×


Հաղթելու ենք նաեւ մշակույթով. բարեգործական համերգ՝ նվիրված զինվորին

Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում երեկ տեղի ուենցած «Զինվորի կողքին» բարեգործական համերգի ընթացքում տեղում առձեռն հանգանակվել է 1,268,800 դրամ եւ 120 դոլար, որը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին հայտնում է միջոցառման նախաձեռնողներից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգի մասնակից հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը նշել է, որ նախաձեռնության շուրջ բոլորին միավորել է ռազմաճակատում գտնվող տղաների եւ նրանց ընտանիքների հանդեպ պարտքը:


«Երկար ամիսների դադարից հետո այսօր հնարավորություն ունեցանք ներկայանալ: Մտավախություն կար՝ արդյոք այս հոգեվիճակում կկարողանանք ուժ գտնել՝ կատարելու մեր թեթեւ ու բարի երգերը: Բայց կարծում եմ՝ հատկապես հիմա ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Բոլորս հայտնվել ենք հուզական վակուումի մեջ, բայց մի ընդհանուր էմոցիա կա, որ համախմբում է մեզ: Ուրիշ որեւէ բանի մասին այս օրերին անհնար է մտածել. բոլոր մտքերը սահմանին կանգնած զինվորի եւ նրա ընտանիքի մասին են»,- ասել է երգչուհին:

Միջոցառման նպատակը ոչ միայն նվիրատվությունների իրականացումն էր, այլեւ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին հանրային իրազեկության բարձրացումը:


Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի խոսքով՝ Հայաստանի կարեւոր երաժշտական համույթները կրկին համախմբվել են՝ աջակցելու առաջնագծում կանգնած զինվորին:

«Մեր զինվորները պայքարում են Արցախում, մենք էլ փորձում ենք նրանց աջակցել թիկունքում: Ամեն ինչ անելու ենք, որ մշակույթի միջոցով մեր ուղերձը փոխանցենք աշխարհին: Այս առումով մենք շատ լավ օրինակ ունենք. System Of A Down խմբի մեր հայրենակիցները կարճ ժամանակում կարողացան չորս միլիոն եւ ավելի դիտում գրանցել՝ Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող երգով եւ տեսահոլովակով: Երաժշտությունը, կարեւոր չէ՝ ռոք, փոփ կամ դասական, հզոր զենք է: Մենք հաղթելու ենք նաեւ մեր մշակույթով», - նշել է նա:


Բարեգործական համերգին ելույթ են ունեցել «Կոմիտաս» ազգային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադեւոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), երգիչ, երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, Լիլիթ Բլեյան եւ Տիգրան Տեր-Ստեփանյան ակուստիկ դուետը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կարելի է կատարել նաեւ առցանց:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին