×


Սրբուհի Սարգսյանը

Սրբուկ.«Մտածեցի՝ այնքան լավ եմ երգում, որ բոլորը խուճապահար են, բայց իրականում...»

Սրբուհի Սարգսյանն արդեն հայրենիքում է եւ պատրաստ է երկրպագուների հետ կիսվել «Ուկրաինայի ձայնը» նախագծից ստացած տպավորություններով ու հետաքրքիր պատմություններով: BRAVO.am-ը նրան դիմավորել եւ լուսանկարել էր օդանավակայանում, ծավալուն զրույց ունեցել նախագծի ողջ ընթացքի մասին, իսկ այսօր ներկա ենք գտնվել նաեւ երգչուհու մամուլի ասուլիսին:

Սրբուկը նախ անդրադարձավ իր ելույթի ժամանակ մեծ էկրանին հայտնված ադրբեջանական դրոշի միջադեպին եւ կրկին ընդգծեց՝ այդ ամենը նախապես մտածված չի եղել.«Փորձերի ժամանակ ես հետեւել եմ լեդերին, եւ նման բան չի եղել: #human հեշթեգը պետք է գրված լիներ հայկական եւ ուկրաինական դրոշների գույներով, եւ անհասկանալի է՝ ինչպես հայտնվեց Ադրբեջանի դրոշը: Ես պարզապես ցանկանում էի ցույց տալ եւ լուսաբանել այն, ինչ տեղի էր ունենում այդ օրերին Հայաստանում: Բայց ելույթիս վերջին հատվածում տեսա, որ ուղիղ եթերում անձնակազմը խուճապահար վազում է այս ու այն կողմ, չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ճիշտն ասած՝ ինձ թվում էր՝ ես այնքան լավ եմ երգում, որ բոլորն այդպես խուճապահար են, բայց իրականում դա չէր պատճառը (ժպտում է,- հեղ.): Իհարկե, նրանք հետո պաշտոնապես ներողություն խնդրեցին ինձնից եւ մեր ազգից»:

Սրբուհի Սարգսյանը


Նա նշեց, որ նախագծի անձնակազմի հետ հիմնականում ռուսերեն լեզվով էին շփվում, թեեւ նրանք, ի դեմս իր մարզչի՝ Պոտապի, շատ դժվարությամբ էին արտասանում իր անունը: Ես հիշում եմ, թե Պոտապի հետ ինչքան էինք տանջվում, որ նա հայերեն արտասանությամբ ասի՝ Սրբուհի: Մենք պարապեցինք, շատ փորձեր արեցինք, բայց մեկ է՝ նա ուղիղ եթերում էլի սխալ հնչողությամբ ասաց անունս (ծիծաղում է,- հեղ): Իհարկե, մենք նայեցինք իրար ու ծիծաղեցինք, որովհետեւ ամբողջ դժվարին գործընթացը, որը մենք հաղթահարել էինք, ջուրն ընկավ: Չգիտեմ, միգուցե հետագայում անունս ձեւափոխեմ, որովհետեւ այլ երկրներում շատ դժվարությամբ են արտասանում»:

Նրանք, ովքեր հետեւել են նախագծին, տեսած կլինեն, որ Պոտապը շատ էր ցանկանում՝ Սրբուկը հայերեն կատարմամբ հանդես գա: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որն էր պատճառը: Պարզվեց՝ պրոդյուսերների որոշումն է եղել, քանի որ մտավախություն են ունեցել, թե Ուկրաինայում չեն քվեարկի Սրբուկի օգտին.«Երկար ժամանակ Պոտապն էլ էր պայքարում, որ հայերեն երգեմ, բայց հետո մենք հասկացանք՝ իսկապես չի քվեարկի տեղի հանրությունը: Իմ` օտարերկրացի լինելու փաստը նրանց կաշկանդում է, դրա համար էլ հետ կանգնեցինք մեր այդ գաղափարից: Հայերենը ես հետո կհնչեցնեմ ինչ-որ մի տեղ, ոչինչ:)»,- ասաց երգչուհին:

Ինչ վերաբերում է նոր մրցույթներին մասնակցելու հավանականությանը, ապա Սրբուհին անկեղծացավ, որ նախագծի ընթացքում հասկացել է՝ չբացահայտված դեռ շատ կողմեր ունի, որոնք մեծ հաճույքով կուզեր ցույց տալ այլ նախագծերի ընթացքում.«Եթե հնարավորություն լինի մեր երկիրը ներկայացնել, շատ լրջորեն կպատրաստվեմ եւ մեծ հաճույքով կներկայացնեմ»,- նշեց նա:

Սրբուհի Սարգսյանը


Սրբուկն արդեն մեկ բացօթյա համերգ ունեցել է Երեւանում, շուտով կթողարկվի նաեւ նրա նոր երգի տեսահոլովակը: Կշարունակվեն իր բենդի հետ համերգները տարբեր երաժշտական ակումբներում, իսկ ամռանը կմեկնի համերգային շրջագայության: Մինչ այդ, սակայն, կհասցնի համերգով հանդես գալ նաեւ Արցախում. առաջարկը հենց այսօր է ստացել, պատրաստվում են քննարկել: Առաջարկներ է ստացել նաեւ տարբեր պրոդյուսերներից, սակայն դեռ չի շտապում որեւէ մեկի հետ աշխատել, քանի դեռ չի գտել իրեն հոգեհարազատ եւ պրոֆեսիոնալ մասնագետի:

«Ես իրականում ինձ տեսնում եմ ավելի մեծ քաղաքներում, մեծ բեմերում, քանի որ սիրահար եմ մեծամասշտաբ համերգների: Մեծաքանակ հանդիսատեսի տված էներգետիկան ինձ ուղղակի տանում է մեկ այլ իրականություն: Դրա համար պատրաստ եմ չարչարվել, շատ աշխատել, որ անպայման վայելեմ այդ էներգիան: Իհարկե, իմ հայրենիքում միշտ լինելու եմ, միշտ երգելու եմ, բայց շատ եմ ուզում դրսում նույնպես փորձել իմ ուժերը. հասկացել եմ, որ անհնարին ոչինչ չկա: Կարեւոր չէ, թե դու որտեղ ես ծնվել՝ փոքր երկրում, թե մեծ քաղաքում: Եթե ցանկություն կա, կարող ես հասնել քո երազանքին»,- համոզված է երգչուհին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW