×


«Աստված ինձ տվել է ամենակարեւորը, եւ ես վայելում եմ». Շողեր Գրիգորյան

Շողեր Գրիգորյանն օրեր առաջ դարձել է 32 տարեկան: Ռուսաստանաբնակ դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարները՝ խոսելով փոխված ծրագրերի, նավով շրջագայության եւ ամենատպավորիչ տարեդարձի մասին:

«Ամուսինս նվեր էր պատրաստել. պետք է Սանկտ Պետերբուրգում նշեինք, բայց այդ օրերին այնտեղ անձրեւներ էին սպասվում, որոշեցինք հետաձգել այցն ու մնալ Մոսկվայում: Ամեն բան նախապես ծրագրել էինք, նույնիսկ մշակութային վայրերի էլեկտրոնային տոմսեր էինք գնել, բայց ստիպված վերադարձրինք: Ամուսնուս մտահղացմամբ շոգենավով շրջեցինք Մոսկվա գետի վրա: Այսքան տարի ապրելով այստեղ՝ ամեն անգամ նոր վայրեր ենք բացահայտում ու զարմանում: Շատ գեղեցիկ ու ինքնատիպ շենքեր տեսանք: Երեկոյան էլ քաղաքամերձ ավան գնացինք, որտեղ էլ հաճելի ընթրեցինք»,- պատմել է Շողերը:

Շողեր Գրիգորյանը


Խուսափում է ավելորդ ուշադրությունից.«Մեծ հավաքույթների կողմնակից չեմ, այս 32 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ հատուկ խնջույք ծրագրած լինեմ: Նախընտրում եմ այդ օրը նոր միջավայրում հայտնվել, նոր վայրեր բացահայտել: Որպես անմոռանալի տարեդարձ՝ կառանձնացնեմ Մարսելում ացկացրած ծննդյանս օրը: Նախորդ տարի Բուլղարիայում էինք՝ ծովափին. շատ ուրախ տարեդարձ էր: Տպավորիչ էր նաեւ Արցախում անցկացրած ծնունդս»:

Տոնական տորթ նույնպես չի ունեցել.«Ռեստորանից փոքրիկ թխվածք էինք վերցրել: Մոմերը փչելիս էլ խնդրել եմ, որ այս ամենը շուտ ավարտվի. դժվար է տեսնել, թե մարդիկ ինչպես են տանջվում, հարազատ կորցնում: Ուզում եմ, որ այս ամենից դասեր քաղենք: Կարծում եմ՝ ինչ լինում է՝ պատահականություն չէ. Աստված այդ կերպ փորձում է մեզ ինչ-որ հաղորդագրություն ուղարկել, որ զգանք՝ ինչն այնպես չենք անում, եւ շտկենք: Ինքս սկել եմ ավելի գնահատել կյանքս, առողջությունս: Շատերը դժգոհում են կարանտինից, ես այդ օրերը մեծ սիրով եմ անցկացրել, ուրախ երեխաներիս հետ այլ կերպ հնարավոր չէ: Մտածում էի՝ խաղաղությունս կկորցնեմ, շատերն էին այդպես տրամադրում, բայց շարունակեցի դրական ապրել»,-նշել է դերասանուհին:

Շողեր Գրիգորյանի եւ Էդգար Հովասափյանի ընտանիքը


Վայելում է իրեն բաժին հասած երջանկությունը.«Տարեդարձիս օրերին փորձում եմ վերլուծել կյանքս, այս տարի կրկին երախտապարտ եմ Աստծուն, որ ինձ կյանք է շնորհել, ես այն սիրով եմ ապրում: Հասկանում եմ, որ առողջությունն ամենակարեւորն է. այս վարակը ցույց տվեց, որ հարուստ կամ հայտնի լինելն էական չէ, ոչ ոք չի կարող թաքնվել հիվանդությունից. այն եկավ ու բոլորին հավասար գրկախառնվեց: Մտածում եմ՝ ինչքան օրհնված մարդ եմ, որ իմ մտերիմներն առողջ են: Ըստ Կոկո Շանելի՝ ամենաթանկ բաները՝ սերը, առողջությունը, ընտանիքն ու երեխաները, փողով չեն գնվում, այդ ամենն անգին է: Աստված ինձ տվել է ամենակարեւորը, եւ ես վայելում եմ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW