«Էլենի օրագիրը» սերիալում Լեւոնի դերակատար Սիսիան Սեփանյանը ԵՊՀ թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող է: Սա դերասանի երկրորդ մասնագիտությունն է. մինչ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելը նա ավարտել է Թեհրանի «7-րդ արվեստ» ինստիտուտը: Թե ինչու վերադարձան հայրենիք, ինչպես հայտնվեց հեռուստատեսությունում, որ ներկայացումներում է այժմ ընդգրկված, ինչ արձագանքներ է լսել եւ ինչ նախասիրություններ ունի, դերասանը պատմել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում:
«Դժվարություններ եղել են»
Հայաստանում մշտապես բնակվելու մտադրություն միշտ է եղել. ուզում էինք մեր հայրենիքում ապրել, եւ տեղափոխման հիմնական պատճառը դա էր։ Դժվարություններ, իհարկե, եղել են, քանի որ հեռու էի իմ ընկերներից ու հարազատներից, բայց դա ընդամենը ժամանակավոր խնդիր էր: Իսկ լեզվամտածողության խնդիր ի սկզբանե չի եղել: Իմ առաջին լեզուն հայերենն է ու միշտ հայերենով եմ մտածել: Իսկ մենք գիտենք, որ անհատի մտքերի լեզուն հենց այն լեզուն է, որով հաղորդակցվելը ամենից հարմարն է մարդու համար: Ինչ վերաբերում է հայերենի շեշտադրության ճիշտ յուրացմանը, ապա շատ արագ կարողացա հաղթահարել սկզբնական դժվարությունները։
Սիսիան Սեփանյանը
«Վատ արձագանքներ…»
Հեռուստատեսությունից առաջարկ ստացա` «Օտարը» սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելու, սցենարը եւ կերպարը միանգամից գրավեցին ինձ։ Դրա ավարտից հետո էլ շարունակեցի նկարահանվել արդեն «Էլենի օրագիրը» սերիալում: Անկեղծ ասած` վատ արձագանքներ դեռ չեմ լսել, լսածից էլ միայն կարելի է ենթադրել, որ կերպարը ստացված է. աշխատել եմ հնարավորինս հետաքրքիր մարմնավորել։
«Կարեւորում եմ…»
Իհարկե, կարեւորում եմ մասնագիտական կրթություն ստանալը, քանի որ ինչքան էլ մարդը լինի տաղանդավոր ու շնորհաշատ, այդ ամենը բավական չէ` ինքդ քեզ իսկապես ճիշտ տեղում զգալու համար: Պետք է մշակել եւ զարգացնել բնությունից տրված օժտվածությունը եւ ոչ միայն բուհ հաճախելով. դա պետք է դառնա ապրելակերպ, կարելի է ասել, բոլոր մասնագիտությունների դեպքում, հատկապես` դերասանի։ Քանի որ Թեհրանում դերասանի վարպետություն էի սովորել «7-րդ արվեստ» միջազգային ինստիտուտում, այստեղ ոչ թե Թատերական ինստիտուտն ընտրեցի, այլ մտածեցի երկրորդ մասնագիտություն ստանալու մասին:
Հաջողության գրավականը
Ըստ իս` հաջողության գրավականը աշխատասիրությունն է ու նվիրվածությունը քո կատարած աշխատանքին, իսկ ամենակարեւորը` հավատալ ինքդ քեզ։
Սիսիան Սեփանյանը
«Երազներումս տեսած տեսարանները…»
Այո, մեկ-մեկ ստեղծագործում եմ, ընդամենը մի քանի գործ եմ հրապարակել, բայց արձագանքներից ցնցված եմ եւ այսուհետ կփորձեմ ավելի հաճախ հրապարակել։ Ճիշտն ասած` չեմ հիշում, թե վերջին անգամ ինչ եմ գրել, բայց վերջին շրջանում գրածներս երազներումս տեսած տեսարանների մասին են:
«Շատ ոգեւորված եմ»
Հաճախ եմ ներկայացումներ դիտում, այժմ էլ երկու ներկայացման մեջ ներգրավված եմ, որոնց պրեմիերան կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Շատ ոգևորված եմ, քանի որ հայ հանդիսատեսը առաջին անգամ է ինձ բեմում տեսնելու, եւ որ առավել պարտավորեցնող է` երկու ներկայացումներն էլ շատ լավն են: Մեկը Կամյուի «Կալիգուլան» է, մյուսը` Պետեր Տուրինի «Առնետաորսը»:
«Հաճախ են հարցնում…»
Հաճախ են հարցնում` արդյոք կապ ունեմ Սիսիան քաղաքի հետ: Բայց իրականում` հայրս է անունս ընտրել` փորձելով վերականգնել հին հայկական արական անունները։ Սիսիանը եղել է Հայկ նահապետի ավագ որդու անունը: Քույր, եղբայր չունեմ, մայրս տնային տնտեսուհի է, հայրս` բիզնեսմեն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիսիանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: