“Եթե Բրազիլիայում ապրեի, պարտադիր մերկ կնկարվեի” Էմիլ Մարգարյանը դարձավ մոդել Էմիլ Մարկն ու, իր խոսքերով, կարողացավ սեւ գույներից հանել ուրիշ տղաների էլ: Նա ազատ, մենթալիտետին կուլ չգնացող հայ տղա է, ով հաճոյախոսություններ լսելու կարիք չունի, որովհետեւ “գիտի իր արժեքը”:): Մոդելը Bravo.am-ին ասաց. “Գլուխ գովալ չլինի, բայց միշտ չէ, որ կհանդիպեք մոդել տղայի կամ աղջկա, ով իր բնավորությամբ շիկահեր չէ”: Բացի այդ, Էմիլը ֆրանսերենի թարգմանչի մասնագիտությամբ մոդել է: - Ինչքանո՟վ են համատեղելի հայ տղամարդ ու մոդել “երեւույթները”:): - Չես կարող պատկերացնել` ինչքան դժվար էր ինձ համար, երբ սկսեցի այս գործունեությունը. ընկերներս, ծնողներս, շրջապատը լուրջ չէին վերաբերվում: ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրոս եմ, հիմա էլ ասպիրանտուրայում եմ սովորում: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված մեկը մոդելային գործունեություն է ծավալում, որ այդքան էլ համատեղելի չի իր մասնագիտության հետ… Բայց ես որպես հոբբի չեմ վերաբերվում, մոդելինգն իմ երկրորդ մասնագիտությունն է, նույնիսկ կարող եմ ասել, որ երկու աշխատանքներս էլ առաջին հորիզոնականում են գտնվում: - Մոդելային ու լեզվաբանական սերերը միաժամանակ ծագեցի՞ն սրտումդ:): - Մոդելային բիզնեսը միշտ է հետաքրքրել, բազմաթիվ ցուցադրությունների եմ հետեւել` ինչպես կարելի է քայլել… Հենց ընդունվեցի համալսարան, որոշեցի զուգահեռ սովորել նաեւ մոդելի գործը: Այդ ընթացքում ֆոտոմոդել լինելը չէ, կոնկրետ մոդելինգն էր ինձ հետաքրքրում: Գնացի “Ատեքս” նորաձեւության կենտրոն, դասընթացներ անցա, հետագայում գործուղումներ ունեցա: Նորաձեւության ամեն մի ցուցադրությունից, երեկույթից հետո, որոնց ես մասնակցում էի, նկատում էի` պրոֆեսիոնալիզմ եմ ձեռք բերում: - Պոդիում մուտքդ ինչպե՞ս եղավ: - Շատ ամաչում էի, մտածում` ինչպե՞ս կլինի, կստացվի՞, հավանության կարժանանա՞մ: Չէի կասկածում, որ արտաքինս կհավանեն, բայց արդյո՞ք կարող էի բեմահարթակ դուրս գալ, քայլել, չընկնել, ճիշտ ներկայանալ: Ստացվեց, շատ բան սովորեցի: Մոդելինգը դա միայն քայլելը չէ: Դու պետք է կարողանաս ճիշտ աշխատել տեսախցիկի, ֆոտոխցիկի հետ, պետք է միշտ ներկայանալի հագնված լինես, ունենաս ձեւավորված, ուրույն ճաշակ: Ոճդ աչքի ընկնող պետք է լինի, ուղղակի կողքից նայեն, համակրեն, ոչ թե ասեն` “էս ի՞նչ է հագել, տեսա՞ր”: Ինքս ճչացող բաներ չեմ անում, այնպիսին եմ, ինչպիսին որ կամ: - Ե՞րբ նկատեցիր, ավելի ճիշտ` երբվանի՞ց կարծեցիր, որ գեղեցիկ ես, ու կարելի է արտաքինդ ցուցադրել: -Ծնողներս, շրջապատը ու ընդհանրապես բոլորը միշտ հիացել են ինձնով, երեւի այդ հիացմունքն է ինձ անբարդույթ անձնավորություն դարձրել: Շատ ազատ եմ, երբեւիցե կուլ չեմ գնացել ազգային մենթալիտետի կաղապարներին, որոնք պարտադրում են ստանդարտների մեջ լինել: Անում եմ այն, ինչ ցանկանում եմ, բայց երբեւէ հասարակությանը դեմ չեմ գնացել ու չեմ արել այն, ինչ կանեի, օրինակ, եթե ապրեի Բրազիլիայում: - Դե այո, եթե ապրեիր Բրազիլիայում, հիմա մերկ նկարների շարք կունենայիր:): - Պարտադիր կնկարվեի, որովհետեւ դա այնտեղ չէր դիտարկվի այնպես, ինչպես որ այստեղ է նայվում: - Ազատ լինելը չի ենթադրում ցուցադրվել, բոլորի ուշադրությունը արտաքինիդ վրա հրավիրել: Ինչո՞ւ է դա քեզ դուր գալիս. հաճոյախոսություններ լսե՞լ ես սիրում: - Ինքս շատ եմ սիրում կոմպլիմենտներ անել մորս, քրոջս, ընկերուհիներիս ու չեմ ակնկալում հետադարձ հաճոյախոսություններ, որովհետեւ ինքս գիտեմ իմ արժեքը, ու իրականում դա այդպես է:): Իմ կարծիքով, հաճոյախոսություններ սիրում է լսել այն անձնավորությունը, ով հիմնականում դրա կարիքը ունի, ես չունեմ: - Ամեն դեպքում, ի՞նչ հաճոյախոսություններ ես լսում քո հասցեին: Աչքե՞րդ են հավանում, ոտքե՞րդ, մարմի՞նդ… - Ընդհանուր ինձ են հավանում` արտաքինիս ու բնավորությանս համատեղության, ներդաշնակության մեջ: Գլուխ գովալ չլինի, բայց միշտ չէ, որ կհանդիպես մոդել տղայի կամ աղջկա, ով որ իր բնավորությամբ շիկահեր չէ: Որովհետեւ շատ-շատերն են այս բնագավառում կաղապարված, մտածում են` արտաքին ունեն, վերջ, կարող են Մոսկվան գրավել: Այդպես չէ, արտաքինիդ համապատասխան ներքին պետք է ունենաս, որպեսզի հասարակության մեջ առեղծվածային լինես, իսկ ես այդպիսին եմ:): - Ոչ մոդելային գործունեություն ծավալելու համար դիմում-հայտ լրացնելիս նշո՞ւմ ես մոդել լինելդ: - Պարտադիր նշում եմ: Ներկա դրությամբ աշխատում եմ ֆրանսիական մի կազմակերպությունում որպես ֆրանսերենի թարգմանիչ: CV-ում նշել էի, համարձակության նշան է, ու ինձ թվում է` ամեն անգամ այդ փաստը հետաքրքրել է գործատուին: - Մանեքենի կարիերադ ի՞նչ փուլում է: - Ներկա դրությամբ Ուկրաինայից գեղեցկության մրցույթի մասնակցելու առաջարկ եմ ստացել, ու շատ հնարավոր է հոկտեմբերին ներկայացնեմ Հայաստանը այդ մրցույթում: Կարիերայիս ընթացքում վերելքներ ու վայրէջքներ են եղել, նկարահանվեցի մի շարք տեսահոլովակներում: Էմմիի “Crazy Beautiful” երգի տեսահոլովակում գլխավոր հերոսն էի, բայց վերջին շրջանում ֆիքսվել եմ ֆոտոսեսիաների վրա, ամսագրերի հետ եմ համագործակցել: Շատ է դուր գալիս ինձ տեսնել լուսանկարների մեջ, որովհետեւ այն, ինչ կամ բնականից, գիտեմ, իսկ լուսանկարի գեղեցիկ լինելը միայն ինձնից կախված չէ. իմիջմեյքեր, ճիշտ դիզայներ, լավ լուսանկարիչ է պետք: Ցավոք սրտի, Հայաստանում անգամ շոու-բիզնեսից շատ քչերը իմիջմեյքեր ունեն: - Քեզ պես քանի՞ հայ տղա կա, որ ուզում է մոդել դառնալ: - Երբ ես էի սովորում, քչերն էին, որ փորձում էին խիզախ ու այնքան համարձակ լինել, խոչընդոտները հաղթահարել ու հայտնվել այս ասպարեզում: Հիմա, եթե անկեղծ լինեմ, շատ-շատերն են փորձում իրենց մոդելինգում: Դրանից շատ եմ ոգեւորվում, այն սերունդը, որ գալիս է մեզ փոխարինելու, զերծ է իմ սերնդակիցների ունեցած բարդույթներից: - 24 տարեկան ես, ինչքա՞ն ժամանակ կարող ես մոդել լինել: - Տարիքային սահմանափակում չեմ տեսնում, որովհետեւ չեմ կարծում, որ գալու է մի տարիք, երբ զրկվելու եմ այն ամենից, ինչ որ ունեմ, բայց գիտեմ մի բան. միշտ չեմ լինելու ասպարեզում, ժամանակ է գալու, որ Էմիլ Մարկը ասելու է` միգուցե ես ձեզ օգնեմ, դուք առաջ գնաք, անձնական հիմնարկ կստեղծեմ, մոդելների պրոդյուսինգով զբաղվեմ: - Տղա մոդելների հետ ես աշխատելո՞ւ: - Կցանկանամ ընդհանուր լինի: Ճիշտ է` տղա մոդելների հետ կարող ես սենսացիոն բաներ անել, որովհետեւ աղջիկ մոդելները շատ-շատ են, բայց աղջիկ եւ տղա մոդելների համաձուլվածքից շատ հետաքրքիր գաղափարներ կարող են ծնվել: - Հասակդ ինչքա՞ն է: -184 սմ: Տղա մոդելի համար բավական լավ թիվ է, բայց ուզում եմ 185 սմ լինել, կդառնամ այդ բոյի ու առանց որեւէ միջամտության: - Դիետա պահում ե՞ս: -Չէ, չէ, չէ, բացարձակ նման բան չկա, որ շատ նիհարեմ, լցվեմ: Սովորական սնվում եմ, քաշի խնդիր չունեմ: - Ընկերներդ մոդել լինելուդ ինչպե՞ս են վերաբերվում: - Նույնիսկ կան ընկերներ, որ խնդրում են իրենց ճիշտ ուղղորդեմ: Կոպիտ ասած` քյարթու մենթալիտետի կրողի սեւ գույներից հանել եմ, հիմա ինքն է ձգտում գեղեցիկի կրող լինել: - Ցուցադրությունների ժամանակ ի՞նչ ես սիրում հագնել: - Շատ-շատ եմ սիրում կոստյումների հավաքածուները, դեմ էլ չեմ լինի սպորտայինը ներկայացնել. սա մի մասնագիտություն է, երբ քեզ տարբեր ոճերում պետք է ցուցադրես: Առաջարկ եմ ստացել մոտ ապագայում ռոքային կերպարով հանդես գալ: - Մոդել հայ աղջիկների պես ներքնազգեստ ցուցադրելու խնդիր ունե՞ս: - Ծանոթ եմ աղջիկների, ովքեր առավոտյան Հասմիկն են, ցուցադրության տեղը մի ֆինտի-ֆլյուշկա անուն ունեն: - Կիկի՞:): - Թեկուզ: Ու այդ Կիկիին կիսամերկ վիճակով կարող է հայտնվել ցուցադրությանը, բայց նրան առավոտ ճանաչում են որպես համեստ Հասմիկ: Չեմ ցուցադրել ներքնազգեստ, առաջարկ չեմ ունեցել, բայց չեմ էլ ամաչի, ի՞նչ կա ամաչելու: - Կցանկանայի՞ր ընկերուհիդ մոդել լիներ ու ներքնազգեստ ցուցադրեր: - Տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է մոդել աղջիկների շուկայում` ոչ: Որովհետեւ երբ ասում ես «մոդել», աղջիկը մտածում է` պետք է լինի… Չեմ ուզում ավելի շատ փակագծերը բացել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմիլ Մարկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: