×


«Մենք միասին կարտասվենք ու կուրախանանք». Մարիամ Մերաբովայի երեւանյան համերգի հետաքրքիր դրվագները

Երեւանյան երեկոներից մեկն իր ձայնով եկել էր ջերմացնելու ռուսաստանաբնակ սիրված ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան. նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա «Գրիր ինձ» խորագրով մենահամերգն էր։ Bravo.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացել էր, որ ծրագրում ընդգրկված են երգեր, որոնք վերջին շրջանի իր ապրումներն ու հույզերն են արտացոլում։ Երեկոյի հենց սկզբում Մերաբովան խոստովանեց՝ դժվար է ելույթ ունենալ հատկապես այն ժամանակ, երբ հոգեպես շատ դժվար է քեզ:

«Բեմ ելնելը միշտ էլ հեշտ չէ, եթե դա անում ես ազնվորեն, իսկ դժվար ժամանակահատվածում առավել պատասխանատու է, քանի որ մի բան ես ուզում՝ մարդկանց տալ վստահություն եւ հավատ, որ կան ուժեր ապագայի համար: Ուզում եմ այս համերգս դառնա մանիֆեստ՝ կյանքի, սիրո, հավատի եւ երաժշտության: Չեմ ուզում շատ խոսել, քանի որ բառերն առ ոչինչ են այն ամենի համեմատ, ինչ զգում են մեր սրտերը, որոնք հիմա միաձայն են բախում. ես վստահ եմ: Կա երաժշտություն զվարճանքի համար եւ երաժշտություն, որը կարող է բուժել: Այսօրվա համերգն էլ հանգամանքների բերումով փոխվեց. կհնչեն այն երգերը, որոնք կարող են ուժ տալ, մենք միասին կարտասվենք ու կուրախանանք: Իմ խնդիրն է, որ միասին տեսնենք այն լուսավորը, որին պետք է հասնենք, եւ ունենք այդ ուժը մեր մեջ»,-նշել է նա:

Մարիամ Մերաբովան


Այս խոսքերն ամբողջացրին ներկաները՝ մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր հերոսների հիշատակը, որից հետո իրեն բնորոշ անմիջական շփման ու պատմությունների միջոցով երգչուհին անցկացրեց համերգային ողջ երեկոն: Նախորդ անգամ նույն բեմում Մերաբովան հանդես էր եկել ամուսնու՝ երջանկահիշահատակ դաշնակահար ու կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հետ: Այս անգամ հիշեց նրա տված խորհուրդը:


«Նա ինձ սովորեցրել է կամ գուցե վարժեցրել է հավատալուն, որ կյանքն ու սերը հավերժ են, միշտ ինձ ասում էր՝ արա, ինչ պետք է անես, եւ թող լինի այն, ինչ լինելու է: Կարեւոր անելիքդ ինքդ քեզ հետեւելն է: Որքան էլ հակահասական է հնչում, բայց ամեն ինչ հանուն կյանքի ու սիրո է: Արմենի հեռանալուց հետո, երբ ինձ շատ դժվար էր, օգնության հասավ «Գրիր ինձ» երգը, որը հայր Դմիտրին նվիրեց ինձ։ Այն դարձավ ապրումներիս բախման կետը, ամբողջությամբ իմ մասին է»,-պատմել է երգչուհին:

Մարիամ Մերաբովան


Կեսկատակ-կեսլուրջ Մերաբովան խոսեց նաեւ մոր՝ իրենից միշտ դժգոհ լինելու մասին: Նրա խոսքով՝ ամբողջ մի կյանք իր մայրիկին ապացուցել է, որ ինքը լավն է. «Հիմա մայրս 90 տարեկան է, վատառողջ է, անհանգստանում եմ նրա համար: Ծնողն այն մարդն է, որը մեզ սիրում է այնպես, ինչպես ոչ ոք չի կարող սիրել: Մորս միշտ ինչ-որ բան դուր չի եկել իմ մեջ՝ սանրվածքս, պահվածքս, երբեմն՝ ասածս, բայց ես միշտ ուզում եմ նրան անվերջ ուրախացնել»:


Երեկոյի ընթացքում հնչեցին Արմեն Մերաբովի հեղինակային երգերը՝ գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: Երգացանկում ներառված էին երգեր հայրենիքի, մայրիկի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Հանդիսատեսը լսեց նաեւ երգեր խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից: Երեկոյի հատուկ հյուրն էր երգահան, երգիչ Նոդար Ռեւիան:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին