Այսօր աշխարհահռչակ երգահան եւ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով հաճելի անակնկալ ենք պատրաստել մեր ընթերցողների համար: 2019թ.-ին BRAVO.am-ի փարիզյան թղթակիցը պատմել էր «Շառլի հայացքը» (Le regard de Charles) կոչվող ֆիլմի մասին: Այս վավերագրական կինոնկարը մաեստրոն նկարահանել է իր ողջ կյանքի ընթացքում: Մեծանուն ֆրանսահայն այս ֆիլմում պատմել է նաեւ Հայաստան իր առաջին այցի մասին: Այս հուզիչ դրվագն էլ առանձնացրել ենք:
«Առաջին անգամ վայրէջք կատարեցի Երեւան, 40 տարեկան եմ:
Ամենուր պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե այստեղ ծնված լինեի... Այս երկիրն, ուր «վերադառնում» եմ՝ չնայած երբեք չեմ եղել...
Հայրս Վրաստանից է, մայրս՝ Թուրքիայից: Սփյուռքահայ լինելով՝ նրանք երբեք չեն տեսել այս հողը:
Հայաստանում ինչ նկարում եմ, իմ պատմությունն է, իմ թոքերի օդը, իմ մեջ եղած անտեսանելին, որ վերջապես տեսնում եմ: Այն մահերն են, որ եղել են մինչ ապրելս, բռնությունն ու արտաքսումը, վերապրածները, կյանք, որ չի ավարտվել, տները, օջախների ջերմությունը, միասին լինելու ջերմությունը...
Շառլ Ազնավուրը
Առաջին անգամ եմ հանդիպում տատիկիս: Այս շփումից դառնում եմ փոքրիկ տղա, ուզում եմ հպվել նրան, նրա ամեն ինչն եմ ճանաչում՝ շալի փափկությունը, մազերի նրբությունը, ապուրի հոտը սենյակում... նրա Աստծո՝ ապահովություն ներշնչող գերներկայությունը...
Իմ ներսում հավատում եմ, գուցե ոչ հենց այս Աստծոն, բայց ինչ-որ բանի... Ու երբ ինձ ներկայացնում են կաթողիկոսին՝ հայ եկեղեցու հոգեւոր առաջնորդին, ես նրան հարցնում եմ՝ ի՞նչ էր անում Աստված Ցեղասպանության ժամանակ: Այս հարցը սարսռեցնող է, գուցե ոչ այդքան ինձ համար, բայց՝ նրանց, ովքեր վստահում են Աստծոն...»,-վավերագրական ֆիլմում պատմում է Ազնավուրը:
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: