×


Բենիկ Պետրոսյան

Բենիկ Պետրոսյան

Ցուցահանդես` նվիրված նկարչի 70-ամյակին Նոյեմբերի 26-ին Նկարիչների միությունում կայացավ Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես, որին ներկա էին նկարչի ընտանիքը, ընկերներ, բարեկամներ, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բացման խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը. «Բազմաշնորհ, հայրենիքին նվիրված, արվեստին նվիրված անձնավորություն, ով իր կարճ կյանքի ընթացքում ստեղծեց քանակապես եւ որակապես այնպիսի մեծ ստեղծագործական ժառանգություն, որի մասին շատերը կերազեին. մի քանի կյանք է պետք ապրել, որ նման մեծ ժառանգություն թողնեն, ափսոս, որ նա շուտ հեռացավ կյանքից»: Benik Petrosyan Կարեն Աղամյանը Բենիկ Պետրոսյանի մասին խոսելիս` նշեց, որ նա «անխնա» նվիրում էր իր ստեղծագործությունները. «Հայաստանի տարբեր վայրերում կգտնեք նրա հետքը, սկսած Շորժայից, Խոսրովի անտառից եւ այլն»,- այդ մեծ ստեղծագործություններն էլ ցուցահանդեսին ներկայացված էին մեծ լուսանկարների տեսքով: Իսկ արվեստաբան Սարո Սարուխանյանի կարծիքով, Բենիկ Պետրոսյան արվեստագետն այն ֆենոմենն է, որին մենք չենք կարող բացահայտել. «Բացահայտել այն տաղանդն ու տաղանդի որակը, այն անչափելի բարությունը, որ կար նրա մեջ: Բենոյի արվեստի մասին խոսելուց մենք մտածում ենք, երբեմն առեղծվածին մոտենում` չհասկանալով, որ այդ բարձրագույն առեղծվածը հենց արվեստն է: Բենոյի արվեստի հետ ուղղակի պետք է հաղորդվել...»: Exibition ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Բենիկ Պետրոսյանի աշխատանքները դարձել են ազգային արժեքներ, որ պետք է պահենք, պահպանենք եւ փոխանցենք սերունդներին. «Բենոն միշտ մեզ հետ է»: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  երկար տարիներ է հետեւել Բենիկ Պետրոսյանի աշխատանքին, իսկ նրա մահից հետո մտերիմ է ընտանիքի հետ, անընդհատ հաղորդակից է մշակութային այն գլուխգործոցներին, որ ստեղծել է այս արվեստագետը, բայց այսօր դեռ բացահայտումներ է տեսնում իր համար. «Որեւէ գործ չենք տեսնի, որ արված է ուղղակի հաճույքի համար, ամեն մեկում միտք է դրված: Եթե հաշվի առնենք այն ժամանակաշրջանը, երբ ստեղծվել են դրանք, ապա կասենք` որ նա նաեւ շատ խիզախ միտք է ունեցել»: Իսկ «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ, բացի իր բարձրարժեք արվեստի ստեղծագործություններից, Բենիկ Պետրոսյանին մեծարում է նաեւ որպես մարդ, հայր, ով մեզ ժառանգել է Արեւիկ Պետրոսյանի պես հիասքանչ նկարչուհի, դիզայներ: Aervik Petrosyan Բենիկ Պետրոսյանի դուստրը` նկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսյանն էլ Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրն իրեն տվել է սեր  կյանքի ու արվեստի հանդեպ. «Ես իմ ամբողջ օրվա կյանքն ապրում եմ այս գեղեցիկի հետ»: Արեւիկն ասում է, որ այս աշխատանքներից իր համար լավագույնի հանդեպ սերը փոփոխական է. վերջերս էլ գտել է շատ փոքրիկ մարմարե աղջիկ, որի հետեւում հրեշտակ է կանգնած. «Դա տարվա իմ ձեռքբերումն է, ես չէի տեսել կամ չէի հիշում, որ դա կա»: Արեւիկը նշեց, որ Բենիկ Պետրոսյանի 70-ամյակի շրջանակներում մշակույթի նախարարության ջանքերով պետպատվերով նաեւ գիրք է հրատարակվել, որն անմասն չմնաց  ընտանիքի աջակցությունից. «Գիրքն արդեն պատրաստ է, շուտով կլինի նաեւ գրախանութներում: Այնտեղ փորձել ենք ներկայացնել ամեն ինչ, որ ստեղծվել է հայրիկի կողմից»: Exibition Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունները բազմաժանր են`մանրաքանդակ, մոնումենտալ արվեստ, գրաֆիկա, կերամիկա, դրվագումներ եւ այլն: Ցուցադրության մեջ առանձնահատուկ ուշադրության էր արժանանում նրա էրոտիկ թեմաներով շարքը` «Ադամ-Եվա», «Մեղքի խնձորները», «Հովանոցով աղջիկը» եւ այլն, որ նորարարություն էր հայ քանդակի մեջ: Մի առիթով Բենիկն այս մասին ասել է. «Ես իմ կյանքում եւս մի համարձակ բան արեցի. հայ քանդակի մեջ անհայտ էր էրոտիկա հասկացողությունը: Ես ստեղծեցի էրոտիկ քանդակների մի մեծ շարք բիբլիական թեմաներով, Ադամից ու Եվայից մինչ մեր օրերը: Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում այդ թեման չի թաքցվում»: Նշենք, որ Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչ դեկտեմբերի 6-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport