ձեռքում, այլ ջահի վրա: Շատ անակնկալներ ունեցա. երկու եղբայրներս ծառայության մեջ են, մեկը կարողացավ գալ ու անակնկալ անել ինձ: Ընկերուհիս նույնպես ինձ անակնկալ արեց Մոսկվայից: Ամենամեծ անակնկալը հայրիկիս երգն էր՝ նվիրված ինձ: Նա, չլինելով երգիչ, այնպես երգեց, որ հուզեց բոլորին»,- պատմել է նա:

Ռուզաննա Մանուչարյանը



Պարզվում է՝ տարոսիկները, մոմերը եւ բաժակները հենց հարսիկն է զարդարել. «Տարոսիկները ես եմ պատրաստել: Քանի որ տարոսիկը կարեւոր խորհուրդ ունի, որոշեցի՝ քաղցրը կլինի մեղրը, որը մեր հյուրերը հետո թեյով կհամտեսեն: Մոմերն ու բաժակները նույնպես ես եմ պատրաստել: Զգեստիս ընտրությունը բարդ էր: Երկար պտտվել եմ քաղաքի խանութներով, մինչեւ գտել եմ իմ երազանքների զգեստը»:


Նորապսակները մեղրամսի չեն գնա, այս պահին երկուսն էլ զբաղված են աշխատանքով.«Հիմա մի փոքրիկ հանգիստ ենք կազմակերպել մեզ համար քաղաքից դուրս: Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք ճամփորդել»,-եզրափակել է Ռուզաննան:



BRAVO.am-ը նորապսակներին մաղթում է հարատեւ սեր եւ երջանկություն:


Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Մանուչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW