×


Սերժ Ավետիքյանը Երեւանում է՝ նոր ֆիլմի եւ կարեւոր նախագծերի մեկնարկի առիթով

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը Հայաստանում է՝ իր նոր «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրության, ինչպես նաեւ ստեղծագործական մի քանի կարեւոր նորությունների մասին հայտնելու առիթով։ Բացի հեռուստատեսային երկու նոր նախագծերից, որոնց մասին ռեժիսորը պատմեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով հայ եւ ֆրանսիացի մասնագետների օգնությամբ Երեւանում կազմակերպվելու են վեցամսյա դասընթացներ թատրոնի եւ կինոյի ոլորտներով հետաքրքրվողների համար։ BRAVO.am-ն առանձնացրել է Ֆիլմի նախադիտման, նոր նախագծերի եւ մեկնարկող դասընթացների մասին հետաքրքիր մանրամասները։

«Եթե թշնամուն հնարավորություն տաս իմանալ ճշմարտությունը»

«Թուրքիայի ժողովուրդը գիտի, որ իրեն խաբում են, բայց չգիտի, թե որտեղ է ճշմարտությունը։ Իմ գործը նրանց նվիրելն է այդ ճշմարտությունը։ Հենց այստեղից էլ գալիս է հաշտության հարցը՝ ինչպես ապրել այն երկրի կողքին, որը քո թշնամին է, բայց որի ժողովրդի հետ կարելի է ինչ-որ կերպ լեզու գտնել, եթե նրան հնարավորություն տաս իմանալ ճշմարտությունը»,- ասում է ռեժիսորը՝ անդրադառնալով իր նոր՝ «Վերադարձ Սոլոզ» ֆիլմին։

Երեք տասնամյակի ընթացում չորս անգամ Սերժ Ավետիքյանը վերադարձել է Սոլոզ՝ իր պապերի գյուղը, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից 2019 թվականներին իրար հաջորդող այցերի արդյունքում նա ստեղծել է ֆիլմ՝ ինքնության, պատմական ճշմարտության եւ հաշտեցման թեմաներով:

«Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի նախադիտմանը


«Այս ֆիլմը նվիրված է իմ մտերիմ ընկերոջը՝ Օսման Քավալային, որն արդեն երեք տարի է՝ բանտարկված է Թուրքիայում, եւ մենք պայքարում ենք, որ նա դուրս գա այնտեղից, շարունակի աշխատել։ Դուք երեւի գիտեք՝ ինչեր է արել Օսման Քավալան, նա հիանալի մարդ է՝ մշակույթի հետ կապված, հայասեր, քրդասեր, ծագումով թուրք։ Այս ֆիլմը ժամանակակից Թուրքիայի պատկերն է։ Առաջին գունավոր կադրերը, որ կտեսնեք ֆիլմում, 1987 թվին են նկարվել, իմ առաջին այցն էր Թուրքիա, որտեղ առանց թույլատվության եմ նկարահանել։ Երկրորդ անգամ գնացել եմ 2003 թվականին եւ էլի առանց թույլատվության։ Իսկ ահա երրորդ անգամ ավելի լուրջ նկարահանում եղավ՝ 2005 թվականին, այս դեպքում արդեն թույլատվությամբ։ Եվ չորրորդ անգամ գնացի 2019-ի դեկտեմբերին՝ որպես զբոսաշրջիկ։ Իմ կարծիքով՝ եկող մարտ ամսին արդեն կտեսնեք ֆիլմը հայերեն ենթագրերով կամ իմ ձայնով՝ հայերեն կրկնօրինակմամբ։ Այս անգամ ֆիլմը կցուցադրվի միայն ֆրանսալեզու հանդիսատեսի համար»,- նշեց Ավետիքյանը։

Պատասխանելով BRAVO.am-ի հարցին՝ ռեժիսորն ասաց, որ մի քանի երկրների միջազգային կինոփառատոներ արդեն ընդգրկել են ֆիլմն առաջիկա ցուցադրությունների շարքում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Նյու Յորքում.«Անգլերեն ենթագրերով տարբերակն արդեն կա, բայց հայերենը ես իմ ձայնով կանեմ, կգամ այստեղ ներկայացնելու»։

Ավետիքյանը երկլեզու արվեստանոց կստեղծի Երեւանում

Ֆրանսահայ ռեժիսորը Հայաստան է եկել նաեւ կրթական մեծ ծրագրերով՝ դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի ստեղծման նպատակով։ Նախագծի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու «Ազնավուր» հիմնադրամը։ Դասընթացները կազմակերպվելու են Երեւանում, բայց կարող են լինել նաեւ արտագնա արվեստանոցներ Գյումրիում կամ Վանաձորում, եթե պահանջարկ լինի։ Նպատակն է առաջարկել վեցամսյա դասընթաց, որն ամեն ամիս՝ 10 օր շարունակ, օրական 4 ժամ տեւողությամբ կվարեն Սերժ Ավետիքյանի կողմից ընտրված ֆրանսիացի մասնագետները։ Արվեստանոցի պարապմունքները լինելու են հայերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ ըստ մասնակիցների նախընտրությունների։
Արվեստանոցում տասնօրյա դասախոսություններով հանդես կգան ֆրանսիացի մասնագետներ, իսկ առաջին երկու շաբաթների պարապմունքները կվարի ինքը՝ Սերժ Ավետիքյանը:

«Սրանք չեն լինի պարզապես սեմինարներ, այլ կլինի իսկական աշխատանք բեմի վրա, ինչպես արվում է Ֆրանսիայում։ Հրաշալի կլիներ, եթե դիմորդները նաեւ ֆրանսերեն իմանային, քանի որ վեց ամսվա աշխատանքից հետո լավագույն թեկնածուները կգնան Փարիզ կամ մոտակա քաղաքներ՝ երեքշաբաթյա մասնագիտական պրակտիկա անցնելու։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի տարբեր բարեգործական կազմակերպությունների եւ մշակութային հիմնադրամների կողմից կրթաթոշակներ առաջարկվեն մասնակիցներին»,- ասաց Սերժ Ավետիքյանը՝ հավելելով, որ դիմորդները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել Ֆրանսիայի դեսպանության էլեկտրոնային հասցեին, որից հետո՝ մարտ ամսին, ինքն անձամբ կգա եւ կծանոթանա բոլոր մասնակիցների հետ։

«Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի նախադիտմանը


Նոր նախագծերի ու հեռուստատեսային նորությունների մասին

Դերասանը նաեւ կիսվեց հեռուստատեսային նախագծերի հետ կապված իր նորություններով, որոնցից մեկն էլ «Անատոլիական պատմություն» սերիալի առավել ամփոփ տարբերակի թողարկումն ու միջազգային հարթակներում ցուցադրելն է. «Ինչպես գիտեք, ես մասնակցել եմ այդ սերիալի նկարահանումներին՝ Հրաչ Քեշիշյանի ղեկավարությամբ։ Մենք որոշեցինք այն մոնտաժել, ավելի ամփոփ տարբերակ պատրաստել՝ մեկ ժամանոց չորս սերիաներով։ Ինչո՞ւ ենք դա անում, որովհետեւ ֆիլմը պետք է թարգմանվի ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով եւ այդ ենթագրերով արտահանվի ու ցուցադրվի միջազգային հեռուստաալիքներով։ Այս սերիալի որակն արժանի է դրան։ Առաջարկ էլ կա, որ ենթագրերը դրվեն նաեւ թուրքերեն լեզվով, որպեսզի յութուբ նայող թուրքերը կարողանան դիտել Հայաստանում եւ Թուրքիայում նկարահանված այդ սյուժետը»,- նշեց նա։

Ավետիքյանի մյուս նորությունն էլ այն է, որ այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ նոր՝ «Հայրը» նախագծի ցուցադրության հետ կապված.«Սյուժեն գրել է Լեւոն Մինասյանը, որը ծնվել է Գյումրիում, սակայն ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում, համասցենարիստն է Լեւոն Գալստյանը։ Նրանք արդեն գրել են մի քանի էպիզոդներ, նախագծի փաթեթը պատրաստ է։ Պրոդյուսերական գործով զբաղվում է «ANEVA Production»-ը՝ Անի Որսկանյանի գլխավորությամբ։ Ընդունեցի առաջարկը մարմնավորել գլխավոր հերոսի՝ հոր կերպարը։ Սա կարող է լինել որակյալ սերիալ Հ1-ի կողմից, եւ ժամանակը եկել է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարողանա արտահանել իր գործերն ու ցուցադրել ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանդիսատեսի համար՝ ներկայացնելով հետաքրքիր համամարդկային թեմաներ»,- եզրափակեց ռեժիսորը։

Ի դեպ, արտիստը BRAVO.am-ի հետ նախորդ բացառիկ զրույցում արդեն իսկ հետաքրքիր մանրամասներ էր ներկայացրել այս նախագծերից: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին