Լուսանկարչական «զգացողություններ» Լուսանկարիչ Դալի Դանելիան ծնվել է Կրասնոդարում` վրացու եւ հայուհու ընտանիքում: «Ինչպես ոչ ստեղծագործ ծնողների ստեղծագործ շատ երեխաներ, ստացել եմ, ինչպես մայրս էր ասում, «պրակտիկ» կրթություն»,- պատմում է նա Bravo.am-ին: Այս տարի Դալին ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետը եւ դեռեւս չի փորձել աշխատել: «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա ինձ ավելի քիչ դուր կգա, քան տնտեսագետի մասնագիտության ուսումնասիրումը»,- անկեղծորեն ասում է նա: Դալին լուսանկարչությամբ հրապուրվել է դեռեւս դպրոցում` 15 տարեկանում: «Ծնունդիս տեսախցիկ նվիրեցին ու սկսվեց... Արդյունքում ստացվեց այնպես, որ այսօր ես կարող եմ դա բնորոշել որպես իմ «կիրքը»: Այդ գործընթացն ինձ կլանում է բառի բուն իմաստով: Չգիտեմ` գոյություն ունի՞ արդյոք «կոչում» ասվածը, սակայն հենց այդպիսի զգացողություններ եմ ունենում, երբ զբաղվում եմ լուսանկարչությամբ»,- ասում է նա: Դալին իրեն համարում է դիմանկարիչ: «Չնայած ինձ նաեւ հետաքրքրում են թե պեյզաժները, թե նատյուրմորտները, ցանկանում եմ նաեւ փորձել շատ այլ ժանրեր: Ժանրից իմ ոճը չի փոխվում: Ինձ հետաքրքիր է ձեռագիրս փորձել տարբեր ոճերում: Լուսանկարներս հաճախ ունեն վինտաժային ոճ. վինտաժային գույների, փափկության, կոնտրաստի, տոնայնության առումով: Ես լուսանկարներում միշտ փնտրում եմ ռոմանտիկա, էլեգանտություն, միշտ փորձում եմ մեղմել պատկերը, դրան հաղորդել «զգացողություններ», որոնք, ըստ իս, փայլը սպանում է»,- ասում է Դալին: Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, Դալին ասում է. «Ես ծրագրել չեմ կարողանում: Ինձ պետք է դրդել նման իրադարձությունների: Հենց իրադարձությունների, քանի որ, կարծում եմ, այդպիսի բաներն իրենք իրենց են ստացվում: Սակայն եթե դա պատկերացնենք որպես կատարված գործընթաց, ապա, իհարկե, սիրելի գործով զբաղվելը մեծ հաջողություն է: Լուսանկարչության մեջ մասնագիտական կարիերան ես պատկերացնում եմ որպես աշխատանք որակյալ խմբագրությունում: Ինձ հետաքրքիր հասնել դրված խնդիրների իրականացմանը: Ավելի դժվար է հայեցակարգն ինքնուրույն մշակելը: Ես ավելի շատ կատարող եմ, քան ստեղծագործող: Իմ բոլոր լուսանկարները բացարձակ տարերային են: Ես շատ հազվադեպ եմ ինչ-որ բան նախօրոք մտածում: Ավելի հաճախ ես պարզապես վերցնում եմ ֆոտոխցիկը եւ սկսում որեւէ բան նկարել, եւ արդեն ընթացքում ձեռքի տակ ընկնում են ինչ-որ առարկաներ, անկյուններ, աթոռներ, պատեր, դռներ եւ այլն»: Դալիի աշխատանքները կարելի է դիտել http://dalinochka.deviantart.com/ կայքում: Տեքստը` Bravo.am Լուսանկարները` Դալի Դանելիա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: