Արտյոմ Հակոբյանն օրերս դարձել է 28 տարեկան: Երգիչը BRAVO.am-ին է տրամադրել տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքի լուսանկարները, ինչպես նաեւ պատմել, թե ինչպես են այս տարի անակնկալի բերել իրեն ընկերները:
Պարզվում է` երգիչը ծնվել է իր մայրիկի ծննդյան օրը.«Իմ ծննդով նրան նվեր եմ եղել: Ստացվում է՝ ծննդյանս օրը կրկնակի տոն է: Ամեն տարի ընկերներս անակնկալ են անում ինձ եւ կեսգիշերին մեր տուն են գալիս: Այս ավանդույթը վաղուց է ձեւավորվել: Այս տարի իրոք անակնկալի բերեցին ինձ. ժամը 12-ն էր, ու դռան զանգը դեռ չէր լսվում: Մտածեցի՝ մի բան նախաձեռնել են: Ընկերներիցս Գոռ Սուջյանը մի անգամ ասել էր, թե պիտի ուշանան, որ սպասեմ իրենց գալուն»:
Տյոմի տարեդարձին
Տյոմի ընկերներն այս տարի ակամա անակնկալի են բերել երգչին.«Մեկն եկավ ուղիղ կեսգիշերին, բայց մյուսները, հարսնացուս՝ Էմման, դեռ չկային: Էմման հաղորդագրությամբ շնորհավորեց, ինչը շատ զարմանալի էր: Զանգեցին ընկերներս ու ասացին, որ չեն կարողանա գալ: Եկան ուշացած, բայց պարզվեց՝ դիտմամբ չեն ուշացել: Չէին կարողացել շուտ գալ հիմնավոր պատճառներով: Նրանք իմ կյանքի ընկերներն են: Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս են»:
Երգիչը շնորհավորանքների պակաս չի զգացել.«Հաջորդ օրն անցավ համերգային պայմաններում. երգել եմ մինչ ուշ գիշեր: Այս տարի այնքան շատ շնորհավորանքներ եմ ստացել տարբեր երկրներում բնակվող ընկերներիցս: Դրանք ինձ շատ են ուրախացրել: Այլազգի բազմաթիվ ընկերներ ձեռք էի բերել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ»:
Տյոմը՝ սիրելիի հետ
Տյոմի հարսնացուն նվերների հարցում չի սխալվել.«Դեռ վաղուց ցանկանում էի սարքավորումներ ձեռք բերել` տարբեր նկարահանումներ անելու նպատակով: Էմման հենց դրանք էլ նվիրել է»:
Երգիչը չասաց, թե ինչ երազանք է մտապահել.«Կարծում եմ`պետք է չասեմ, որ իրականություն դառնա: Ես չեմ ընկճվում իմ տարիքից: Մեծանալը բնական ընթացք է: Ամեն տարիք իր գեղեցկությունը, հետաքրքրությունն ունի: Ամեն տարիք կարեւոր է կյանքի էտապները հաղթահարելու համար»:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տյոմը
Գլխավոր լուսանկարը՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: