×


Սեդա Շահնազարյանը առաջին անգամ խոսում է վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու պատճառի մասին

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ «Շանթ»-ի սերիալներից հայտնի երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Օրեր շարունակ 18-ամյա Սեդան վերակենդանացման բաժանմունքում է եղել: Պատճառի վերաբերյալ այս ընթացքում համացանցում ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին: Այժմ, բարեբախտաբար, նրա վիճակը լավ է. վերադարձել է բնականոն կյանքի, աշխատում է, սովորում, իսկ BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ պատմել է, թե իրականում ինչ էր պատահել իրեն:

Պատճառը

Սովորական սննդային թունավորում էր, որ կարող է լինել յուրաքանչյուրի հետ եւ որից մարդիկ են մահանում: Պարզ չէ՝ ինչից է եղել թունավորումը, քանի որ ես ե՛ւ դրսի անառողջ սնունդ եմ կերել, ե՛ւ պահածոյացված: Իմ կողքի հիվանդասենյակում ամուսիններ էին պառկած, ովքեր պահածոյացված ուտելիքից էին թունավորվել: Ցավոք, ամուսինը մահացավ: Սկզբում սրտխառնոց եմ ունեցել, մայրս հորդորել է բժշկի դիմել, հրաժարվել եմ, բայց տեսնելով, որ վիճակս աստիճանաբար վատանում է, ինքս խնդրեցի:

Սեդա Շահնազարյանը


Հիվանդանոցում հայտնվելուս մասին շատ տարբեր կարծիքներ եմ լսել, որոնք նախ անտանելի վիրավորում էին ինձ, եւ դա այն ժամանակ էր, երբ նոր էի դուրս գրվել եւ ինձ լիովին հանգիստ էր անհրաժեշտ: Խոսակցություններն ուղղակի աբսուրդի էին հասնում. Մարդիկ, հանգստացեք, ուղղակի սննդային թունավորում էր, որից ոչ մեկս էլ ապահովագրված չենք:

«Պետք է ավելի մաքուր ապրել»

Երկուսուկես ամիս մնացել եմ հիվանդանոցում. շատ բաներ եմ ապրել, որ նույնիսկ թշնամուս չէի ցանկանա: Չեմ ուզում հիշել ու պատմել, պարզապես ուզում եմ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել, որ վերջում բոլորս էլ դատաստանի առաջ ենք կանգնելու, եւ պետք է փորձել ավելի մաքուր եւ բարի կյանքով ապրել:

Սեդա Շահնազարյանը


«Մազերիցս հրաժարվեցի եւ սպիեր ունեցա»

Երեք շաբաթ անգիտակից լինելուց հետո, երբ արթնացա, հասկացա, որ մազերս հնարավոր չէ սանրել: Մի գեղեցիկ օր բուժքույրերից մեկին ասացի, որ ուզում եմ կտրենք մազերս, եւ այդ ռիսկային քայլն արեցինք:
Շատ սպիեր ունեմ. երկու հատ որովայնիս, մեկ հատ կողոսկրիս, իսկ վզիս հատվածինն արված է եղել՝ շնչառական սարք միացնելու համար, քանի որ թոքերս չէին աշխատում:

Երկրորդ կյանք

Այժմ անցել եմ կյանքի բավական ակտիվ ռիթմի. սովորում եմ Մանկավարժական համալսարանում, աշխատում եմ, նաեւ նոր հետաքրքրություններ ունեմ. պարի եմ հաճախում, նաեւ սիրում եմ միայնակ ֆիլմ դիտելու գնալ: Ցավոք, դեռ նկարահանումներ չկան, հուսամ` շուտով կլինեն: Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենիա» ԲԿ-ի բուժանձնակազմին` ինձ երկրորդ կյանք տալու համար, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սեդայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW