“Պատահականություններ չեն լինում”
Նա ներկա է ռուսական շոու-բիզնեսում տեղի ունեցող համարյա բոլոր երեկույթներին, նա սպասված հյուր է բոլոր նորաձեւության ցուցադրություններին, նրա ընկերներն են հայտնի արվեստագետներն ու ռուս աստղերը, նա բնակվում ու աշխատում է Մոսկվայում, www.lofter.ru կայքում հրապարակված Մոսկվայի 100 բարձրաշխարհիկ մարդկանց ցուցակում գրավում է 22-րդ հորիզոնականը: Նա մեր հայրենակիցն է`նորաձեւության քննադատ, նկարիչ-մոդելավորող եւ արվեստագետ Արմեն Երիցյանը: Հիմա նա Երեւանում է, հանդիպեցինք, մինչ նա կվերադառնա Մոսկվա:
- Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիր Մոսկվա:
-Նկարել սկսել եմ մանկուց: Դպրոցն ավարտելու տարիներին արդեն կարուձեւով էի զբաղվում: Ինքնատիպ կոլաժներ ստեղծելու սերն էլ ծնվել էր դեռ շատ վաղուց: 1994 թվականից այս ամենը արդեն մասնագիտություն դարձավ ինձ համար: Հենց այդ ժամանակ մեկնեցի Մոսկվա, իբրեւ թե մեկ շաբաթով, բայց բնակություն հաստատեցի այնտեղ ու ներգրավվեցի քաղաքի ֆեշն կյանքում: Պատահականություններ չեն լինում :):
Կոլաժներով զբաղվում եմ արդեն շատ վաղուց: Կոլաժներ սկսեցի պատրաստել Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսից տպավորված: Պատրաստում եմ նաեւ ասեմբլյաժներ. դա կոլաժների ավելի մեծ, ծավալուն տեսակն է: Բոլոր նկարիչները “հիվանդացել են” ասեմբլյաժով :): Ի դեպ, կոլաժներս մասնավոր հավաքածուներում են:
-Իսկ մասնագիտությամբ ո՞վ ես:
-Իսկզբանե ես երկու բարձրագույն տեխնիկական կրթություն ունեմ. ավարտել եմ Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը: Մարդը, ով պոլիտեխնիկն է ավարտում, կյանքում ինչով ուզենա, կարող է զբաղվել. այդ կրթությունը այնպիսի հիմք է դնում, որ հնարավոր է դառնալ դիզայներ, նկարիչ, ճարտարապետ, մի խոսքով տեխնիկական մտածելակերպ ունեցող արվեստագետ: Սոցիալապես անապահով միայնակ մարդկանց աջակցող կազմակերպությունում էի աշխատում, բաժնի ղեկավարն էի:
-Ովքե՞ր են հաճախորդներդ:
- Առաջին պատվերները մասնավոր հաճախորդների համար էին, շատ էին նաեւ օտարերկրացի պատվիրատուները: Շատ-շատերի հետ եմ համագործակցում: Միշտ ստեղծում եմ այն, ինչ ուզում եմ. միայն էքսկլյուզիվ հագուստներ: ՈՒՀԱ-ի “Նոր հայեր”-ի բեմական բոլոր զգեստներն եմ պատրաստել: Հաճախորդներս իրենք են ինձ գտնում: Ստուդիա չունեմ, տանն եմ աշխատում: Գիտե՞ս, հաճախորդներս երկրորդ հանդիպումից հետո արդեն ընկերներս են դառնում:
-Բայց ամբողջապես վստահում ե՞ն քեզ:
-Միշտ քննարկում ենք, ընդհանուր որոշման ենք գալիս: Բայց եղել են դեպքեր իմ պրակտիկայում, երբ մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, եւ ես հրաժարվել եմ պատվերից: Ես կտրականապես հրաժարվում եմ անել այն, ինչն իմ ճաշակին դեմ է: Որովհետեւ, եթե մի բան դուր է գալիս իմ հաճախորդին, բայց ես դա անճաշակություն եմ համարում կամ կարծում եմ, որ նրան, իր կառուցվածքին, էությանը չի համապատասխանում, հրաժարվում եմ:
-Մոսկովյան կյանքում դժվարություններ կա՞ն:
-Ոչ մի դժվարություն էլ չկա: Առօրյա, կենսական խնդիրներ ամենուրեք կան: Ես երկու երկրներում եմ բնակվում` Հայաստանում եւ Ռուսաստանում: Տարվա ավելի ցուրտ ժամանակահատվածում մնում եմ Մոսկվայում, իսկ ամռանը վերադառնում եմ Երեւան: Երբ այստեղ եմ, էլի բուռն աշխատանքների մեջ եմ` հեռախոսով, ինտերնետով պատվերներ եմ ունենում:
Լինի դա Մոսկվան կամ Երեւանը, կարեւորը լավ ներդրումն է, հենց դա է հարկավոր տաղանդավոր դիզայներին գաղափարներն իրականացնելու համար: Տաղանդավոր մարդիկ շատ են, բայց ֆինանսավորում է պետք հավաքածուն ստեղծելու, գովազդելու համար: Հիմա ավելի շատ ակումբների վրա են գումար ծախսում:
-Իսկ Երեւանում ինչ-որ հատուկ, սիրելի վայր ունե՞ս:
-Արդեն բոլորն էլ գիտեն, որ մոտ երեք ամիս անցկացնում եմ Հայաստանի հյուսիսային մասում` Լոռում: Այնտեղ սարերում սեփական տուն ունենք: Հանգստանում եմ, ոգեշնչվում եմ, նկարում եմ այնտեղ, մի խոսքով, ամռանը ստեղծագործական հանգստի շրջան է ինձ համար:):
-Հայաստանյան նորաձեւությունը ինչպե՞ս կգնահատես:
-Այստեղ կա նորաձեւություն, ուղղակի այն նեղ ուղղվածություն ունի: Հայաստանում շատ են տաղանդավոր դիզայներները, սակայն, քանի-որ մեր երկրի մասշտաբները փոքր են, շատերը կարծում են, որ ավելի լավ է բրենդային հագուստ ձեռք բերել: Բայց համոզված եմ` ժամանակի ընթացքում միտումները կփոխվեն, ու մարդիկ կհասկանան, որ տաղանդավոր դիզայներներից ձեռք բերած բացառիկ հագուստը եւ իրերը ավելի արժեքավոր են, քան բրենդայինը: Կասեմ միայն մեկ բան, դեռեւս աշխարհին չի սպառնում հայկական նորաձեւությունը :):
-Իսկ ի՞նչ անեն տաղանդավոր դիզայներները, որ հաջողության հասնեն նույն Մոսկվայում:
-Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ ամենից կարեւորը պետք է մնալ այնպիսին, ինչպիսին դու կաս:
-Քո նկարներում, կոլաժներում միշտ զգացվում է հայկական ձեռագիրը: Դա՞ է հենց այն, ինչպիսին դու կաս:
-Դա է ուղղակի ճիշտը: Չնայած կոլաժներ ունեմ հին հռոմեական, եգիպտական թեմաներով ու միգուցե, իրոք, նույնիսկ դրանցում հայկական ձեռագիր կա: Ես շատ հայրենասեր եմ, սիրում եմ հայկական պոեզիան, նկարիչներին, նրանց գույները, քանդակագործներին:
- Իսկ ինչպիսի՞ երաժշտություն ես լսում աշխատելու ընթացքում:
-Տարբեր: Դասական եմ լսում, կարող եմ աշխատել Լեդի Գագայի երաժշտության տակ: Տրամադրությունից է կախված: Կարող եմ ասենք Կոմիտաս լսել ու կոլաժներ պատրաստել: Էրիկա Բադու եմ լսում:
-Ի դեպ, ինչպե՞ս հանդիպեցիր Էրիկա Բադուի հետ:
- Նա համերգով ժամանել էր Մոսկվա, ինձ էլ հրավիրեցին: Համերգից հետո ծանոթացանք, ու նա ինձ համայիլ նվիրեց` վարդագույն կվարցից: Ես էլ նրան արծաթե հուշանվեր նվիրեցի:
-Իսկ Մոսկվայում ո՞ւմ ես համարում ամենից նորաձեւ:
-Թինա Կանդելակիին կնշեմ, բայց բացի ոճից նրա մտածելակերպն էլ եմ հավանում: Գիտե՞ս, դա էլ շատ կարեւոր է: Եթե անձը շատ ոճային է, բայց դատարկ է, արդեն հետաքրքիր չի ինձ համար: Ամենաոճային դերասանուհիներից է Ռենատա Լիտվինովան, սիրում եմ նաեւ Էվելինա Խրոմչենկոյի ոճը: Դիզայներներից հավանում եմ Ալինա Ախմադուլինային, Իգոր Չապուրինին: ''Fresh Art''-ի տղաները հիասքանչ շոուներ են պատրաստում:
-Հայերից ո՞ւմ կառանձնացնես:
-Շատ ինքնատիպ է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Գեղեցիկ եմ համարում հաղորդավարուհի Գոհար Գասպարյանին. ձայնի շատ հաճելի տեմբր ունի:
-Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել. տղամարդկա՞նց , թե՞ կանանց:
-Ավելի հեշտ է խելացի մարդկանց հետ աշխատել:
Հարցազրույցը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Արմեն Երիցյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: