Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը հունիսի 23-ին դարձել է 35 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ տարված աշխատանքով` խնջույքի մտադրություն չի ունեցել, բայց կինը` Ջուլիան, հրավիրել է ամենահարազատ մարդկանց ու անակնկալ ծննդյան տոն կազմակերպել:):
Արսեն Գրիգորյանը կնոջ հետ
“Մենք նոր սեփական տուն ունենք, որտեղ դեռ չենք ապրում: Վերանորոգման հետ կապված հարցով շտապ կանչեցին, ես էլ, ստուդիայում գործերս կիսատ թողնելով, գնացի ու տեսա` այգում մտերիմներս սիրուն սեղան են բացել ու ինձ են սպասում:): Անսպասելի էր, շատ ուրախացա… Երեկոյան միասին հաճելի ժամանակ անցկացրինք”,-պատմել է նա:
Արսեն Գրիգորյանը երեխաների հետ
Արսենը բազմաթիվ շնորհավորանքներից մեզ հետ զրույցում առանձնացրել է իր դստեր Ինեսինը.“Աղջիկս փաթաթվեց, պաչիկ արեց, լավ-լավ բաներ մաղթեց, ես էլ ուրախացա”,-պատմել է երգիչն ու հավելել, որ զբաղվածության պատճառով երեխաներին հազվադեպ է տանում զբոսանքի.“Շատ քիչ ժամանակ եմ նրանց տրամադրում, բայց այնպես չէ, որ վատ պապա եմ:). օրինակ` կենդանաբանական այգու բացման օրն աղջկաս տարել էի այնտեղ”:
Արսեն Գրիգորյանը դստեր հետ
Հեղինակ-կատարողն ամիսներ առաջ BRAVO.am-ին հայտնել էր, որ այս ծննդյան օրը մենահամերգով նշանավորելու ցանկություն ուներ, բայց այն հետաձգվել է.“Քանի որ զուգահեռ չեմ կարող վերանորոգման հարցերով ու համերգի նախապատրաստություններով զբաղվել, մենահամերգս մինչեւ աշուն հետաձգեցի: Իմ երաժշտությանը հոգեւոր կողմից եմ մոտենում, ոչ թե բիզնեսի, անպայման պետք է այս գործի մեջ հոգի դնեմ. եթե չկարողանամ հոգով անել, ուրեմն լավ չի անցնի, դրա համար էլ համերգն իր ճիշտ ժամանակին կլինի”:
Նա այժմ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ստուդիայում, զբաղված է գեղարվեստական նոր կինոկատակերգության երգերը գրելով ու ձայնագրելով. “Գլխավոր սաունդթրեքը ես եմ երգելու. ռոմանսներ երգող Արսենին կլսեք նոր ոճում, բայց դեռ փակագծերը չեմ բացի, որ անակնկալ լինի: Ֆիլմը կոչվելու է “Նախաճաշ երկուսի համար”, այն նկարահանում է “Հ2” հեռուստաընկերությունը: Նաեւ տարբեր երգիչների հետ առանձին երգեր եմ պատրաստում, բավական շատ դուետներ կան, որոնք հերթով կներկայացնեմ հանրությանը”:
Արսեն Գրիգորյանը
Արսեն Գրիգորյանը ցանկություն ուներ նաեւ նոր ալբոմ թողարկել, բայց մտափոխվել է.“Հիմա երաժշտասերները ձայնասկավառակ չեն գնում, ամեն ինչ համացանցում կա, CD արտադրողներն էլ չեն ուզում գումար հատկացնել երգիչներին, կարծում եմ` այս բիզնեսն ապագա չունի”: Նա որոշել է փոխարենը ժամանակ առ ժամանակ նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել, առաջիկայում կներկայացնի “Ես եւ դու” երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է “Երանի” երգի տեսահոլովակի հետ միաժամանակ: Ի դեպ, այս երկու մեղեդային երգն էլ նա գրել է մոտ տասը տարի առաջ:
BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: