BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը Կամո Սեյրանյանն է: Դուդուկահարը սիրով համաձայնել է պատմել ոչ միայն ընտանիքի, այլ նաեւ գերդաստանի մասին՝ նշելով, թե ինչպես Պետրոսյան ազգանունը փոխարինվեց Սեյրանյանով:
Իմ պապերը 1826 թվականին Էրզրումի Թորթան գյուղից գաղթել են Ջավախք: Մեր ազգը եղել է Պետրոսյան Պետրոսի ճյուղը: Պետրոսի տղա Ղազարն իր գերդաստանով տեղափոխվում է Ախալքալաքի Սուլդա գյուղը, որը սահմանակից է Թուրքիային: Ղազարի եւ Սեյրանուհու որդուն թուրք Ջաբրիլ աղան է սպանել, եւ Սեյրանուհի մամն այդ օրվանից վրեժ լուծելու գաղափարով է ապրել ու մշտապես հետեւել է աղայի ընտանիքին: Իմանալով, որ աղան իր որդու հարսանիքին է պատրաստվում, իսկ հարսի համար անհրաժեշտ իրերը պետք է Թբիլիսիից գնեն՝ Սեյրանուհի մամը կտրում է նրանց ճանապարհն ու սպանում Ջաբրիլ աղայի որդուն: Այդ ժամանակներից էլ մեր ազգը նրա անունով դառնում է Սեյրանյան:
Ղազարի տղան՝ պապիիս հայրը, Արմենակն է, Արմենակի տղան Գուրգենն է, նրա տղան Համլետն է՝ հայրս, Համլետի տղան ես եմ, իմ տղան էլ Լեւոնն է:
Կամո Սեյրանյանը՝ հայրիկի եւ երեխաների հետ
Հայրս՝ Համլետը Սեյրանյանը, ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում:
Մայրս՝ Սեդա Սեյրանյանն, արմատներով Սեւանից է, բայց ծնվել է Չարենցավանում: Ծնողներս առեւտրի ոլորտում են աշխատել, որտեղ էլ ծանոթացել են ու ամուսնացել: Հիմա էլ Չարենցավանում են ապրում:
Կամո Սեյրանյանը՝ կնոջ հետ
Ես՝ Կամո Սեյրանյանս, ծնվել եմ 1979 թ.-ի փետրվարի 5-ին, Չարենցավան քաղաքում: 1985-93թթ. սովորել եմ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Չարենցավանի երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը մի կերպ եմ ավարտել. չէի սիրում դուդուկը, բայց հետո նախասիրություններս փոխվեցին: Կյանքումս մեկ անգամ լսեցի հորս ու ինքս ինձ մի հնարավորություն էլ տվեցի: Երբ գնացինք ուսուցչիս մոտ, հորս ասաց, որ հազիվ է պրծել ինձնից, էլ չի ուզում գլուխը ցավի տակ դնել: Հորս խնդրանքով՝ ուսուցիչս մեկ անգամ էլ փորձեց: Մեկ ամսում փոխվեցի. նվիրվեցի գործին ու բավական մեծ առաջընթաց գրանցեցի՝ իմ ուժերով ընդունվելով Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց, որից հետո ամենաբարձր ցուցանիշներով ընդունվեցի Մանկավարժական ուսումնարանը, երեք տարի գիշեր-ցերեկս նվիրեցի պարապելուն, դարձա հղկված երաժիշտ եւ անվճար ընդունվեցի Կոնսերվատորիայի դուդուկի բաժինը: Ավարտելուց մեկ տարի անց սկսեցի դասախոսել նույն բուհում, մոտ 17 տարի է՝ դասախոսում եմ: Դոցենտի կոչում ունեմ, ՀՀ վաստակավոր արտիստ եմ:
Կինս՝ Մարիամ Քլնջյանն է, դաշնակահարուհի է: Ես ավարտեցի Մանկավարժական ուսումնարանը, ինքն ընդունվեց դաշնամուրի բաժինը: Քանի որ կապն այդ ուսումնական հաստատության հետ չէի կորցրել, հաճախ գնում-գալիս էի, ծանոթացա ապագա կնոջս հետ: Երկու տարի հանդիպելուց հետո ամուսնացանք:
Կամո Սեյրանյանի ընտանիքը
Տղաս՝ Լեւոն Սեյրանյանը, ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնի երրորդ կուրսում է սովորում:
Աղջիկս՝ Սեդա Սեյրանյանը, 13-14 տարեկանում նոր սկսեց երգել ու բոլորիս անակնկալի բերեց: Երաժշտական խմբակներ չի հաճախել: Օրեր առաջ ավարտեց դպրոցն եւ ուզում է Կոնսերվատորիա ընդունվել՝ ջազ-էստրադայի բաժինը:
Կամո Սեյրանյանը՝ դստեր հետ
Որպես հայր՝ երբեք չեմ միջամտել նրանց մասնագիտության ընտրությանը: Ըստ իս՝ հիմար մարդը դեմ կլինի իր երեխաների նման որոշմանը: Այն հարգանքը, որ ես եմ վայելում իմ մասնագիտության շնորհիվ, շատերն են երազում ունենալ: Հուսով եմ՝ իրենք էլ ավելի բարձունքների կհասնեն: Մեր մասնագիտությունից լավն ինձ համար չկա: Կյանքն ուրախ է, գլուխներս էլ հանգիստ դնում ենք բարձին ու անհոգ քնում:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կամո Սեյրանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: