×


Սերգեյ Հակոբյան.“Երբ իմ առջեւ կին է, որի հետ կարելի է սեքսով զբաղվել”

“Այն, ինչ գռեհիկ է, չի կարող լինել գեղեցիկ: Այն, ինչ գեղեցիկ է, կարող է լինել սեքսուալ: Եվ այն, ինչ սեքսուալ է, կարող է գռեհիկ լինել: Ասում են` մարդն այն է, ինչ լուսանկարում է: Եթե մեկը լուսանկարում է գռեհիկ տեսարաններ, ուրեմն նա հենց այդպիսին է: Լուսանկարներում արտահայտվում է ոչ միայն մոդելի, այլեւ լուսանկարչի ներաշխարհը: Եթե անգամ մոդելը ցանկանա, որ իրեն գռեհիկ կերպով լուսանկարեմ, չեմ կարողանա”. այս խոսքերը, ինչպես նաեւ ստորեւ ներկայացված մտքերը BRAVO.am-ի “Sex &…” բաժնի համար նախատեսված հարցազրույցի ժամանակ ասել է լուսանկարիչ, “Հայ լուսանկարիչներ” ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, որը հանդես է գալիս նաեւ “Nude Art” ոճում:

Լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը


Կարեւոր չէ, թե որքան կին ես մերկացնում ստեղծագործական կյանքիդ ընթացքում, կարեւոր է, թե ինչպես ես մերկացնում ու ինչպես ես ներկայացնում մերկությունը:
 
Հիմնականում լուսանկարում եմ երիտասարդների, որոնք չեն ամաչում թաքցնել իրենց մերկ մարմինը, բայց բնորդներիս, որպես կանոն, միշտ շղարշում եմ ստվերներով, նրանք քողարկված են ինչ-որ դետալներով:

Բնորդներն են առաջարկում, որ իրենց մերկ լուսանկարեմ, բայց երբեմն, երբ հանդիպում եմ այնպիսի մոդելի, որը գրավում է ինձ, ունի հետաքրքիր դիմագծեր կամ մարմնի մասեր, որոնք կարող են գեղեցիկ դիտվել լուսանկարում, բնականաբար, արդեն առաջարկն իմ կողմից է լինում:

Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից


Կանայք միշտ չէ, որ ցանկանում են մերկ լուսանկարվել, բայց  կան այնպիսինները, որոնք փորձում են այդ ձեւով ցուցադրել իրենց ազատ ու անկեղծ լինելը: Իսկ ինչ վերաբերվում է ավելի տարեց կանանց, ապա մերկ լուսանկարվելու միջոցով նրանք ինքնահաստատվում են` հուսալով, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

Տղամարդու մկանուտ մարմինը միշտ ավելի հրապուրիչ է համարվել, բայց այն որպես լուսանկարելու նյութ ինձ չի գրավում:

Կան երիտասարդ լուսանկարիչներ, որոնք ասում են, թե մերկ կանանց հետ գործ ունենալու նպատակով են ընտրել այս մասնագիտությունը: Անկեղծ ասած` ես ողբում եմ այդ տղամարդկանց վիճակը:

Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից


Իմ լուսանկարներից հետո երբեք ոչ մի բնորդի անձնական կյանում խնդիրներ չեն առաջացել:  Երբեւէ չեմ խախտել էթիկայի օրենքները: Վստահությունը լուսանկարչի եւ մոդելի միջեւ պետք է լինի սկսած աշխատանքի սկզբից մինչեւ կյանքի վերջ:

Դեպք է եղել, երբ ամուսինն է պատվիրել, որ իր կնոջը կիսամերկ լուսանկարեմ.  այդ լուսանկարները զարդարում են իրենց տան պատերը: Պետք է այնքան զգույշ աշխատել, որ գռեհկությունն ու սեքսուալությունը չերեւան: Այս խնդիրը ոչ բոլոր լուսանկարիչներն են կարողանում լուծել:

Վերոնշյալ դեպքը Հայաստանում չի եղել. այստեղ եթե անգամ  նման մենթալիտետով տղամարդ գտնվի, նա ամենայն հավանականությամբ պատվեր անելու համարձակություն չի ունենա:

Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից


Բացի իմ կնոջից, հայ կանանց մարմինը շատ մոտիկից չեմ ճանաչում, բայց տգեղ, ոչ սեքսուալ կին չեմ պատկերացնում: Կնոջ մարմինը միշտ էլ գրավիչ է ու հաճելի:

Մասնագիտության, հատկապես մերկ կանանց լուսանկարելու պատճառով անձնական կյանքում երբեւէ խնդիրներ չեմ ունեցել ու չեմ էլ ունենա, քանի որ լուսանկարիչ-մոդել հարաբերությունները երբեք անձնական բնույթի հարաբերությունների չեմ վերածում:

Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից


Ընդամենը մեկ անգամ եմ դավաճանել, այն էլ` առաջին կնոջս երկրորդի հետ: Մասնագիտությանս պատճառով ծագած խնդիրներ չեմ ունեցել նրանցից ոչ մեկի հետ:

Լուսանկարելու ժամանակ մոռանում եմ, որ իմ առջեւ կին է, որի հետ կարելի է սեքսով զբաղվել: Նա ինձ համար պարզապես նյութ է:

Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից


Մերկ մարմնի գայթակղությանը չդիմանալով` չես կարողանա կատարել աշխատանքդ: Եթե լինի գայթակղություն, չի լինի արդյունավետ աշխատանք: Չնայած` որոշակի չափով հրապուրանք, իհարկե, պետք է լինի:

Հետաքրքրությունը կնոջ մարմնի նկատմամբ չեմ կորցրել: Ինձ համար մերկություն նկարելը վարժության նման մի բան է: Ուրիշ հարց է, երբ լուսանկարիչը մնում է այդ ոճի մեջ: Հիմա շատ քիչ եմ մերկ մոդելների լուսանկարում, ինձ այլ թեմաներ են հետաքրքրում: Բայց դա արել եմ ու պարբերաբար անում եմ, որպեսզի պահպանեմ մարզավիճակս:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սերգեյ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW