×


Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյան

Լուսանկարչի աչքերի չբացահայտված  գաղտնիքը:) Սուրեն Մանվելյան. լուսանկարիչ, ում համար նպաստավոր էին “մութ ու ցուրտ” տարիները:): Այսօր համացանցում իր “աչքը” մեծ հեղինակություն է վայելում: Սուրեն Մանվելյան. ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, հոդվածները` աշխարհի առաջատար ամսագրերում, նախագահի մրցանակի դափնեկիր. “Բայց ֆիզիկայով կյանքդ չես կարող պահել”: Սուրեն Մանվելյան. ֆիզիկայի ու լուսանկարչության մեջտեղում` երաժշտական զեղում:): Հինգ երաժշտական գործիքի է տիրապետում` կիթառ, թավջութակ, դաշնամուր, բլոկֆլեյտա եւ քնար: Երեք գործիք շուրջ 8 տարի դասավանդել է: Նրան ու նրա աչքը բացահայտեք Bravo.am-ի հարցազրույցում:): Suren Manvelyan - Զենքդ: - Լուսանկարչական ապարատ: - Կարծում էի` կասես` աչքդ:): - Նմանություն կա լուսանկարելու եւ կրակելու մեջ: Զինվորի զենքն էլ ավտոմատն է: Աչքը... Իրականում աչքն էլ չի, հոգին է կամ “ես”-ը: Աչքը միջոց է: - Ֆոտոխցիկդ հետդ չի, ինչքա՟ն ժամանակ ես կարողանում իրենից հեռու մնալ:): - Ես այն լուսանկարիչներից չեմ, որ ապարատը անընդհատ վզից կախ է: Դա ոճ է. մեծագույն լուսանկարիչներից Անրի Կարտիե-Բրեսոնը ամեն անգամ տանից դուրս գալիս լուսանկարչական ապարատը վերցնում էր հետը, ասել` “ֆիքստուլ” էր, սխալ կլինի. ինչ տեսնում էր, ցանկանում էր նկարել: Ես պետք է իմանամ` ինչ եմ նկարում: Որոշեցի նկարել փողոցում քայլող մարդկանց, այդ ժամանակ կվերցնեմ ապարատս, մարդկանց կնայեմ 40 անգամ ավելի ուշադիր` նկատելով ամեն մեկի քայլվածքը, կոշիկները, կոճակը, սանրվածքը, իրար հետ ի՟նչ դեմքի արտահայտությունով են խոսում: Ես որ տրամադրվում եմ նկարել, մեջս ինչ-որ բան է չխկում, կարողանում եմ միաժամանակ հետեւել հինգ հոգու շարժմանն ու լուսանկարելու ճիշտ պահը բռնացնել: - Այդ դեպքում Սուրեն Մանվելյանի աչքը ինչպիսի՟ն է: -:) Շատ տարբեր: Լուսանկարիչներ կան, որ կոնկրետ ոճ ունեն, ձեռագիր: Դրական կողմն այն է` նկարից ճանաչում են հեղինակին: Ինձ համար դա սահմանափակում է, չեմ կարողանում մի ոճում մնալ, հետաքրքիր չի, եփում եմ մեջը ինչքան կարող եմ, սպառում կամ դնում այն կողմ` մի քանի տարի հետո շարունակելու: Մարդ կա սեւ ու սպիտակի մեջ է նկարում եւ վերջ: Ինչո՟ւ, գույներ կան, որոնք կարելի է հետաքրքիր ձեւով խաղացնել: Ինձ հետաքրքիր է խնդիրներ լուծելը: Նկարում տարբեր փոփոխականներ կան, ինչպես` հավասարման մեջ: Սեւ ու սպիտակով ինչ-որ տեղ ավելի հեշտ է խնդիրը լուծել, որովհետեւ երբ գույն ես ավելացնում, մի փոփոխական էլ է ավելանում, որը շատ դժվար է կառավարել: Իրական դեպք` Ծիծեռնակաբերդում նկարել եմ մարդկանց ընդհանուր տեսարան, մի աղջիկ դեղին շապիկով է, դա աչք է ծակում, գույնը մեզ “ուտում” է: Արվեստը մնում է արվեստ, կեղծել չկա, անգամ ֆոտոշոփի դեպքում նկարը լավն է, կամ էլ` ոչ, վերջացավ: Ուրիշ հարց, որ իրականում ֆոտոշոփով համոզելը շատ դժվար է, պետք է դրա բարձրագույն վարպետ լինես: Ես կիրառում եմ ֆոտոշոփ միայն ռետուշային եւ գունային կորեկցիաների համար: “Սուրեն Մանվելյանի աչքը” - Ինչպե՟ս  ես ստացել համացանցում մեծ աղմուկ բարձրացրած աչքը: - Չեմ պատասխանում այդ հարցին, ինչպես ասում են` “ընկերության գաղտնիքն է”:): Եսիմ ինչ չկա, ես չեմ սիրում նկարել նկարի մեջ, մի նկարից մի բանը կտրել, մյուսի մեջ տեղադրել: Մինչ նկարների հայտնի դառնալը` ամսագրերին առաջարկել եմ տպագրել, ոչ ոք չուզեց: Ինձ ասացին` կարո՟ղ է գիտես բժշկական ուղղվածություն ունենք: Բայց նաեւ Սթենֆորդի համալսարանի բժշկական բլոգում դրել են… Այսօր էլ մեկը նամակ է գրել, գիտես` ես քո աչքերին նայելով պոեմ եմ գրել:): - Իրականում ո՟ւմ  աչքն  է: - Տարբեր մարդկանց: Նկարելուց հասկացա` աչքերի տեսակներ կան: Նույն շագանակագույն աչքի տեսակներ կան, անձնական է, բացարձակ նույն աչքից բնության մեջ երկու հատ չկա, դրա համար հետաքրքիր է նկարելը: Կապ չունի` ի՟նչ տեսախցիկով ես նկարում, ստացվեց, հատուկ չեմ արել: Ես էլ եմ զարմացած, որ ինձնից բացի ոչ մեկ նման բան չի արել: Շատերը փորձել են, իմ նկարածների առանձնահատկությունն այն է, որ ռելիեֆ է երեւում, դար ու փոսեր, ձորեր, չգիտեմ` ինչեր կան, կլորություն, քառակուսիություն, մնացած նկարներում աչքը տափակ է, անզեն աչքով էլ դա չի նկատվում: - Ոչ մի “խալտուրա” չե՟ս արել:): - Բացարձակ, կարող եմ ցույց տալ: Չես կարող այնպես ձեւափոխել, որ գլխի չընկնեն: - Գումար չե՟ն առաջարկում գաղտնիքը բացելու համար: - Ոչ մեկին, ոչ մի գումարի դիմաց գաղտնիքը չեմ բացի: - “Աչքամանիա” ունե՟ս, նկատել եմ` ձկան աչք էլ ես նկարում:): - “Ամենինչամանիա” ունեմ:): Ասեմ` ես մի քիչ աննորմալ մարդ եմ, ինձ ամեն ինչն էլ հետաքրքրում է: Լուսանկարչության մեջ էլ ցանկացած բնագավառ քիթս խոթել եմ: Այնքան ֆիքսելու խնդիրը չէ. այն, ինչ որ կա, ուզում եմ ավելի լավը ցույց տալ, քան երեւում է: Աչքը կա, տեսնում ենք, բայց ես ֆիքսում եմ ինչ-որ բան, որ իրականում կա, բայց չենք նկատում: Դիրիժոր Տիգրան Հեքեքյանը - Համացանցում “Սուրեն Մանվելյանի աչքը”  ինչպե՟ս հազարավորների կողմից նկատվեց: - Մի ամսվա պատմություն ունի, բարդ խոսակցություն է:): Աչքերը նկարելը իմ մտահղացումն էր, մարդիկ հավանում են, բայց կան նաեւ որոշները, որ ասում են` “յախք, զզվելի է, վայ սենց բան ունեմ աչքիս մեջ, քոռանամ ես, չիմանայի…:)”: Չես կարող պատկերացնել` ինչ արձագանք կունենա աշխատանքդ: Այս աչքերից պարզվեց` աշխարհում ոչ ոք չի արել: Ընկերներս խորհուրդ տվին “Behance”-ում դնել լուսանկարածս աչքերը, որովհետեւ լուրջ եւ հեղինակավոր կայք է համարվում: Դրեցի, 5000 հոգի նայեց ու “լռվեց” նախագիծը: Հետո իրենք մի այլ կայք գցեցին, էլի լուսանկարի ռեյտինգը բարձրացավ: Օգոստոսի 5-6-ն էր, ասացի` մի հատ տեսնեմ` ինչ վիճակ է, տեսնեմ` 50 000 դիտում, մյուս օրը 150 000 հոգի նայեց: Պարզվեց` կան բլոգերներ, որ չափազանց մեծ լսարան ունեն, տարածել են: Հիմա օրը  6-7 հազար հոգի նայում է նկարը: - Լուսանկարչության մեջ քո սկիզբը ե՟րբ էր: - 9-րդ դասարանում ընկերոջս հետ գիշերը աստղեր էինք նկարում: Շատ նպաստավոր էին 1993 թվականի լույսի հովարային անջատումները, Երեւանում շատ մութ գիշերներ էին, որն էլ նպաստում էր աստղագիտությանը: Հատկապես ձմռանը, երբ մթնոլորտն ավելի պարզ է, սեւ ու սպիտակ ժապավենով աստղեր էինք նկարում: Պահպանվել են լուսանկարները: - Լուսանկարչության հայկական ինդուստրիա կա՟: - Պատվիրատուն երշիկ է արտադրում, ցանկանում է, որ այն որակով նկարեն գովազդի, կատալոգի համար, բնականաբար, այդ բաները կան, բայց մի շարք շատ հայկական դժվարություններ կան: Պատվիրատուների մեծամասնությունը գաղափար չունի` ինչ է լավ լուսանկարչությունը, կհանեն Շվեյցարիայում տպված մի կատալոգ կդնեն դեմդ, կասեն` այդպիսի նկար են ուզում: Գերմանիայում գարեջրի շշի գովազդի համար, որ ուղղակի շիշը դնես, փրփուր անես, լուսյը դնես ու նկարես, գնային խոսակցությունը սկսվում է 5 հազար դոլարից: Հայաստանում նման մեկին չես գտնի, որ մի հատի չէ, հազար հատ լուսանկարի համար այդքան գումար ծախսի: - Լուսանկարիչն էլ պետք է պրոֆեսիոնալ լինի, “գայլեր” ունե՟նք: Դու ի՟նչ պաշտոն ես զբաղեցնում:): - Բարձր որակի լուսանկարիչներ ունենք: Ինտերնետում նկարը դնում ես ու  աշխարհի ամենահայտնի լուսանկարիչների հետ մրցում: Կայքեր կան, որ, իրոք, “պապաներ” են մասնակցում, կարո՟ղ ես այնպիսի նկար դնել, որ իր նկարի կողքը երեւա: Ու կորում է հայ, ռուս, վրացի. լավն է, կթնդա, վատն է` ոչ ոք չի նայի: Տեղական լուսանկարիչ գաղափարն առաջանում է այն ժամանակ, երբ կա տեղական պատվիրատու: “Երեւան” ամսագրում եմ աշխատում, այ իրենց պետք է, որ տեղացի հայտնի մարդուն նկարի տեղացի լուսանկարիչը: Սուրեն Մանվելյանի լուսանկարներից - Կարիերայիդ ընթացքում ինչքա՟ն ես ծախսել տեխնիկայիդ վրա ու ինչքա՟նն է փոխհատուցվել: - Ծիծաղելի բան ասեմ. վերջերս եմ ինձ նորմալ ֆոտոապարատ գնել: Մինչ այդ սիրողական մի ապարատ ունեի, որ 2006-ին էի գնել: “Երեւան”-ն  իր տեխնիկան տալիս է: Պրոֆեսիոնալ լուսանկարչի շատ լավ սահմանում կա. պրոֆեսիոնալ է համարվում այն լուսանկարիչը, ում եկամուտների 51 տոկոսը գալիս է լուսանկարչությունից: Լուսանկարչությամբ սկսել եմ ապրել 2006 թվականից: - Աստծուն ի՟նչ ձեւով կնկարեիր ու որտե՟ղ:): - Հնարավոր չէ:): Աստված տարածությունից եւ ժամանակից այն կողմ է, ի՟նչով ենք նկարելու: Եթե միայն կարողանանք բոլոր արվեստներով բարձրագույնը իրագործել: Միաժամանակ աշխատելով` կարող ենք հասնել նրան, որ մենք թեթեւակի զգանք, որոհետեւ իրականում ինքը դրանից էլ բարձր է: - Իրականացրածդ ֆոտո-նախագծե՟րը: - Կոշկակարներին եմ իրենց կրպակներում նկարել, այդ ընթացքում Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչն էի, շատ թեժ էր նախընտրական 6 ամիսը, ամբողջ օրը վազվզոց, պաշտոնական այցեր, ձեռքսեղմումների լուսանկարում, ես էլ մի շաբաթ չեմ ստեղծում, չեմ նկարում, հիվանդանում եմ:  Կոշկակարի կրպակը դիզայնի արժեք է` իր տկլոր “ծյոծյաներով”, կոլորիտ է, ու քսան տարի է` չի փոխվում, դա գաղափար է, սովետի ժամանակ հեշտ չէր նման նկարներ ճարելը: Ամեն անգամ Կառավարություն գնալ-գալու ճանապարհին մտնում էի այդ կրպակները` նկարելու: Դրանից հետո կոշիկ սարքելու խնդիր չունեմ:): - Հետո գնացիր գերեզմանոց:): - Բարդ էր, մոտ մի ամիս գիշերները եկեղեցիներ էինք նկարում, որոշ եկեղեցիներ էլ գերեզմանոցում են գտնվում, ես մտավախություն չունեի` վայ, մեռելները դուրս կգան… Նստել եմ գերեզմանաքարին, որովհետեւ ուրիշ նստելու տեղ չկար, ոտքիս տակ խշխշոց զգացի, մտածեցի` օձ է, բայց գիշերը ցուրտ է, հաստատ դուրս չէին գա, հասկացա` մկներ են:): Ծերանոցում մոռացված ծերերի ստվերներն եմ նկարել: Սուրեն Մանվելյանի լուսանկարներից - Միջատների համար էլ գժվում ես:): - Որովհետեւ իրենք շատ սիրուն են, կատարյալ են: Մրջունների կյանքը, որ նայես, գժանոց է. կով են պահում, իրենցից փոքր միջատ է, ռուսերեն տլյա են անվանում: Տլյաներին մրջունները արածեցնում են, կթում: Նկար ունեմ` ոնց է մրջյունը ուտում այդ կաթիլը: - Որդիդ ինչպե՟ս է գնահատում աշխատանքներդ: - Մի անգամ ինձ լուրջ տեսքով ասաց` պապ, դու այդքան էլ լավ լուսանկարիչ չես, որովհետեւ բուի նկար չունես:): - Կնոջդ մինչ ամուսնանալը ֆոտոսեսիա արե՟լ ես: - Այդ ժամանակ չէի նկարում: Հարազատ մարդկանց, որ ամեն օր տեսնում ես, նկարելը ամենադժվար բանն է: Ian Gillan - Հայտնի մարդկանց` Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Մայա Պլիսեցկայային, մյուսներին նկարելով` որպես լուսանկարիչ արժեքդ բարձրանո՟ւմ  է: - Իմ արժեքը ես չգիտեմ, երեւի անհամեստություն կլինի` ասեմ` արժեքս այնպես է բարձրացել, ուշքս գնում է: Այդպես չէ, հետաքրքիր է մարդկանց հետ շփվելիս առնչվել նրանց “ես”-ի հետ: Ես Մայա Պլիսեցկայային նկարել եմ տասը րոպե, հետը շփվել եմ տասը րոպե, բայց այնպիսի մի արժեք եմ զգացել այդ շփումից, հասկացել` իսկապես մեծություն է: Բայց դա չի նշանակում, որ պետք է գնամ հետը նկարվեմ, զզվում եմ նման բաներից: Ավելի լավ է հոգեկան արժեքը զգամ ու մեջս պահեմ: - Ինչպե՟ս անենք, որ լուսանկարը լավ ստացվի: - Լավ լուսանկարի մեջ “խփող” բան պետք է լինի, որ նայես ու հետդ մի բան կատարվի: http://www.behance.net/paronsuren http://www.post35mm.com/info.php?user_id=566&tz=5 Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Սուրեն Մանվելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW