Հունիսի 26-ին եւ 27-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում՝ Չեխովի անվան միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Չեխովի անվան փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային արվեստի լավագույն ձեռքբերումներին։ Այդպիսով, Մեյերհոլդի անվան կենտրոնում Սոս Սարգսյանի անվան երեւանյան Համազգային թատրոնը ցուցադրել է իր նոր աշխատանքը՝ Գի դը Մոպասանի նովելի հիման վրա ստեղծված «Փափլիկը» ներկայացումը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական երկնքում»,- ասված է փառատոնի մամուլի հաղորդագրությունում։
Նարինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ուրախ է իր նոր ներկայացումը ցուցադրել Մոսկվայում․«Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո մենք ավելի խորությամբ ենք փնտրում գեղեցկություն ու ներդաշնակություն։ Իսկ ուրիշ որտե՞ղ այն կարող ենք գտնել, եթե ոչ թատրոնի մոգական միջավայրում՝ Մոսկվայի Չեխովյան փառատոնում։ Այնտեղ, որտեղ ավելի շատ է մեզ միավորողը, քան բաժանողը»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նշել է ռեժիսորը։
Նարինե Գրիգորյանը նաեւ անկեղծացել է, որ շատ է սիրում այս ներկայացումը․«Այն ծնվել է հեշտ, ազարտային ու հետաքրքիր։ Ես շատ եմ ցանկանում, որ ռուս հանդիսատեսը հավանի մեր «Փափլիկը»»,- ասել է նա։
Գործակալությունը նաեւ հավելել է, որ Չեխովյան փառատոնն այս տարի փոխել է անցկացման ձեւաչափը: Համավարակով պայմանավորված՝ երկու ամսվա փոխարեն այն տեւելու է գրեթե մինչեւ տարվա վերջ՝ 2021 թվականի մայիսի 14-ից մինչեւ նոյեմբերի 20-ը։ Փառատոնի համաշխարհային ցուցադրությունների շարքում ընդգրկված է 12 ներկայացում տասը երկրից։
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Տաթեւ Դուրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: