Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Երբ փողոցում պատահաբար արտասահմանյան որեւէ մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնի մարդու ես տեսնում, մտքումդ հաստատ ասում ես` մարդիկ ապրում են, էլի… :) Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ նրանց «աստղային» հոնորարները թույլ են տալիս սեփական միջոցներով ձեռք բերել իրենց քառանիվ նժույգը: Նրանցից շատերին այդ հարցում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել սիրելի հայրիկները /տեսնես առանց նրանց ի՞նչ էին անելու:)/: Դե ինչ, տեսնենք, թե մեր երիտասարդ հայտնիներից ով ինչ ավտոմեքենա է նախընտրում եւ ընդհանրապես ինչ է ավտոմեքենան նրանց համար: Աստղիկ Սաֆարյան. «Մեքենաս իմ փոքրիկ տունն է» 2009թ. ամռանից Աստղիկ Սաֆարյանը վարում է Toyota Corrolla մակնիշի ավտոմեքենա: Երգչուհու խոսքերով` մեքենան գնել է ծնողների օգնությամբ, սակայն իր լուման էլ դրանում կա: Աստղիկի համար մեքենան իր փոքրիկ տունն է: «Եթե նկարահանումների եմ լինում, ապա մեքենայիս մեջ իմ հագուստներն են, եթե ձայնագրման, ապա` ձայնասկավառակներ, սկավառակներ»,- ասաց երգչուհին: Աստղիկը դժգոհ է հատկապես տրանսպորտային փոխադրամիջոցներից, որոնց վարորդները, ըստ երգչուհու, անզգույշ եւ ագրեսիվ են վարում: Աստղիկի ավտոմեքենայում էլ ձայնասկավառակները բավականին շատ են, որոնց մեջ հայկականները տեղ չունեն: «Հիմնականում լսում եմ ժամանակակից ռոք. վերջերս ձեռք եմ բերել Ռոբի Ուիլյամսի վերջին ձայնասկավառակը, նաեւ շատ եմ լսում ֆրանսիական «BB brune» խմբին, իսկ հայկական երգեր ընդհանրապես չեմ լսում»,- ասաց երգչուհին: Այն հարցին, թե հայտնի մարդկանցից ովքե՞ր են հաճախ հայտնվում իր ավտոմեքենայում, Աստղիկը պատասխանեց. «Բոլոր հայտնի ընկերներս էլ իրենց սեփական մեքենաներն ունեն, այդ իսկ պատճառով էլ չեմ կարող ասել, որ նրանք հաճախ են հայտնվում իմ ավտոմեքենայում: Երբ նոր էի գնել, Գարիկը, Միշոն են նստել եւ շնորհավորել»: Աշոտ Տեր-Մաթեւոսյան. «Սպորտային մեքենաների հանդեպ թուլություն ունեմ» Արդեն մեկ տարի է` երիտասարդ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը վարում է Nissan Skiler մակնիշի սպորտային ավտոմեքենա: «Նախկինում տարբեր մեքենաներ եմ վարել, բայց սա իմ առաջին սեփական ավտոմեքենան է: Կարելի է ասել` թուլություն ունեմ հատկապես սպորտային մեքենաների հանդեպ. արագություն շատ եմ սիրում: Քաղաքում թույլատրելի արագությունը երբեք չեմ գերազանցում` չնայած մեքենաս շատ «ճկուն» է»,- հպարտացավ դերասանը: Աշոտը նույնպես դժգոհ է երեւանյան երթեւեկությունից. «Քաղաքում շատ են նրանք, ովքեր առանց երթեւեկության կանոններն իմանալու են մեքենա վարում: Նորմալ երթեւեկությանը նաեւ երթուղային տաքսիներն են խանգարում»,- դժգոհեց դերասանը: Վարելիս նա հիմնականում լսում է Գրիգորի Լեպսի կատարումները. «Կարելի է ասել, որ ավելի շատ լսում եմ Վլադիմիր Վիսոցկու երգերը` Գրիգորի Լեպսի կատարմամբ. դա կազմում է մոտ 70 տոկոսը, մյուս 20 տոկոսը լսում եմ Ջեքսոն, իսկ մնացած 10-ը` խառը, որի մեջ մտնում են նաեւ հայ կատարողներ, խմբեր, օրինակ` Էմփիրեյ»: Աշոտը նշեց, որ իր կողքին` ավտոմեքենայում ժամանակ առ ժամանակ հայտնվում են «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի հայտնի դեմքերը` Գայանե Ասլամազյանը, Անի Պետրոսյանը, Ռիչարդ Մադլենյանը, ինչպես նաեւ Սոս Ջանիբեկյանը եւ այլ հայտնիներ: Զառա. «Ամենկարեւորը քաղաքի տեմպն ու ռիթմը հասկանալն է» Հումորիստ Զառան արդեն 5 տարի է` մեքենա է վարում: Այս տարիների ընթացքում նա շատ տարբեր մեքենաներ է «փորձել»` հիմնականում մեխանիկական փոխանցման տուփով: Այժմ հումորիստը վարում է BMW X3 մակնիշի ավտոմեքենա: «Արդեն երեք տարի է` այս մեքենան եմ վարում. այն պապիկս է ինձ նվիրել: Սրանից առաջ, երբ մեխանիկական փոխանցման տուփով մեքենա էի վարում, հումորիստ ընկերներս ասում էին` ոնց որ տրակտորի վարորդ լինես»,- ժպտալով հիշեց Զառան: Մեր հարցին` արդյոք սեփական միջոցներով կարո՞ղ էր նման մեքենա ունենալ` պատասխանեց. «Կարծում եմ` այսօր շատ քչերն են իրենց սեփական միջոցներով մեքենա գնում»: Հումորիստի համար մեքենան միայն փոխադրամիջոց է, այլ ոչ թե շքեղություն: Զառան վստահ է նաեւ, որ Երեւանում, որքան էլ ըստ կանոնների վարես, միեւնույն է, հնարավոր չէ: Ըստ Զառայի` ամենակարեւորը քաղաքի տեմպն ու ռիթմը հասկանալն է: Մանե Գրիգորյան. «Կյանքի նպատակ չէ աշխարհի ամենալավ մեքենա ունենալը» Մեկ տարուց ավելի է` Մանե Գրիգորյանը վարում է հոր կողմից նվեր ստացած Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան: Հաղորդավարուհին խոստովանեց, որ անձամբ այնքան չի վաստակում նման կարգի մեքենա ունենալու համար. «Ինձ համար կյանքի նպատակ չէ աշխարհի ամենանոր մակնիշի մեքենա ունենալը, այն պարզապես փոխադրամիջոց է»:, Զարմանալի է, բայց հաղորդավարուհին չդժգոհեց երեւանյան երթեւեկությունից: «Երբ մեքենա չէի վարում, ինձ թվում էր` Երեւանում անհնար է մեքենա վարելը: Հետագայում համոզվեցի, որ այդպես չէ: Եթե Երեւանում կարողանում ես մեքենա վարել, ապա աշխարհի բոլոր երկրներում էլ կկարողանաս»,- համոզված է հաղորդավարուհին: Ըստ հաղորդավարուհու` ավտոմեքենայի մշտական հյուրը երգիչ, իր գործընկեր Արսեն Գրիգորյանն է: Պատահել է, որ Մանեի ավտոմեքենայում են հայտնվել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը: Նա ասում է, որ վարելիս հիմնականում ռադիո է լսում` չնայած շատ ձայնասկավառակներ ունի. «Երբ ռադիոալիքներով հարմար բան չեմ գտնում, անցնում եմ մեքենայումս ունեցած ձայնասկավառակներին` Սթիվի Ուանդեր, Մայքլ Ջեքսոն… Վերջերս հաճախ եմ լսում Երգի պետական թատրոնի նոր` «Երկու տուն, մեկ անուն` հայրենիք» ձայնասկավառակը»: Լանա Խաչատրյան. «Հայաստանում վարորդներն ավելի զիջող են» Երգչուհի Լանա Խաչատրյանն արդեն երկու տարի է` վարում է ամերիկյան «Dodge» մակնիշի ավտոմեքենա: «Այս ավտոմեքենան հայրս է ինձ համար ԱՄՆ-ից պատվիրել: Սկզբում վարորդն էր վարում, հիմա արդեն ես եմ վարում, բայց վարորդը միշտ ինձ հետ է,- ասաց Լանան եւ շարունակեց,- ճիշտ է, հաճելի է, երբ քո նախընտրած ավտոմեքենան ես ունենում, բայց այն ինձ համար հաստատ անհրաժեշտություն է»: Լանան նշեց նաեւ, որ վերջին շրջանում հաճախ է լինում Հալեպում, Բեյրութում եւ նկատել է, որ մեզ մոտ` Հայաստանում, վարորդներն ավելի զիջող են` հատկապես կանանց նկատմամբ: Լանան բավականին հյուրընկալ ավտոմեքենա ունի :). այդտեղ առիթ են ունեցել նստելու շատ հայտնի մարդիկ` Անահիտ Շահբազյանը, Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժամանակին` «2 աստղ» նախագծի գրեթե բոլոր մասնակիցները: «Մի անգամ մեքենայիս դիմացի հայելին կոտրվել էր, եւ ես գրեթե մեկ ժամ առանց հայելու եմ վարել: Այդ օրը Սյուզան Մարգարյանն ինձ հետ էր եւ ասաց, որ շատ լավ եմ վարում` նույնիսկ առանց հայելու: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա հայ կատարողներից լսում եմ Աստղիկ Սաֆարյանի, Սիրուշոյի, Շուշան Պետրոսյանի, Նելլիի եւ Ժակլինի մի քանի կատարումներ, որոնք շատ եմ սիրում»,- անկեղծորեն նշեց Լանան: Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: