×


Գարի Քյոսայանի ջազ-համերգն ու Լեգրանին մարմնավորող Վարշամ Գեւորգյանը

Ավելի քան մեկ տարվա դադարից ու սպասումից հետո Գարի Քյոսայանի եւ իր ջազ-քառյակի համերգն իրականություն դարձավ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված համերգը, որին դեռ երկու տարի առաջ էին սկսել նախապատրաստվել, նվիրված էր աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած միջոցառման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել է եւ զրուցել հեղինակների հետ։

«Դեռեւս երկու տարի առաջ ես շատ էի ուսումնասիրում Լեգրանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Ինքս էլ նրա ստեղծագործությունները երգում էի, Գարին էլ հրաշալի կատարում էր՝ նորովի ու թարմ։ Շատ հետաքրքիր պատմություններ իմացա Լեգրանի մասին ու սկսեցի պրպտել։ Հավատացեք՝ այդչափ տաղանդավոր կոմպոզիտորը նույնչափ էլ հետաքրքիր կյանք է ունեցել։ Գաղափար առաջացավ, որ մեր մեծերի մասին անպայման պատմվի, խոսվի, երաժշտությունը մատուցվի նորովի եւ փոխանցվի սերնդեսերունդ։ Այդ երգերն այնքան հանճարեղ գործեր են, որ պետք է անվերջ ցուցադրել»,- պատմեց դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։

Գարի Քյոսայանը


Նրա հեղինակած սցենարով համերգը տեղ-տեղ մոտեցել էր ներկայացման ձեւաչափին, քանի որ դերասան Վարշամ Գեւորգյանը երաժշտական կատարումներից առաջ հանդես էր գալիս Լեգրանի դերում եւ առաջին դեմքով պատմում մեծանուն կոմպոզիտորի կյանքից ու գործունեությունից հետաքրքիր դրվագներ:

«Իմ կարդացած պատմություններից սկսեցի սցենար մշակել, թարգմանել հոդվածներն ու հարցազրույցները։ Եվ այդ ընթացքում շատ հետաքրքիր էր նկատել, որ երիտասարդության տարիների լուսանկարներում Լեգրանը շատ նման է մեր դերասան Վարշամ Գեւորգյանին՝ իմ գործընկերոջը։ Միտք առաջացավ, որ համերգի ընթացքում Լեգրանը հենց առաջին դեմքով պատմի իր մասին ու այդպես նաեւ հավերժանա։ Ամենաբարդն այն էր, որ պետք էր սցենարն ու երաժշտական համարներն այնպես դասավորել, որ պատմությունների հետ զուգորդվեին, շարունակական լինեին»,- ասաց Ալլա Սահակյանը։

Վարշամ Գեւորգյանը


Դերասանուհու խոսքով՝ համերգի գաղափարը շատ է դուր եկել նաեւ ամուսնուն՝ Գարի Քյոսայանին, որի հետ էլ սկսել են աշխատել տեքստերի վրա։ Ընդգծեց՝ բոլոր պատմություններն իրական են, ոչ մի տող հնարած չէր.«Դահլիճի արձագանքն էլ վկայեց, որ ճիշտ ուղու վրա էինք։ Մեր երգչուհիներն էլ շատ գեղեցիկ ու նորովի կատարեցին բոլոր ստեղծագործությունները։ Այդպիսով մենք էստաֆետը փոխանցեցինք կրտսեր սերնդին, որ Լեգրանին հավերժացնելու գործը նաեւ նրանցը լինի։ Դա էլ կարեւոր ուղերձ էր՝ համերգն ավարտել «Հայաստան» ստեղծագործությամբ»։

Նշենք, որ ջազ-քառյակի համերգին տարբեր կատարումներով հանդես եկան նաեւ Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսիսյանը։ Ալլա Սահակյանն ընդգծեց՝ կյանքը շարունակվում է, եւ պետք է կարողանալ միմյանց ոգեշնչել, ապրեցնել։ «Իսկ արվեստն ի՞նչ է, եթե ոչ ապրեցնելու մեծ ուժ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա այլ կերպ է նայում ամեն ինչին ու փորձում է զգույշ վերաբերվել իր ունեցածին։


Ելույթի ավարտին էլ մեր զրույցում Գարի Քյոսայանը նշեց, որ վաղուց էին սպասել համերգին, քանի որ այն հետաձգվել էր անորոշ ժամանակով․«Շատ ուրախ ենք, որ սա տեղի ունեցավ։ Շատ ջերմ մթնոլորտում անցավ համերգը, հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր ողջունում ամեն նոր համարը, նոր գործը։ Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի, եւ մենք նոր հանդիպումներ կունենանք հանդիսատեսի հետ»,- եզրափակեց երաժիշտը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW