×


«Հասել էինք Գորիսի սահման, որտեղից մեզ ոստիկանները բռնեցին եւ բերեցին դպրոց». Լիա Զախարյան

Այս տարի սեպտեմբերմեկյան ուրախ եռուզեռ չի լինի, եւ BRAVO.am-ը նախադպրոցական այդ տրամադրությունը ստեղծելու նպատակով իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցների շարք, որում հայտնիները պատմում են իրենց դպրոցական կյանքից՝ սիրելի առարկաներից մինչեւ ամենազվարճալի պատմություններ, առաջին սեր ու խոստովանություն: Մեր «մատյանում» հաջորդը Լիա Զախարյանն է. դերասանուհին ավարտել է Գորիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

- Լիա, դպրոցում ո՞ր առարկան էր, որ չէիք հասկանում, բայց շարունակում էիք խելոք հայացքով լսել ուսուցչուհուն:):

- Կար այդպիսի առարկա՝ ֆիզիկան:

- Իսկ ո՞ր առարկայից ունեիք ամենաբարձր թվանշանները:

- Լավագույն գնահատականներս հայոց լեզվից ու պատմությունից են եղել:

- Ամենասիրելի ուսուցչուհին:

- Շատ սիրում էի աշխարհագրության, հայոց լեզվի եւ ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներիս:

Լիա Զախարյանը (աջից)


- Դասից փախուստ նախաձեռնողների խմբում Ձեր անունը կա՞ր:

- Այո՛, ավելին ասեմ՝ փախուստ կազմակերպողը միշտ միայն ես եմ եղել:
Չորրորդ դասարանից սկսած՝ նախաձեռնում էի, դասընկերներիս համոզում, պայուսակները մեր երրորդ հարկի դասասենյակից ցած էինք նետում, հետո՝ մեկ-մեկ թռնում: Իհարկե, ամեն անգամ պատռված պայուսակով էինք տուն հասնում:

- Կմտաբերե՞ք միջադեպ, որի պատճառով մինչ օրս կարմրում եք:

- Շատ թույն միջադեպ կա, որից չեմ կարմրում ու մինչ օրս էլ սիրով հիշում եմ:
Վեցերորդ դասարանում դասընկերներով փախել գնացել էինք անտառ, այն հատելով հասել Գորիսի սահման՝ «Զանգեր», որտեղից մեզ ոստիկանները բռնեցին եւ բերեցին դպրոց: Տնօրենը բոլորիս մեկական ապտակ հասցրեց, ուղարկեց մաթեմատիկայի դասին, բայց սա էլ մեզ չսաստեց. այդ դասից հետո նորից փախանք (ծիծաղում է.-հեղ):

- Ձեր դասարանը նույնպե՞ս դպրոցի ամենաչար դասարանն էր, որին բոլորը սիրում էին :):

- Մենք իսկապես ամենաչար դասարանն էինք. «ա»-ն էինք ու միշտ նեղացնում էինք «գ»-ին՝ նրանց դուռն էինք կոտրում, վարագույրը վառում: Անկարգության պատճառով մեզ անգամ տեղափոխում էին «հյուսիսային» դասարան, որը չէր ջեռուցվում եւ շատ ցուրտ էր, բայց դա էլ չէր օգնում: Հիշում եմ՝ մի օր, երբ չկարողացանք դասից փախչել, ու որ դաս չանեինք, բոլորս նստեցինք դասարանում, դուռը փակեցինք եւ երկու ժամ անձայն մնացինք ներսում, դրսից էլ գրություն փակցրինք՝ «Մենք ներսում ենք, դուք դրսում եք, ձեր ցավը տանենք, ուսուցիչներ» (ծիծաղում է.-հեղ): Դպրոցում խառնաշփոթ էր, հետո նույնիսկ ծնողական ժողով եղավ այս դեպքի հետ կապված:

- Ձեր ամենամտերիմ դասընկերոջ հետ այժմ շփվո՞ւմ եք:

- Իմ ամենամտերիմ դասընկերների հետ կապ միշտ պահպանում եմ: Անգամ երբ մեր դասարանի տղաները ծառայում էին Երեւանին կից զորամասերում, այցելում էի, համով բաներ տանում, ծնունդներիս էլ ես ու մայրս գնում եւ նրանց բերում էինք մեր տուն:

Լիա Ղախարյանը


- Սիրահարվե՞լ եք դասընկերոջը:):

- Մինչեւ վեցերորդ դասարանը դասընկերներին, հատկապես՝ կողքիդ նստողին  սիրահարվելու շրջան է, ու ես էլ, կարծում եմ, սիրահարված կլինեմ:

- Խոստովանե՞լ եք, կամ առաջին խոստովանությունը Ձեզ:):

- Ես չեմ խոստովանել, բայց ինձ խոստովանել են. իմ կողքին նստող տղան էր: Մարտի ութին միշտ ինձ համար նվերներ էր բերում: Ես սիրահարված չէի, բայց որպես պատասխան՝ ես էլ իր համար նվեր էի պատրաստում փետրվարի 23-ին (ծիծաղում է,-հեղ.):

- Ամենաջերմ հիշողությունը դպրոցից:

- Այնքան շատ են ջերմ հիշողություններս, հատկապես, ինչպես արդեն նշեցի, փախուստների հետ կապված (ծիծաղում է,-հեղ): Մենք այն դասարաններից չէինք, որ դասից փախչում, գնում էին զբոսնելու. մենք 300-500-ական դրամ էինք հավաքում, գնում ինչ-որ ակումբ, պատվիրում մեր ուզած երաժշտությունը, սենդվիչներ ու հյութ, այնքան էինք պարում, մինչեւ տնօրենը գալիս խնդրում էր, որ գնանք, քանի դեռ մեր ծնողները չեն եկել: Հիշում եմ՝ երբ դպրոցի մուտքի մոտ հսկողությունը շատ ուժեղ էր, չէինք կարողանում փախչել, բուֆետի աշխատակցին գումար էինք տալիս եւ բարձրակրունկներով (ավարտական դասարաններում) ցատկում բուֆետի պատուհանից:

- Ձեր բարեմաղթանքն առաջին դասարանցիներին:

- Բոլոր առաջին դասարանցիներին մաղթում եմ հիշողություններով լի դպրոցական կյանք: Իհարկե, լավ սովորելը կարեւոր է եւ պարտադիր, սակայն հենց այդ քաղցր հուշերն են, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիա Զախարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW