×


5 հարցուպատասխան G կետի մասին

Եթե համացանցում տեղեկություն փնտրեք G կետի մասին, ապա ձեզ հանդիպած ինֆորմացիայի մի մասն այն գտնելու տարբերակներ կառաջարկի՝ խոստանալով անհավանական սեռական հաճույք, իսկ մյուս մասը կպնդի՝ G կետ գոյություն չունի։

Թվում է՝ բժիշկների՝ նախկինում հնչեցրած միտքը, թե կնոջ սեքսուալությունը բժշկության դեռեւս չբացահայտված ոլորտներից է, արդիական է նաեւ այսօր։ Մենք համադրել ենք գիտական, բժշկական հեղինակավոր մի շարք պորտալներում, այդ թվում՝ PubMed-ում (բժշկական եւ կենսաբանական հրապարակումների շտեմարան, որը ստեղծել է ԱՄՆ Կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնը (NCBI)), եղած տվյալները եւ ներկայացնում ենք 5 ամենակարեւոր հարցուպատասխանը G կետի մասին։

Ինչո՞ւ G կետ

Երբ գերմանացի բժիշկ Էռնստ Գրեֆենբերգը 1950 թ․-ին գրում էր իր «Միզուկի դերը կնոջ օրգազմում» գիտական հոդվածը, երեւի չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց իր ազգանվան սկզբնատառով է կոչվելու բոլորիս այդքան հայտնի G կետը։ Այս տերմինը լայն տարածում գտավ 1982 թ․-ից հետո, երբ հրապարակվեց «G կետը եւ մարդու սեռականության վերաբերյալ վերջին շրջանի այլ հայտնագործությունները» գիրքը։ Այն դարձավ միջազգային բեսթսելլեր եւ թարգմանվեց աշխարհի 19 լեզուներով։ Գրքի հեղինակներից մեկը՝ Բեւերլի Ուիփելը, նկատել էր, որ մատների միջոցով հեշտոցի ներսում կատարվող, այսպես ասած, «մո՛տ եկ» շարժումը սեռական հաճույք է պարգեւում կնոջը, եւ ենթադրում էր, որ դա տեղի է ունենում հենց G կետի խթանման արդյունքում։

Արդյո՞ք գոյություն ունի G կետը

Այս խնդրահարույց հարցը դեռեւս չի գտել իր պատասխանը եւ շարունակում է մնալ ինչպես գիտական ու բժշկական շրջանակների, այնպես էլ կանանց քննարկման թեման։

Որոշ մասնագետներ վստահաբար նշում են, թե G կետը գոյություն ունի՝ վկայակոչելով իրենց կատարած հետազոտությունները եւ այն  կանանց, որոնք սեռական հաճույք են ապրել հենց այդ կետի խթանման արդյունքում։ Մինչդեռ գիտնականների եւ սեքսոլոգների մի մասը բոլորովին համաձայն չէ։ Որպես ապացույց՝ նրանք նշում են, որ չկան G կետի ո՛չ ուլտրաձայնային, ո՛չ էլ անատոմիական պատկերներ, հետեւապես անիմաստ է խոսել դրա գոյության մասին։

Փեյսի համալսարանի նյարդաբան Թերենս Հայնսը 2001թ․-ին հրապարակված իր հոդվածներից մեկում նշում է, որ քանի դեռ չի իրականացվել համապատասխան հյուսվածքի մանրակրկիտ հետազոտություն, G կետը կմնա որպես «գինեկոլոգիական ՉԹՕ»՝ մի բան, որի մասին խոսում են եւ քննարկում, սակայն դեռեւս չկան վերջինիս գոյությունը փաստող օբյեկտիվ հիմքեր։

G կետի գոյությունը հերքող մասնագետները նաեւ կարծում են, որ Գրեֆենբերգի անունն անհարկի շահարկվում է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե կատարված հետազոտությունները գիտական հիմք ունեն։ Արդյունքում ստեղծվում են միֆեր, որոնք տարածվում են ԶԼՄ-ով եւ դառնում հայտնի։ Բժշկության ոլորտի որոշ մասնագետներ էլ օգուտ են քաղում այս ամենից եւ այն կանանց սպասումներից, որոնք հավատացել են միֆին: Իզուր չեն ասում, որ G կետը հայտնվել է բազմամիլիոնանոց բիզնեսի կենտրոնում։

Ինչպե՞ս գտնել G կետը

Այն մասնագետները, որոնք հավատում են G կետի գոյությանը, նշում են, որ այն գտնվում է հեշտոցի առջեւի պատին՝ մոտ 5-8 սմ վերեւ կամ մինչեւ մոտավոր մեկ երրորդում, եւ խորհուրդ են տալիս փորձել ինքնուրույն գտնել այն՝ մատների կամ հատուկ սեքս-խաղալիքի օգնությամբ:


Ո՞ր սեքս դիրքերն են նպաստում G կետը գտնելուն

Եթե ցանկանում եք սեռական ակտի ընթացքում զգալ G կետի խթանումը, ապա փորձեք ընտրել դիրքեր, որոնք առավել շատ թույլ կտան կառավարել ձեր շարժումները եւ հասկանալ, թե որ տեսակի եւ ինչ հաճախականությամբ խթանումն է ձեզ համար ամենահաճելին։ Առանձնացրել ենք երեք գլխավոր դիրքերը, որոնք կօգնեն այդ հարցում։

Շան դիրք. այս դիրքը հնարավորություն է տալիս ձեր զուգընկերոջն առավել խոր ներթափանցում իրականացնել սեռական ակտի ընթացքում, ինչն էլ մեծացնում է G կետին հասնելու եւ ձեզ հաճույք պարգեւելու հավանականությունը՝ անհրաժեշտության դեպքում կատարելով անկյան փոփոխություն։

Հեծյալի դիրք․ այս դեպքում իրավիճակի տերն առավելապես կինն է, քանի որ կարող է վերահսկել ներթափանցման ռիթմը, խորությունը եւ անկյունը։ Սակայն վերուվար շարժվելու փոխարեն, լավ կլինի շարժվել առաջ եւ հետ, որ հնարավոր լինի խթանել հեշտոցի առջեւի հատվածում գտնվող G կետը։ Իսկ եթե ընթացքում արագության եւ խորության հետ կապված փորձարկումներ անեք, ապա առավել հեշտ կլինի գտնել այն։

Փակ միսիոներական դիրք․ ի տարբերություն դասական միսիոներական դիրքի՝ այս դեպքում կնոջ ոտքերը միասին են։ Փակ միսիոներական դիրքը չի ապահովում խոր ներթափանցում, բայց փոխարենն այն G կետի հետ շփման առավել մեծ հնարավորություն է ստեղծում եւ կարող է հրաշալի տարբերակ լինել, որը կօգնի ձեզ հասնել օրգազմի։

Ինչպե՞ս մեծացնել G կետը

Մեր օրերում իբրեւ թե հնարավոր է G կետի մեծացում իրականացնել կոսմետիկ վիրաբուժական մեթոդով՝ հիալուրոնային թթվի ներարկման օգնությամբ։ Համարվում է, որ այս պրոցեդուրայի շնորհիվ մեծանում է G կետի զգայունակությունը, ինչն էլ օգնում է ավելի մեծ հաճույք ստանալ սեռական ակտի ընթացքում։

Մինչ այս ծառայությունն առաջարկող կլինիկաները շարունակում են ներկայացնել, թե ինչ դրական արդյունքներ են գրանցվել եւ որքան է բարելավվել իրենց այցելուների սեռական կյանքը, շատ սեքսոլոգներ թերահավատորեն են վերաբերվում այս ամենին․ ինչպե՞ս կարելի է մեծացնել մի բան, որի գոյությունն անգամ ապացուցված չէ։

Ջեֆրի Սփայքը (Ֆլորիդայի պետական համալսարանի բժշկական քոլեջի բիոէթիկայի մասնագետ) նշում է՝ այն բժիշկները, որոնք, այսպես ասած, մեծացնում են G կետը, օգտվում են տվյալ կանանց անինքնավստահությունից եւ զբաղվում են բժշկական խարդախությամբ։ Նա G կետը նմանեցնում է ժողովրդական հեքիաթի, որը նույն կարգից է, ինչ հրեշտակներն ու միաեղջյուրները։

Եվ իսկապես, դժվար է գտնել արժանահավատ բժշկական հետազոտություններ, որոնք փաստում են G կետի մեծացման պրոցեդուրայի անվտանգությունն ու արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով։ Ուստի մասնագետները պնդում են՝ կանայք պետք է տեղյակ լինեն, որ այս առումով ինֆորմացիոն բաց կա եւ հնարավոր են հետագա մի շարք բարդացումներ ու խնդիրներ՝ ներառյալ վարակների փոխանցումը, զգայունակության բացասական փոփոխությունը եւ այլն։

Ակնհայտ է՝ գիտնականները եւ սեքսոլոգները կշարունակեն քննարկել G կետի գոյության թեման ու տարաբնույթ հետազոտություններ իրականացնել։
Բայց անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք այս հարցի մասին, հաջողվել է արդյոք գտնել ձեր G կետը, թե ոչ, հիշեք, որ սեքսն այն չէ, ինչ մենք տեսնում ենք ֆիլմերում, իսկ հաճելի ու բավարարող սեռական կյանք ունենալու համար անհրաժեշտ է, որ ժամանակ տաք ինքներդ ձեզ, փորձարկումներ կատարեք, բաց ու անկեղծ խոսեք ձեր զուգընկերոջ հետ։

Տեքստը՝ Սոնա Վարդանյանի/Bravo.am/
Աղբյուրները՝ «The Journal of Sexual Medicine», «Medical News Today», «Psycհology Today», «SpringerLink», «PubMed»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW