«Չնայած՝ մայրության եւ գեղեցկության օրն է, բոլոր աղջիկների եւ կանանց տոնն է, ցանկանում եմ այս ձեւով առանձնահատուկ շնորհավորել դահլիճում գտնվող մեր հերոսների մայրերին, կանանց ու քույրերին: Նրանք իրենց անմնացորդ նվիրումի շնորհիվ մեր տղաներին թեւ ու թիկունք են եղել՝ օգնելով ամուր լինել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաջ հերոսներին, որոնց շնորհիվ մենք այսօր հնարավարություն ունենք հանդիպելու եւ միասին նշելու այս օրը, այն հերոսներին, ովքեր հանուն այսօրվա եւ վաղվա զոհեցին ամեն ինչ, անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը: Խոնարհվում եմ նրանց առաջ: Դահլիճում ներկա են նաեւ մեր հերոսները»,- ասաց Իվետա Մուկուչյանը:
Երգչուհու մենահամերգը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 7-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում. այն Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով էր: Մթնոլորտը տոնական էր, սակայն Իվետան «Մարտիկի երգը» երգելիս չկարողացավ զսպել արցունքները:
«Հետաքրքիր է՝ միշտ երգել եմ «Մարտիկի երգը», բայց պատերազմից հետո, երբ հասնում եմ «Հայրենիքն իմ սրտում, թե չընկնեմ ես մարտում» տողին, այլեւս չեմ կարողանում շարունակել, դժվարանում եմ ինձ հավաքել...»,-նշել է նա:
Իվետան խոստովանել է, որ հուզվել է նաեւ համերգի ավարտից հետո.«Շատ էի անհանգստանում, որ բարձր երաժշտությունը եւ լույսերը կարող են խանգարել դահլիճում ներկա գտնվող տարբեր վնասվածքներ ստացած զինվորներին, սակայն համերգի ավարտից հետո ինձ մոտեցավ մի զինվոր՝ իր փոքրիկ տղայի հետ: Նա ասաց, որ վերջին իրադարձություններից հետո միակ ուրախ օրն էր իր համար, չկարողացա զսպել արցունքներս, առհասարակ, անդադար հուզվում էի... Սա նվազագույնն էր, որ կարող էինք անել նրանց համար: Եթե նույնիսկ մեկ զինվորից լսեի նման միտք, դա ինձ բավական կլիներ երջանկանալու համար»:
Նշենք, որ համերգային ծրագրի ընթացքում եղան նաեւ անակնկալներ: Երգչուհին հանդիսատեսին ներկայացրեց Էլվինա Մակարյանի «Յարո ջան» եւ «Առանց քեզ չկա գարուն» երգերը:
Ի դեպ, վերջին երգը կատարելիս Իվետան անակնկալի բերեց դահլիճում նստած Գրիշա Աղախանյանին՝ խնդրելով նրան բեմ բարձրանալ եւ միասին կատարել այդ սիրված ստեղծագործությունը:
Եղան անակնկալներ նաեւ երգչուհու համար. նրա համառ երկրպագուներից մեկը բեմ բարձրացավ հսկայական ծաղկեփնջով՝ կատակելով, որ անձամբ է դրանք քաղել նրա համար:
Հավելենք նաեւ, որ երգչուհու հետ բեմում պարում էին «Ամարաս» պարային համույթի աղջիկները, իսկ պարային փորձերը տեղի են ունեցել 1-2 օրվա ընթացքում, քանի որ Իվետան ԱՄՆ-ից վերադարձել էր երկու օր առաջ, հետեւաբար, համերգի փորձերն էլ ստիպված է եղել իրականացնել սուղ ժամանակահատվածում:
BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: