×


«Հայկականը սրտով եմ զգում». Ժակլին Բաղդասարյանը՝ LADANIVA-ի երեւանյան առաջիկա համերգի եւ հույզերի մասին

Քաղցրաձայն մի աղջիկ, ով իր հայալեզու առաջին իսկ երգով գերեց շատերի սրտերը. Ժակլին Բաղդասարյանի եւ նրա խմբի՝ «Լադանիվա»-ի կատարումները կայծակնային արագությամբ են տարածվում Հայաստանում՝ հատկապես հայկական երգերի նորովի մեկնաբանությունների համար: Մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկար սպասումից հետո տեղի կունենա խմբի հայաստանյան առաջին մենահամերգը: Սպասվող համերգի, 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստան գալու եւ պատերազմի ընթացքում ունեցած ապրումների մասին Ժակլինը պատմել է BRAVO.am-ին:

«Անհամբեր սպասում եմ համերգին, շատ-շատ ոգեւորված եմ, անբացատրելի ու անկրկնելի զգացողություններ ունեմ: 2005 թվականից ամեն տարի գալիս էի Հայաստան՝ ամառային ազատ օրերս վայելելու, բայց արդեն 6 տարի է, ինչ չեմ եկել եւ կարոտ եմ զգում: Հատկապես կարոտել եմ Եղեգնաձորն ու իմ բարեկամներին: Այնտեղ անցել է իմ անհոգ մանկությունը, մեր տան մոտ գտնվող լճի մոտակայքում ես ու քույրերս շատ էինք խաղում: Հիմա ուզում եմ գալ եւ նորից տեսնել հարազատներիս, ամուր գրկել նրանց: Այս անգամ խմբով ենք գալիս եւ ժամանակի առումով դեռ չգիտեմ, թե ուր կկարողանանք գնալ, բայց շատ կուզեմ, որ ընկերներս եւ ես տեսնենք Հայաստանի այն անկյունները, որտեղ կան հնություններ, հայկական շունչ եւ մշակույթ, որ նրանց պատմեն մեր պատմությունը, ծանոթացնեն մեր մշակույթի հետ: Նորակառույց վայրերով այդքան էլ հետաքրքրված չեմ։ Կուզեմ, որ հնարավորություն ունենանք ծանոթանալ եւ նվագել հայկական նվագարաններ: Դե, նաեւ չենք մոռանում հայկական խոհանոցի համեղ ուտեստների մասին, որոնք հատկապես տնական եղանակով պատրաստված են լավը: Պասուց տոլմա եւ քյալագոշ եմ շատ սիրում»,-նշեց Ժակլինը՝ կատակելով, որ ինքն այդ ուտեստները պատրաստել չի կարող, եւ լավ առիթ է, որ ընկերները հայկական խոհանոցի իրական համը զգան։

Լուի Թոմասը եւ Ժակլին Բաղդասարյանը


Նա խմբի միակ հայն է, մյուս երաժիշտներն էլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Երեք տարեկանից հետո Ժակլինն ընտանիքի հետ Եղեգնաձորից տեղափոխվել է Բելառուս, որտեղ հաճախել է դպրոց, սովորել համալսարանում, այնուհետ կրթությունը եւ կյանքը շարունակել է Ֆրանսիայի Լիլ քաղաքում: Մանկուց է աչքի ընկեր աշխույժ, ուրախ բնավորությամբ եւ կազմակերպչական ջիղով, ինչպես ինքն է ծիծաղով պատմում՝ ավագ քրոջ դպրոցական հանդեսի ժամանակ, լինելով երկու տարեկան, ստիպել եւ համոզել է ներկաներին, որ նրանց հետ բեմ բարձրանա եւ կանգնի բեմի կենտրոնում, ինչը, իհարկե, այնքան էլ դուր չի եկել քրոջը։ Տարիների ընթացքում նրա նախաձեռնող եւ նպատակասլաց բնավորությունը, կարծես, ավելի է ամրացել, ինչի վառ ապացույցը «Լադանիվա» խումբն է, որի պատմությունը սկսվել է Ժակլինի եւ Լուի Թոմասի ծանոթությունից:

«Մենք միասին ենք սովորել Լիլ քաղաքի կոնսերվատորիայում։ Նա մի անգամ լսեց, թե ես հայերեն ոնց եմ երգում, եւ կիթառով նվագակցեց, հետո արդեն վերջնական եկանք այն մտքին, որ հայկական երաժշտության առկայությամբ նախագիծ պետք է անել, որում այլ ազգային երաժշտության տարրեր եւս կլինեն՝ բալկանյան, արաբական եւ այլն: Ես սիրում եմ տարբեր ժանրերը միաձուլել, ստանալ նոր ու հետաքրքիր բան: Միշտ էի մտածում ստեղծել մի թարմ նախագիծ։ Սկզբում որոշել էի ջազն ու ազգայինը միացնել, այս մտքերը գլխումս միշտ պտտվում էին, եւ հետո, երբ հանդիպեցի Լուիին, նա ինձ ոգեւորեց, որ երգեմ հենց հայկական: Ինձ համար նաեւ նոր էր այն, որ ես էի գրում երգերը: Փորձ ունեի միացնելու տարբեր ոճերը, անգլերեն էի երգում, ես էի հեղինակել, բայց դա ինձ բավական չէր, արածս աշխատանքից հոգեպես բավարարվածություն չէի զգում: Առաջին երգը եղավ «Վայ, ամանը», եւ ինձ հետաքրքիր էր, թե հասարակությունն ինչպես կընդունի: Պետք է ասեմ, որ հաճելի անսպասելիություն էր: Այս երգով շատ դռներ բացվեցին մեր առաջ, մենք շատ ուրախ էինք ու երջանիկ: Համացանցում շատերն էին մեր երգը երգում, պարում եւ սթորիներում նշում մեզ: Իմ կյանքում առաջին անգամ էր նման մեծ արձագանք։ Մենք շատ էինք ոգեւորվել»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ հենց այդ դրական վերաբերմունքից ավելացել է նոր երգեր ստեղծելու եւ գաղափարը շարունակելու ցանկությունը:



Երգչուհու ծնողները երաժիշտներ չեն, բնությունից մայրն ունի գեղեցիկ ձայն, բայց չի մշակել եւ այդ ուղղությամբ չի աշխատել: Ժակլինի տատիկն է շատ լավ երգել, իսկ տատիկի եղբայրն օպերային երգիչ Ֆիլիպ Բալոյանն է, ով Եղեգնաձորում գործող երաժշտական դպրոցի տնօրենն է եղել.«Ֆիլիպ պապն ինձ համար վառ օրինակ էր, նա մեր տան բոլոր հավաքույթների ուրախությունն էր: Եթե նա տանն էր, ապա տանը տոն էր՝ ամեն անկյունից իր երգի ուրախ ձայնն էր, եւ այս առումով ես շատ նման եմ իրեն՝ ամեն տեղ երգում եմ, անընդհատ նոր երգ է գալիս մտքիս, որը շշնջում եմ քթիս տակ»:

«Լադանիվա» խմբի ձեւավորումից առաջ Ժակլինը Մինսկում հայկական համայնքի նախաձեռնած միջոցառումների ժամանակ միշտ հանդես է եկել հայկական երգով եւ պարով: Բելառուսում սկսել է ակադեմիական վոկալով զբաղվել, ինչը շարունակել է նաեւ Ֆրանսիայում: Նա իր կատարողական արվեստն ամբողջացրել է՝ ջազ երգեցողություն սովորելով: Ժակլինի խոսքով՝ ամենից շատ սիրում է հայկական երգել, քանի որ իրեն դուր է գալիս հայոց լեզվի հնչողությունը:

Ժակլին Բաղդասարյանը


«Հայկական երգելը սրտիցս է գալիս, հոգով զգում եմ, բացի այդ, ինձ դուր է գալիս, թե իմ ձայնն ինչպես է հնչում հատկապես հայերենով: Կարծում եմ, որ աշխարհում քիչ մարդիկ գիտեն, թե հայերենն ինչպես է հնչում, եւ ես փորձում եմ մեր լեզուն չիմացողներին ցույց տալ՝ որքան գեղեցիկ է այն: Ինձ շատ են հարցնում, թե ինչ լեզու է, քանի որ անսովոր է, անծանոթ: Ֆրանսիայում հիմնականում ֆրանսերեն եւ արաբերեն են լսում, մենք նրանց համար դառնում ենք հետաքրքիր, քանի որ նման չենք ոչ ոքի»,- ասաց երգչուհին:

Մշտապես լավ տրամադրություն եւ էներգիա փոխանցող Ժակլինը 44-օրյա պատերազմի օրերին ներկայացրեց իր «Օրօր» երգը, որում աշխարհում տիրող անարդարության ֆոնին երեխային քնեցնող մոր խոսքեր հնչեցրեց. «Հոգի չկա, մենակ զենք, քնի՛ր բալես, որ դա չտեսնես»: Խոսելով երգի մասին՝ երգչուհին ասաց. «Պատերազմի օրերին ես սրտատրոփ ամեն րոպե սպասում էի, թե երբ է ավարտվելու այն, անհանգիստ էի. երկարում էր պատերազմը: Դժվար վիճակ էր, զգացմունքներս խառնվել էին՝ անարդարություն, ցասում, անզորության: Երգն այդ ամենի արտացոլումն է»:



Ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն եւ արդեն որոշ չափով անգլերեն լեզուների իմացությունը Ժակլինին երաժշտության մեջ օգնել է, բայց հայերեն խոսելը դժվարացրել է՝ խոսում է անուշ ու հետաքրքիր «ռուսաֆրանսահայերեն»:

Համերգի ժամանակ նրանք հանդիսատեսին ներկայացնելու են ինչպես արդեն ծանոթ եւ սիրված, այնպես էլ նոր երգեր ու մշակումներ, որոնք համեմված են տարբեր ազգերի երաժշտության էլեմենտներով: Կենդանի կատարումների ժամանակ խումբն անգամ ծանոթ երգերը սիրում է նորովի մատուցել։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժակլին Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին