×


«Որքան ուժեղ եմ, այնքան էլ փխրուն եմ». Անի Քոչարյանը՝ որդուն բանակ ճանապարհելու, անքնության եւ հուզիչ միջադեպի մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանի տղան՝ երիտասարդ դերասան Աբել Վարդանյանը, ծառայության է անցել հայոց բանակում: Դերասանուհու հետ խոսել ենք որդուն բանակ ճանապարհելու, ապրումների եւ Աբելի տրամադրվածության մասին:

«Որպես մայր՝ ինձ համար շատ ծանր էր, քանի որ 18 տարիների ընթացքում մի քանի անգամ ենք երկարատեւ բաժանվել, երբ Միացյալ Նահանգներ եմ մեկնել: Բայց այդ ժամանակ հանգիստ էի, որ նա տանն է, եւ վերադառնալու էի ու տեսնեի նրան»,- նշել է Անին:

Խոստովանում է՝ որքան էլ ծանր է միակ զավակին ծառայության ուղարկելը, նաեւ մեծ հպարտություն է.«Այո, հպարտ եմ եւ շատ ուրախ, որ որդիս առողջ է եւ կարող է իր պարտքը տալ հայրենիքին: Նա շարունակում է մեր տղաների գործը: Այն, ինչ տեսանք վերջին տարիներին, յուրաքանչյուր ծնողի համար էլ ծանր էր: Եվ ես երբեք չեմ մտածել, որ իմ երեխան կարող է կողքիս մնալ եւ չծառայել: Իմ աղոթքներում միշտ ասել եմ՝ «Տեր, առողջություն եւ խաղաղություն տուր բոլոր երեխաներին, այդ թվում՝ իմ»: Սրանք ուղղակի խոսքեր չեն. երբեք հենց այնպես բառեր չեմ ասում»:


Դերասանուհու խոսքով՝ Աբելը տեսակով շատ հայրենասեր է.«Պատերազմի օրերին որպես կամավոր փորձում էր թեկուզ այստեղից հնարավորինս օգնել սահմանում կանգնած մեր տղաներին: Նույնիսկ մի անգամ իմացանք, որ որոշել է գաղտնի մեկնել սահման: Ստել էր, թե 18 տարեկան է, բայց դեռ չեն կանչել ծառայության, ավտոբուս էր նստել, որ մեկներ, սակայն նկատել էին նրան: Թե ինչպե՞ս էր թաքցնելու իր 2 մետրանոց հասակը, չգիտեմ(ժպտում է,-հեղ.): Ամուսնուս հետ ամբողջ քաղաքով նրան էինք փնտրում, մինչեւ հեռախոսը միացրեց եւ զանգահարեց: Հետո, իհարկե, պատմեց, որ իրեն իջեցրել են ավտոբուսից: Ես էլ մի հարց տվեցի. «Տղաս, դու բացարձակ ծանոթ չես այդ աշխարհին, ինչպե՞ս էիր ուզում գնալ»: Նա պատասխանեց, որ ինչ-որ բանով օգտակար կլիներ իր ընկերներին: Ուրախ եմ եւ հպարտ, որ ունեմ նման զավակ, ով ուզում է լինել այնտեղ, որտեղ իր կարիքը կա»:

Անին նշել է, որ մինչ տղայի ծառայության մեկնելն ամեն գիշեր զրուցել են, քննարկել օրվա իրադարձությունները, հետո միայն քնել.«Մեր զրույցից հետո դուրս էի գալիս սենյակից, սպասում, որ քնի, հետո միայն մտնում էի սենյակ, զգուշությամբ վերցնում հեռախոսը, անջատում ինտերնետը, պաչիկ էի անում եւ նոր միայն գնում իմ ննջարան: Հիմա օրվա ավարտս շատ է փոխվել, չեմ կարողանում քնել... Որքան ուժեղ եմ, այնքան էլ փխրուն եմ»:


Մեր զրույցի վերջում դերասանուհին խաղաղ ծառայություն է մաղթել զինվորներին.«Ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները, ովքեր արդեն մեկնել եմ կամ պատրաստվում են մեկնել, անփորձանք ծառայեն, կրակոցներ չլինեն, եւ խաղաղություն լինի մեր երկրում: Չեմ կարծում՝ կա որեւէ մեկը, ով պատերազմի դաժան օրերին արցունք չի թափել, եւ թող այսուհետ ոչ մի մայր, ծնող, սիրած աղջիկ արցունք չթափի: Բոլորիս խոնարհումը զոհված մեր տղաներին, եւ տա Աստված, որ վերադարձնենք այն ամենն, ինչի համար իրենց կյանքի գնով պայքարել են շատ հայորդիներ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Քոչարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին