×


«Ուզում եմ բացահայտել իմ հայրենիքը». Ժակլին Բաղդասարյան

Ֆեյսբուքի հայկական տիրույթում օրեր առաջ լայն տարածում գտավ եւ մեծ ոգեւորությամբ ընդունվեց «Վայ, աման» նոր երգը: Մեներգչուհին 23-ամյա Ժակլին Բաղդասարյանն է: Ծննդով Եղեգնաձորից Ժակլինը մենակ չի ստեղծագործում. ֆրանսիացի ընկերոջ` Լուի Թոմասի հետ ստեղծել են «ԼադաՆիվա» խումբն ու համախմբել երաժիշտներ Ֆրանսիայից, Թունիսից, Մարոկկոյից: BRAVO.am-ի հետ զրույցում Ժակլինը պատմել է, թե երբ է տեղափոխվել Ֆրանսիա, ինչպես է ստեղծվել «ԼադաՆիվա» խումբը, խոստովանել, որ ուզում է բացահայտել հայրենիքը, նաեւ խոսել է հայկական խոհանոցից իր սիրելի ուտեստների մասին:



Եղեգնաձորից Լիլ ճանապարհը

Ծնվել եմ Հայաստանում եւ ապրել 3 տարի: Հետո տեղափոխվել ենք Բելառուս՝ Մինսկ: Հիմա արդեն 5 տարի է՝ Ֆրանսիայի Լիլ քաղաքում ենք ապրում: Տանը հիմնականում հայերերն ենք խոսում, բայց գրել, ցավոք, չգիտեմ: Կարդալ գիտեմ, բայց շատ դանդաղ: Հայաստանում վերջին անգամ եղել եմ 5 տարի առաջ, հույս ունեմ` շուտով կրկին կգամ: Հայաստանի ամենադրախտային վայրերից մեկից եմ՝ Եղեգնաձորից: Հիշում եմ այնտեղի հրաշք բնությունը, մեր տան մոտ գտնվող լիճը, որտեղ անցկացնում էինք մեր ազատ ժամանակը: Շատ եմ սիրում այդ վայրը, մեր գյուղի մարդկանց, կարոտում եմ գյուղական կյանքը: Հիշում եմ, թե ինչպես էին կով կթում, պանիր պատրաստում: Երեւանում շատ քիչ ժամանակ եմ անցկացրել: Հիմա ուզում եմ գիտակից տարիքում գալ ու բացահայտել իմ հայրենիքը:

Ջակլին Բաղդասարյանը


«Կիսատ թողեցի»

Մինսկում երաժշտական դպրոց էինք հաճախում ես եւ մեծ քույրս: Այն ավարտելուց հետո ընդունվեցի Մինսկի մշակույթի եւ արվեստի համալսարան, իսկ քույրս չշարունակեց: Սովորեցի շուրջ երկու տարի, բայց Ֆրանսիա տեղափոխվելու պատճառով կիսատ թողեցի ուսումս: Այստեղ վոկալի անհատական պարապմունքների եմ գնացել, հիմա կոնսերվատորիայում եմ սովորում. այս տարի կավարտեմ:

Ժակլինը, Լուին, «Լադան» ու «Նիվան»

«ԼադաՆիվա» խումբը ստեղծել ենք ես եւ խմբի կիթառահարը` Լուի Թոման: Մի անգամ երգել էի հայերեն, ու իրեն շատ էր դուր եկել: Անընդհատ խնդրում էր նոր երգեր սովորեցնել, որոնք կլինեին հայերեն լեզվով: Սկսեցինք հաճախ երգել հենց հայերեն երգեր: Որոշեցինք խումբ ունենալ, անունն էլ շատ պատահական ենք ընտրել: Չգիտեմ` ինչպես, ես ասացի՝ «Լադա», Լուին էլ ասաց՝ «Նիվա»: Պարզվեց՝ իր հայրն ունեցել է «Լադա Նիվա» մակնիշի ավտոմեքենա`չնայած, որ Ֆրանսիայում այն այնքան տարածված չէ: Այստեղ շատերը չգիտեն էլ՝ «Լադա Նիվան» ինչ է, բայց ասում են՝ հնչեղ անուն է: Ես գրում եմ մեր երգերի բառերը, իսկ Լուին երաժշտությունն է գրում եւ գործիքավորում:

Ջակլին Բաղդասարյանը եւ Լուի Թոմասը


Հայերենը

Հայերեն երգերը թարգմանում եմ ֆրանսերեն, որ իմաստը նաեւ խմբի անդամները հասկանան: Հետո անընդհատ կրկնում եմ, որ բառերը կարողնանան արտաբերել: Ընկերներս կատակում են, որ արդեն կիսով չափ հայ են: Նույնիսկ երբ մայրիկիս հետ հեռախոսով խոսում եմ, որոշ բառերի շնորհիվ ընդհանուր միտքը հասկանում են:

«Վայ, ամանը»

Ես լողնանալիս շատ բարձր երգում եմ (ծիծաղում է,-հեղ.): Մի անգամ այդպես բարձր երգելիս զգացի, որ երգ է ստացվում: Բառերն ինքնըստինքյան եկան՝ «Կանչում եմ քեզ, վայ, աման»: Հետո այդպես թողեցի, չէի գրում բառերը երկար ժամանակ: Երբ գնացինք Ռեյունյոն կղզի՝ համերգ տալու, Լուիին ասացի մտքերիս մասին, ու միասին գրեցինք երգը, որոշեցինք ձայնագրել, նկարահանեցինք տեսահոլովակն ու տեղադրեցինք համացանցում: «Վայ, աման» երգում մենք միախառնել ենք հայկական, ֆրանսիական մշակույթները, այդ կղզում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների երաժշտությունների խառնուրդը` «մալոյան»:

Ջակլին Բաղդասարյանը


Հաճելի է

Մեզ համար շատ անսպասելի էր այսպիսի արձագանքը: Շատ նամակներ եմ ստանում, կարդում եմ մարդկանց մեկնաբանություններն ու շատ շնորհակալ եմ բոլորին: Հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է: Կարծում եմ՝ եթե Ֆրանսիայում չլինեի, չէի անցնի այն ճանապարհը, որը հիմա եմ անցնում: Իմ մեջ կրում եմ Հայաստանի, Բելառուսի եւ Ֆրանսիայի մշակույթները եւ դրանց գումարվեց նաեւ Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներինը: Այստեղ ոգեշնչում են քեզ ու ավելի խորացնում այն, ինչ կա քո մեջ: Շուտով կլինեն նոր երգեր ու տեսահոլովակներ: Հուսով եմ` մոտ է իմ հայրենիքում համերգով հանդես գալու օրը:

Հ.Գ.
- Ի ՞նչ կուտեիր հենց հիմա, եթե Հայաստանում լինեիր:
- Կուտեի քյալագյոշ, խաշ եւ դոլմա: Դրանցից ոչ մեկը պատրաստել, սակայն, չեմ կարողանում ու ավելի լավ է նույնիսկ չփորձեմ (ծիծաղում է,-հեղ.):

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժակլին Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW