×


«Լուս Ա». 12-ամյա Ալեքս Գեւորգյանի առաջին ալբոմն ու կոմիտասյան մշակումները

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ 12-ամյա դաշնակահար Ալեքս Գեւորգյանի առաջին ալբոմի՝ «Լուս Ա»-ի շնորհանդեսն էր: Երաժիշտն իր առաջին նախագծում ներկայացրել է Կոմիտասի 7 երգերի մշակումները:

«Կար ժամանակ, որ անընահատ մեղեդիներ էի գրում, բայց դրանք այդպես էլ մնում էին:  Զգում էի, որ ամբողջանալու կարիք ունեն, եւ եկավ պահն ու այդ գործերը լիարժեք դարձրի Կոմկիտասի հետ»,- բեմից ասել է նա:


Երեկոն Գեւորգյանը սկսել է ներկաներին շնորհակալություն հայտնելով, քանի որ առանց նրանց համերգը չէր կայանա: Բեմում նրա հետ են եղել Արսեն Ժամագործյանը, Սերգեյ Բալաշկովը, Արմեն Շահվերդյանն ու Հեկտոր Լտակիրոտը: Առաջինը Մանե Մինասյանի հետ կատարել է «Կարոտ ա» ստեղծագործությունը:

Ապա թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ ներկայացրել են «Քելե, քելե»-ն:  «Ինչպես Արտյոմն է սիրում ասել՝ նվագում ենք, ինչ նվագում ենք»,-նշել է Ալեքսն, ու միասին հիանալի րոպեներ են պարգեւել հանդիսատեսին՝ նրանց լցնելով անկրկնելի երաժշտությամբ:


Հետո բեմում է հայտնվել «Տիեզերք» բենդը, եւ կրկին յուրահատուկ ու տարբերվող կերպով նրանք նվագել են «Երկինքն ամպել ա»-ն:

«Հիմա իմ ամենասիրելի գործն ենք կատարում՝ «Մոկաց Միրզա»-ն: Սիրում եմ, որովհետեւ միմիայն էլեկտրոնային գործիքներով ենք կատարում: Տարօրինակ, բայց հետաքրքիր ստեղծման պատմություն ունի: Գրել եմ տանը՝ քովիդի ժամանակ, ամբողջությամբ իմ էլեկտրոնային մտահղացումներն են»,- նշել է երաժիշտը:


Համերգին պետք է ներկա լիներ նաեւ Արտո Թունջբոյաջյանը, սակայն առողջական խնդկիրներն ունի ու վերջերս վիրահատվել է: Փոխարենն էկրաններին ցուցադրվել է երգի ստեղծման ընթացքն, ու Գեւորգյանը պատմել է, թե ինչպես են միասին աշխատել:

«Կատարումը կլսենք ձայնագրությամբ. մեր թիմն ամեն ինչ արել է, որ նույն հնչողությունը ստանանք: Ձայնագրությունը 8 ժամ է տեւել՝ մինչեւ առավոտյան ժամը 5-ը: Գնացինք Թունջբոյաջյանի տուն, բացատրեցի, թե ինչ է պետք, ու նա միանգամից համաձայնեց: Ընթացքում խորհուրդներ էր տալիս ու զվարճալի պատմություններ անում: Դա իմ կյանքի անմոռանալի ձայնագրությունն էր: Առողջություն մաղթենք մաեստրոյին»,- ասել է Ալեքսը:


Բացակայում էր եւս մեկ երաժիշտ, որի հետ պետք է ներկայանային՝ թառահար Միքայել Ոսկանյանը: Նորից հնչել է միասին արված ձայնագրությունը: Իսկ վերջում Գեւորգյանը մենանվագով կատարել է «Սարեն կուգան»-ը:

«Սա «Լուս Ա»-ն էր: Գրեթե 4 տարիների իմ հոգեվիճակը, այն ինձ ստիպեց անընդհատ մտածել իր մասին: Հուսամ՝ այս երեկո տարածվեց ու ձեզ էլ փոխանցվեց: Մնացեք լույսով»,- եզրափակել է նա:

Արդեն համերգից հետո երաժիշտը BRAVO.am-ին խոստովանել է, որ բավական սպառված է, որովհետեւ այդ ամենով ապրել է 4 տարի.

«Շատ կարեոր եւ հիշարժան օր էր ինձ համար: Մեծ սպսում ունեի՝ նվագելու ու նոր երաժշտությունը ներկայացնելու: Պատիվ ունեմ, որ այն նման լավ երաժիշտների հետ կատարեցի:  


Կոմիտասին, երեւի, 5 տարի ուսումնասիրել եմ, բավական շատ կարդացել նրա մասին, պահեր եղան անդրադառնալու նաեւ «Պատարագ»-ին: Միտք կա այն կատարելու երգչախմբի հետ՝ էլի իմ մշակած տարբերակով:

Դաշնամուր նվագում եմ 3 տարեկանից, ես էլ չեմ հիշում՝ ինչպես ստացվեց: Դասական երաժշտություն սկսել եմ լսել մեկուկես տարեկանից, հետո հետաքրքրվեցի ռոքով, նաեւ պրոգրեսիվ ռոքով՝ «Բլեք Սաբաթ», «Բիթլզ», բայց ինչպես եւ սկսել էի, մնացի դասական երաժշտության մեջ: Այն ինձ ավելի կոփեց, ու մինչեւ հիմա դրանով ապրում եմ: Իսկ ջազն իմ ապրելակերպն է: Նվագելիս ես ապրում եմ, լիովին այդ պահի մեջ եմ»:

Համերգին պատրաստվել ու ալբոմը ստեղծել պատանի երաժիշտին օգնել է Արմեն Շահվերդյանը, որը հայտնի է «The Beautified Project»-ից.

«Բավական բարդ էր համերգի ընթացքը, քանի որ տեխնիկապես շատ բան կար իմ ուսերին: Իհարկե, հաճույք էլ ստացել եմ, բայց ավելի քիչ, քան ալբոմը ստեղծելու ընթացքում: Հիմա զգում եմ, որ լավ բան ենք արել, հիանալի ու տաղանդավոր երաժիշտ է Ալեքսը, իրեն լավ բեմական փորձ է պետք, որ շատ նվագի: Հույս ունեմ, որ այս «Լուս Ա»-ն լուսավոր կլինի նրա համար:

Ես ալբոմի երաժշտական պրոդյուսերն եմ, իսկ երգերի գործիքավորման հեղինակն Ալեքսն է, իրեն պարզապես օգնել եմ: Այս ամենի մեղավորը մենք ենք՝ երկուսով:


Ալեքսն իմ աշակերտն է եղել, եկել էր կիթառ սովորելու, եւ բացահայտեցի, որ շատ լավ դաշնամուր է նվագում: Աստիճանաբար ավելի մտերմացանք նաեւ նրա ընտանիքի հետ: Մի օր ծնողները մոտեցան ու խնդրեցին, որ միասին աշխատենք այս ալբոմի վրա, որն 8 տարեկանից ցանկացել է կյանքի կոչել: Ստեղծագործական ընթացքը 8-9 ամիս տեւեց:

Բոլոր երաժիշտներին, որոնց հետո կատարել է, Ալեքսն է ընտրել: Հասկանում էի, որ բարդ կլինի, բայց բոլորն էլ անմիջապես համաձայնեցին: Շնորհակալ եմ Արտո Թունջբոյաջյանին, առողջություն եմ մաղթում նրան, նախ հիանալի անձանավորություն է, հետո նոր՝ լավ երաժիշտ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին