Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են։ Նրանցից շատերին արդեն ճանաչում ենք դեմքով։ Նրանց այստեղ լինելու հանգամանքը պատահական չէր. ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանի «Արշալույս» խորագիրը կրող համերգը նվիրված է հենց հերոսածին մայրերին։
Շտապում եմ ետնաբեմ՝ զրուցելու երգչուհու հետ։ Համերգը պետք է սկսվի 20 րոպեից։ Վերջին շտկումներ են կատարվում, այդ ընթացքում հասցնում եմ զրուցել Գոհարի հետ։
«Ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզվում եմ, իսկ այս համերգը տարբերվում է իմ բոլոր համերգներից։ Պատասխանատվությունս շատ մեծ է, լարվածությունս էլ ավելի, քանի որ համերգը նվիրված է հերոսածին մայրերին։ Այսքան դժվարություն եւ կորուստ տեսնելուց հետո յուրաքանչյուրիս համար դժվար է անցնել նոր կյանքի։ Հոգեբանորեն էլ շատ դժվար է ելույթ ունենալ ծնողների առջեւ, բայց իմ արածը տղաների արածի դիմաց շատ քիչ բան է»,- ասաց երգչուհին ու շտապեց բեմ։
Արդեն բեմում Գոհարը նշեց, որ միշտ երազել է մենահամերգ ունենալ։ Ու այս անգամ որոշեց, որ համերգի խորագիրը լինի «Արշալույս»:
«Խորագիրը պատահական չի ընտրվել. պետք է հավատանք, որ մեր հայրենիքի վրա կբացվի այդ արշալույսը։ Տղաները հենց այնպես իրենց կյանքը չզոհեցին հանուն հայրենիքի, հանուն մեր կյանքի, հանուն մեր ապրելու։ Իրենք ամենաթանկը նվիրեցին՝ իրենց կյանքը, որ մենք շարունակենք ապրել»,- ասաց երգչուհին։
Համերգը տեւեց երկու ժամից ավելի։ Ամբողջ ընթացքում դահլիճում թեւածում էր հայրենասիրական ոգին, որին միախառնվել էր հուզմունքը։
Համերգի թերեւս ամենահուզիչ պահը՝ երբ բեմ բարձրացավ երգիչ Դավիթ Ամալյանը: Նա Գոհարի հետ կատարեց իր հեղինակային «Օրորոցային» երգը, որը գրվել էր հենց որդու՝ Վարդանի լույս աշխարհ գալու ժամանակ։ Վարդան Ամալյանը 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է։
Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր Դուշման Վարդանի պատվին, եւ Դուշման Վարդանին նվիրված երգն էլ Գոհարը նվիրեց Վարդան Ամալյանին։
«Հրաշք լիներ»՝ աշուղ Գեւորգի այս երգը հնչեց դաշնամուրային կատարմամբ, իսկ դաշնամուրի մոտ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն էր։
Երգչուհին իր բոլոր համերգները եզրափակում է գուսան Հայկազունու «Պիտի գնանք» երգով։ Ի դեպ, այս երգը նա միշտ կատարում է հանդիսատեսի հետ։ Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց։ Բայց մինչ կատարելը, դիմելով դահլիճին, ասաց․«Մենք դեռ վրեժ ունենք լուծելու, մենք չենք պարտվել, մենք հաղթել ենք»։
Համերգի ավարտից հետո երգչուհին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր, իրեն նվիրած ծաղիկներն էլ՝ տղաների շիրիմներին։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: