Տարածական նորահայտ նկարը կցուցադրվի Երեւանում
Փարիզյան կոլեկցիոներների մասնավոր հավաքածուներին եթե ծանոթ չես, Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի տարածական նկարները եւս անհայտ կլինեն քեզ:): Մեծանուն նկարիչ, քանդակագործի այդ գլուխգործոցներից մեկը վեց ամսով Հայաստան է բերվել` ժամանակավոր ցուցադրության:
Մաեստրոյի` 1927 թվականին ստեղծված տարածական գեղանկարի եզակի ցուցադրումը կիրականացվի ապրիլի 5-ից մայիսի 5-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, որի մուտքն ազատ է լինելու արվեստասեր հասարակության համար:
Ստեղծագործությունը Երեւան է բերվել Փարիզի “Մինոտավր” ցուցասրահից: Նախաձեռնողը “Բարձր արվեստ” կերպարվեստի կենտրոնն է: “Նկարը շուրջ երեսուն տարի գտնվել է հայտնի ֆրանսիացի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի մասնավոր հավաքածուում: 2005-ին աշխատանքը գնել է «Մինոտավր» ցուցասրահի տնօրեն Բենուա Սապիրոն, ում հետ մեր բանակցությունները մոտ մեկ ու կես տարի տեւեցին` ապահովագրում, փախադրում եւ այլն”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց կուրատոր Գալուստ Հովսեփյանը` նշելով, որ Քոչարի փարիզյան շրջանի գործերը Հայաստանում ներկայացված չեն:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարն էլ փաստեց, որ վերջին տարիներին եվրոպական աճուրդներում մերթընդմերթ երեւան են գալիս մաեստրոյի փարիզյան շրջանի գործերից. “Պոմպիդու կենտրոնը իր հավաքածուի տարածական նկարը ժամանակավորապես Քոչարի հոբելյանական ցուցահանդեսին տրամադրելու համար առասպելական գումարներ պահանջեց, այնպես որ ես պատկերացնում եմ, թե ինչպիսի կազմակերպչական ջանքերի եւ ֆինանսական ինչպիսի զոհողությունների գնով է հաջողվել “Բարձր արվեստ” կենտրոնին ստեղծել այսօրվա այս հիրավի պատմական ցուցադրանքը”:
Ի դեպ, Հայաստանի ազգային պատկերասրահում քոչարյան տարածական գեղանկարի հետ ցուցադրվելու է նաեւ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ Ժանսեմի` 1955 թվականին ստեղծված “Նատյուրմորտը”:
Մայիսի 5-ից հետո, հավանաբար, Քոչարի տարածական գործը կներկայացվի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Ցուցահանդեսի կուրատոր Գալուստ Հովսեփյանը նշեց` նկարը գնելու մասին դեռեւս խոսակցություն չկա. “Բայց շատ կուզենք, որ գործերը մնան Հայաստանում, հայտնվի մեկը, ով պատրաստ կլինի գնել դրանք: Այսօրվա դրությամբ դեռ ժամանակավոր ցուցադրություն կլինի”:
“Բարձր արվեստ” կենտրոնի նպատակը, կուրատորի խոսքերով, բարձրաճաշակ արվեստ խրախուսելն ու հայ արվեստասերին եզակի նմուշներ ցուցադրելն է. “Պայմանավորվածություն կա շատ այլ հետաքրքիր բաներ բերել Հայաստան` ցուցադրելու”:
1928 թվականին Փարիզի «Van Leer» պատկերասրահում բացվում է «Քոչարի տարածական նկարչությունը» ցուցահանդեսը` 15 ստեղծագործությամբ:
“Ես փափագում եմ Թովմաս առաքյալի պես մի մատս դնեմ նոր արվեստի վրա”, դեռեւս Վենետիկից` 1923 թվականին քրոջը հասցեագրված նամակում գրել է Քոչարը, ով շուտով նկարը «դուրս հանեց» ավանդական քարացածությունից եւ գեղանկարչության մասին մարդկանց պատկերացումները վերափոխեց:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ “Բարձր արվեստ” կենտրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: