×


«Ժակլինը շատ ոգեւորված է». LADANIVA-ի երեւանյան առաջին համերգին մնացել են հաշված օրեր

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որին հայ հանդիսատեսը սիրեց հատկապես հայկական երգերի նորովի մեկնաբանությունների համար, մայիսի 29-ին՝ ժամը 19.30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային (փոքր) դահլիճում հայաստանյան իր առաջին մենահամերգը կունենա:

«Ուզում եմ բացահայտել իմ հայրենիքը եւ հուսով եմ՝ մոտ է Երեւանում համերգով հանդես գալու օրը»՝ այս մասին նախորդ տարի BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր «Վայ, աման» երգով Ֆեյսբուքը ողողած եւ երկրպագուների մեծ բանակ ձեռք բերած խմբի մեներգչուհին՝ Ժակլին Բաղդասարյանը:

Ժակլինի ցանկությունը հաշված օրերից իրականություն կդառնա. համերգի նախաձեռնող «Unity Production»-ի համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համերգը դեռ մեկ տարի առաջ էին ցանկացել կազմակերպել, բայց համավարակի ու պատերազմի պատճառով հետաձգվել էր:

«Մենք հետեւում էինք «Լադանիվա»-ի գործունեությանը եւ զգացինք, որ թե՛ մեր, թե՛ հանդիսատեսի կողմից նրանք շատ արագ սիրվեցին: Որոշեցինք՝ այս տարի նրանք անպայման կգան Հայաստան: Ճիշտ է՝ պատերազմից հետո մտավախություն կար, որ նմանատիպ համերգի տրամադրություն չի լինի, բայց հասարակությունը նաեւ լավ, դրական լիցքերի կարիք ունի, ինչը կփոխանցվի նրանց հենց այս համերգից: Կարծում եմ՝ լավ որակի եւ հետաքրքիր համերգները հիմա դրական կազդեն հանդիսատեսի հոգեվիճակի վրա: Խմբի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում շատ մեծ է, արդեն իսկ մնացել են շատ քիչ տոմսեր», - ասաց Ալեքսանդր Մհերյանը:


«Լադանիվա» խումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից, մեներգչուհին՝ Ժակլին Բաղդասարյանը, ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայի Լիլ քաղաքում: Ալեքսանդր Մհերյանի խոսքով՝ Ժակլինը խանդավառությամբ է ընդունել Հայաստանում համերգով հանդես գալու գաղափարը:

«Ժակլինի հետ անձամբ ծանոթ եմ: Նա շատ մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ ընդունեց հայրենիքում համերգային երեկո ունենալու հնարավորությունը: Նրանք իրենց մեծ խմբով՝ մոտ 12 հոգի, մի քանի օր պետք է մնան Հայաստանում, եւ կային կազմակերպչական հարցեր, որոնք ֆրանսիական պրոդյուսերական կազմի հետ քննարկեցինք եւ կարգավորեցիք: Լինելու է կենդանի հնչողություն, համերգի ընթացքում հանդիսատեսը լսելու է ինչպես արդեն հայտնի եւ սիրված, այնպես էլ՝ նոր երգեր ու մշակումներ», -եզրափակեց պրոդյուսերը:

«Լադանիվա» խմբի երեւանյան համերգի մասին լրացուցիչ տեղեկություններ կգտնեք ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/events/2858702011112519/

BRAVO.am





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին